Ես 23 տարեկան եմ, բայց կյանքս ասես կանգ առավ 19 տարեկան հասակում, երբ կալանավորվեցի։ Այժմ էլ անազատության մեջ եմ և գտնվում եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Քաղցր հուշերն ու մեծ երազանքները միշտ թաքնված են մանկության մեջ։ Մանկուց ես պաշտում էի սպորտը… Վեց տարեկանից սկսած զբաղվել եմ թեկվանդո մարտարվեստով։ Տասը տարեկանից մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը, տասներեքում՝ դարձել Հայաստանի չեմպիոն։ Այնուհետև մասնակցել եմ Եվրոպայի առաջնությանը և տասնվեց տարեկանում եղել Եվրոպայի չեմպիոն: Ապագան ինձ համար խոստումնալից էր…
Ուսում ստացել եմ թիվ 17 հիմնական դպրոցում, այնուհետև՝ թիվ 119 ֆրանսիական ավագ դպրոցում։ Ուսմանը զուգահեռ օգնում էի հորս և հորեղբորս առևտրային բիզնեսում: Հմտանալով բիզնեսի մեջ՝ մինչև 2016 թվականը զբաղվել եմ նաև օնլայն առևտրով՝ հագուստի ոլորտում։
Այնուհետև եկավ հայրենիքին պարտքս տալու ժամանակը և նույն թվականին զորակոչվեցի բանակ։
Ծառայությունս Մատաղիսում էր անցնում: Ինձ լավ եմ դրսևորել, բազմիցս արժանացել եմ հրամանատարության խրախուսանքներին։ Դա ինձ համար մեծ պատիվ էր, և ոգևորությամբ շարունակում էի ծառայությունս, երբ մի օր տեղի ունեցավ չարաբաստիկ դեպքը, որը հիմնովին փոխեց կյանքս։ Ամեն անգամ սարսափով եմ հիշում այդ օրը…
Մարտական հերթապահության ժամանակ էր, երբ ամենամոտ ընկերներիցս մեկի հետ որոշեցինք միմյանց հետ կատակել։ Չար կատակ եկավ գլխիս… Զենքի հետ վարվեցողության կանոնները խախտելով՝ չիմանալով, որ զենքս լիցքավորված է, պատահաբար կրակեցի և վնասվածք հասցրեցի ընկերոջս, որը դարձավ մահվան պատճառ։ Սա ամենասարսափելին էր, որ կարող էր պատահել ինձ հետ։
Կատարվածի պատճառով հայտնվեցի շոկային հոգեվիճակում։ Ախր նա իմ մոտ ծառայակից ընկերն էր, ուներ ինձ պես երազանքներ, սպասում էր ծառայության ավարտին, որպեսզի իրագործեր իր երազանքներն ու նպատակները։ Ես մի չգիտակցված կրակոցով խլեցի նրանից այդ ամենը. ձայնը դեռ ականջներիս մեջ է…
Գիտեմ, որ տանջանքներս ու զղջումս ոչինչ չեն փոխում հիմա, բայց ի՞նչ կարող եմ անել… Սա ինձ չի արդարացնում, բայց ես բնավ ոչ մի դիտավորություն չունեի վնասելու, առավել ևս՝ կյանքից զրկելու ընկերոջս։
Խորապես վշտանում եմ, որ իմ և նրա «կատակն» այդպիսի ողբերգական ավարտ ունեցավ։
Դեպքից հետո ես կալանավորվեցի և հայտնվեցի «Շուշի» քրեակատարողական հիմնարկում։ Այնտեղ անցկացրել եմ մեկ ամսից մի քիչ ավել։ Վատ պայմաններից զատ՝ ամեն ինչ խիստ սահմանափակ և խիստ վերահսկողության տակ էր. զանգերն արգելված էին, իսկ տեսակցություն եղել է միայն մեկ անգամ աշխատակցի ներկայությամբ, ինչը, բնականաբար, շատ կաշկանդող էր։
Բանտախցում չորս հոգով էինք, և, բարեբախտաբար, միջանձնային հարաբերությունները լավ էին։ Իսկ այ պայմանները՝ շատ վատ. չկար անգամ հեռուստացույց, որի օգնությամբ ժամանակը փոքր-ինչ արագ կանցներ։ Այդ կարճ ժամանակը, որ անցկացրել եմ Շուշիի բանտում, թվացել է շատ երկար։ Մի կողմից ծանր հոգեվիճակս էր տանջում, մյուս կողմից՝ բանտն իր դաժանությամբ։
Բանտն ապահովում էր օրական երեքանգամյա սնունդ, բայց ես հիմնականում հանձնուք էի ստանում: Կար նաև բուժօգնության ծառայություն, որից չեմ օգտվել կարիքը չզգալու պատճառով: Օրվա մեջ մեկ ժամ զբոսանք էին տալիս, սակայն, լինելով շոկային հոգեվիճակում, դրանից էլ չեմ օգտվել։
Կարճ ասած՝ Շուշիի բանտը Հայաստանի բանտերի համեմատ ուներ շատ խիստ կանոնակարգ։ Ամենաշատ լարվածությունը զգացել եմ հենց այնտեղ՝ շատ հեռու իմ ծննդավայրից և ընտանիքից։
Իմ խնդրանքով և դատական նիստերին մասնակցելու նպատակով տեղափոխվել եմ Սյունիքի մարզի Գորիս քաղաք, «Գորիս» քրեակատարողական հիմնարկ: Գորիսի դատարանում էլ սկսվել է գործի քննությունը։
Դե բանտը՝ բանտ է: Գորիսի քրեակատարողական հիմնարկը շենքային պայմաններով էապես չէր տարբերվում Շուշիից, սակայն մթնոլորտը, խցակիցների և աշխատակիցների հետ շփումն ու վերաբերմունքն ավելի քան դրական էին ու մտերմիկ։ Այն տարբերվում էր մնացած բանտերից իր հարակից տարածքում հարուստ բնություն ու անտառ ունենալով։ Ինչ խոսք, միակ հաճելի բանն էր սա…
Հաջորդը, որտեղ տեղափոխվեցի, «Արմավիր» ՔԿՀ-ն էր, որն ավելի մոտ էր Երևանում բնակվող իմ ընտանիքին, և կարողանում էի հաճախ տեսակցել նրանց հետ։
«Արմավիրն» ինձ համար առանձնանում էր շենքային պայմաններով, որտեղ խցերը մեծամասամբ վերանորոգված էին։ Այնտեղ սնունդը բավականին լավն էր։ Իսկ բացասական կողմը չոր և շոգ կլիման էր։
Փորձում էի հարմարվել պայմաններին ու ինչ-որ կերպ շարունակել կյանքս։ Սպորտն ինձ կոփել էր, սովորեցրել պայքարել ու չկոտրվել։ Ուստի որոշեցի զբաղվել իմ կրթությամբ ու հենց «Արմավիր» ՔԿՀ-ից էլ ընդունվեցի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և սկսեցի սովորել հեռավար։ Համալսարանում սովորելն իմ գլխավոր նպատակներից էր, որից որոշեցի ոչ մի դեպքում ետ չկանգնել և իրագործել։
Այնուհետ հենց «Արմավիր» ՔԿՀ-ում էլ դատապարտվեցի տասնմեկ տարվա ազատազրկման ու տեղափոխվեցի «Նուբարաշեն» ՔԿՀ՝ կալանքիս մնացած մասն այնտեղ անցկացնելու նպատակով։
«Նուբարաշենը», ինչպես «Գորիսը», Հայաստանի հին բանտերից է և կառուցված է նույնանման ոճով։ Կան խցեր, որտեղ կարող է իր պատիժը կրել անգամ 10-15 դատապարտյալ։ Այժմ իմ խցում բնակվում ենք ինը ոգով։ Պատկերացրեք՝ դա էլ ունի իր յուրահատկությունը, քանի որ գիշեր թե ցերեկ խցում միշտ կա արթուն մարդ։ Իսկ դա «գաղութի» կյանքի համար անհրաժեշտ պայման է։
Օրվա ընթացքում ամեն մեկը զբաղվում է իր նախասիրություններով՝ գիրք կարդալով, հեռուստացույց դիտելով, շաշկի ու շախմատ խաղալով և այլն։ Դե այդ կերպ ժամանակ ենք գլորում, ուրիշ ի՞նչ անենք…
Ասեմ, ոո խցակիցներս աջակցում են նաև իմ՝ համալսարանում սովորելուն՝ խրախուսելով կրթություն ստանալու ձգտումս, օգնելով նաև դասապատրաստման ժամանակ։ Դե արդեն հասկացաք՝ խցակիցներիս հարցում բախտս բերել է։ Փորձում եմ չկոտրվել և կերտել վաղվա օրս՝ չնայած որ շատ դժվար է։
Ախր եթե իմ կյանքում չլիներ այդ չարաբաստիկ և տխրահռչակ դեպքը, ես որոշել էի սովորել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, իսկ զուգահեռ ստեղծել իմ սեփական բրենդը կոշիկի ու հագուստի արտադրության ոլորտում, կնքել պայմանագրեր և հիմնել խանութների ցանց։
Բայց դե հասկանում եք, բիզնես նպատակներս այս կարգավիճակում շատ դժվար է կատարել, գրեթե` անհնար։ Սակայն ինձ միայն կորցրածս երազանքները չեն, որ անհանգստացնում են։ Ամեն անգամ սրտի խորը ցավով և ափսոսանքով եմ հիշում ծառայակից ընկերոջս, նրա՝ այդպես էլ չապրած գեղեցիկ կյանքն ու չիրագործված նպատակները։
Բեռս ծանր է. ցավում եմ և՛ իմ չունեցածի, և՛ նրա կորցրածի համար։ Բայց կյանքը շարունակվում է, և հույսս չեմ կորցնում սեփական ապագայի հանդեպ։
Մտածելու և խորհելու շատ ժամանակ եմ ունեցել և ամեն ինչ կտայի՝ նրա կորցրած կյանքը և իմ ժամանակը ետ բերելու համար, բայց, ավա՜ղ, կյանքը հեքիաթ չէ…
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ
Դատապարտյալ
Սեպտեմբերի 8, 2021թ.