Մասնագիտությամբ բանասեր եմ, և ինձ համար «համբերություն» բառը եղել է սովորական բառ՝ նման մյուսներին։
Առաջին անգամ այդ բառը խորությամբ ընկալեցի, երբ երեսուներեք տարեկան հասակում եղբայրս մահացավ հիվանդությունից, և մեզ ցավակցեցին ու ասացին՝ համբերություն. այդժամ հասկացա, թե որքան ցավ, տխրություն ու վիշտ է ամփոփված այդ բառի մեջ։
Երկրորդ անգամ ինձ համբերություն մաղթեցին, երբ որդիս գնաց բանակ՝ Արցախի Հադրութի շրջանում ծառայելու։ Շա՜տ ծանր ժամանակներ անցկացրեցի։
Երրորդ անգամ ինձ համբերություն ցանկացան, երբ հանկարծամահ եղավ ամուսինս…
Կարծես այդքանը բավական չէր, և այս տարի, երբ առաջադրվել էի Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, կաշառք բաժանելու հոդվածով հայտնվեցի «Աբովյան» ՔԿՀ-ում, և ինձ բանտախուց ուղեկցող հսկիչը դուռը ծածկելուց առաջ ասաց.
-Համբերությու՛ն Ձեզ, տիկի՛ն։
Էլի՞ համբերել, բավական չէ՞ր եղածը…
Ընդամենը մեկ օրում կյանքս գլխիվայր շուռ եկավ։ Ինչ ունեի՝ իմը չէր այլևս. ո՛չ աշխատանք, ո՛չ ընտանիք, ո՛չ քաղցր թոռնիկ, ո՛չ էլ այն կազմակերպությունները, որոնց հետ աշխատում էի։
«ՀՀԿ կանանց խորհրդի» և «Համալսարանական կրթությամբ կանանց խորհրդի» նախագահն էի, իսկ այժմ ո՞վ եմ, մեղադրյա՞լ… 60 տարի շարունակ ապրել էի անբասիր կենսագրությամբ, ու մի օրում ամեն ինչ ի չիք դարձավ։
Սա մի տխուր, շա՜տ տխուր պատմություն է…Դժվար է… Այս պահին ես սպասում եմ իմ դատական փուլերին: Գիտեմ, բոլորն էլ իրենց կյանքում ունենում են փորձություններ, նաև ասում են, որ Աստված մարդուն տալիս է այնքան ծանրություն, որքան նա կարող է կրել, բայց մի՞թե ես այդքան ուժեղ եմ…
Թերևս այո, ես ուժեղ եմ առ Աստված իմ հավատով և իմ երեխաներով. տղաս ու աղջիկս ինձ ուժ են տալիս պայքարելու և այս փորձությունը հաղթահարելու համար։
Ասեմ, որ ես ազատությունը սիրող ու գնահատող մարդ եմ, պարզապես իրազեկված չէի ընտրակաշառքի հոդվածի մասին, և այն ինձ համար եղավ ճակատագրական։ Որքան էլ որ դժվար է, ես պայքարում եմ…
Ինձ օգնում են բանտախցիս պահարանին դրված Աստվածաշունչն ու Սաղմոսները, քանի որ օրս սկսում և ավարտում եմ աղոթքով։ Չէ՞ որ հավատքը մարդու հետ է ամենուր՝ թե՛ ազատության, թե՛ անազատության մեջ։ Ես այն կրում եմ իմ մեջ, և այն ինձ մեծ ուժ է տալիս։ Աղոթքների զորությունն ինձ համար անքննելի է։
Վերջերս աղոթքներս լսելի դարձան, և, ի զարմանս ինձ, հինգշաբթի օրերին սկսեց այստեղ այցելել Տեր Արսենը, ով զրուցում է կանանց հետ, հույս ու հավատ ներշնչում և օգնում պայքարել։
Ես նրան խնդրեցի մեր սենյակում տնօրհնեք կազմակերպել, և նա ժպիտով համաձայնեց՝ ասելով, որ ամուր բռնեմ Աստծո ձեռքը, և Աստված ինձ անպայման կօգնի… Տնօրհնեքից հետո հաղորդություն կազմակերպեցինք և մեղքերի թողություն խնդրեցինք։
Գիտեք, երբ ուսումնասիրում էի մեղմ պատժամիջոցների հանգամանքները, ի զարմանս ինձ, նմանություն գտա դրանց և Աստծո պատվիրանների միջև։ Օրինակ՝ մեղմ պատիժ ստանալու համար անհրաժեշտ էր ինքնախոստովանական ցուցմունք տալ ու զղջալ, և երբ ես դա արեցի, իմ մեջ դրական ազդակներ նկատվեցին:
Այստեղ կյանքն այնքան էլ հեշտ չէ, բայց Տեր Արսենը սկսեց այցելել մեզ և ճիշտ ճանապարհ ուղղորդել։ Ամեն անգամ զբոսանքի գնալիս ես ինձ հետ վերցնում եմ Սաղմոսագիրքն ու Աստվածաշունչը և հսկիչների զարմացած հայացքների ներքո կարդում. նման հավատավոր երևի թե չեն տեսել…
Այստեղ ինձնից շատ իրավունքներ են խլված, բայց խլված չէ ամենակարևորը՝ Աստծո հետ հաղորդակցվելու հնարավորությունը… Աստված երբեք չի մերժում, քեզ մենակ չի թողնում, հովանավոր է կանգնում։
Ես պայքարում եմ հավատքիս օգնությամբ և նամակս էլ ցանկանում եմ ավարտել այս խոսքերով.
-Տե՛ր Աստված, վերադարձրու՛ այն, ինչ ինձնից խլվել է…
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Կալանավորված կին
Սեպտեմբերի 14, 2021թ.