Պատիժս «Նուբարաշեն»-ում եմ կրել: Ընդտեղ աշխատանք չկար: Բալանդյորներն էին, որ ճաշ էին բաժանում: Մեկ էլ լվացքատան աշխատանքն էր: Դե մենք էլ էն մարդիկ չենք էլի, որ ճաշ բաժանենք կամ լվացքատանն աշխատենք: Ո՞նց ասեմ: Բանտի դրվածքը մի քիչ ուրիշ է:
Հետո «Սևան» եմ տեղափոխվել: Ընդեղ ռեժիմս բաց էր, բայց էլի չէի կարում աշխատեի։ Գործ չկար: Ընդեղ էլ աշխատանք ունեին թզբեխ, նարդի սարքողները: Էդ էլ շատ փոքր կոնտինգենտ էր, երևի մոտ տասը հոգի էին: Ճաշարանում էլ մոտ տասը հոգի էր աշխատում: Սաղ իրար հետ վերցրած գաղութում մոտ 30 հոգի էր աշխատում։
Առաջներում գաղութում աշխատանք կար, հիմա բացարձակ չկա: Լսել ենք, որ «Կոշ»-ն արտադրամասեր է ունեցել, որտեղ լեժանկաներ, ագնետուշիտելներ են սարքել: «Սևան»-ն էլ է արտադրամասեր ունեցել: Հիմա նման բան գոյություն չունի:
Ադմինիստրացիային շատ ենք ասել, որ օժանդակ տնտեսություն ստեղծեն, մարդկանց ներգրավեն աշխատանքի մեջ։ Մարդկանց հենց էնպես պահում են, ուղղակի փակում են, կերակրում են, հագցնում…
Ես մինչև ազատազրկվելը երկար տարիներ արտադրությունում եմ աշխատել: Շատ լավ ծանոթ եմ արտադրությանը: Ասել եմ՝ տարածքներն ունեք, շինություններն ունեք, մի բան կազմակերպեք, աշխատենք։ Եթե աշխատենք, գոնե մեր քաղհայցերի գումարները կփակենք: Ոչ ներսն աշխատանք կա, ոչ էլ՝ դուրսը:
Մոտ 3 տարի է, ինչ ազատվել եմ: Գյուղում ենք ապրում, վարձով, անժամկետ, փաստացի գրանցումով: Արդեն 3-րդ տունն ենք փոխել: Իմ քաղհայցը 12 միլիոն դրամ է: Մոտ 3 տարի առաջ էր, ԴԱՀԿ-ից եկան, հետաքրքրվեցին, բայց դե վարձով ենք ապրում:
Շատ տեղեր եմ դիմել աշխատանքի համար: Ասում են՝ 50 հազար դրամ աշխատավարձ կտանք։ Եթե որպես աշխատող ինձ գրանցեն ու 50 հազար դրամ աշխատավարձ տան, մաքուրը կկազմի 25 հազար դրամ: Մոտ 25 հազար էլ ճանապարհներին պիտի ծախսեմ: Երևան գալ-գնալու համար 2-3 տրանսպորտ եմ փոխում։ Չգրանցված չեմ կարող աշխատել, որովհետև խախտում է: Գրանցվածի դեպքում էլ պիտի համ հարկերը վճարեմ, համ էլ՝ քաղհայցը:
61 տարեկան եմ, թոշակի 63 տարեկանից են գնում։ Աշխատանքի էլ մինչև 45 տարեկանն ընդունում: Այսինքն՝ մարդ 45-ից 63 տարեկանը ինչո՞վ պիտի ապրի: Ես պիտի մի կերպ էս 2 տարին էլ լրացնեմ, որ պետությունն ինձ թոշակ տա։ 1977 թվականից աշխատում եմ։ Ստաժս բարձր է։
Մինչև 2012 թվականը, այսինքն՝ մինչև ազատազրկվելն աշխատել եմ: 2001-2010 թվականներին կենսաթոշակայինում եմ աշխատել: Դրանից առաջ ունեցել եմ իմ սեփական բաժնետիրական ընկերությունը: Դրանից առաջ էլ «Արմենիա» ասոցիացիան եմ ստեղծել: Իսկ 1990-ական թվականներին մոտ 10 տարի եղել եմ տրանզիստոր արտադրական միավորման արտադրական բաժնի պետը, որը շատ մեծ միավորում էր, մոտ 5000 աշխատող ուներ: Դրանից առաջ շրջկոմում եմ աշխատել։
Կրթությունս բարձրագույն է: Ժողինստիտուտի ֆինանսական ֆակուլտետն եմ ավարտել։ Կարմիր դիպլոմով ավարտել եմ տեխնիկումը, դրանից հետո՝ ինստիտուտը, դրանից հետո էլ մոտ 2 տարի Մոսկվայում եմ սովորել: Չորս դիպլոմ ունեմ: Էսօր թոռնիկներս ասում են՝ պապի, քեզ պետք է՞ր։ Ինչ մնացել է ինձ էս կյանքում, էդ դիպլոմներն են: Իմ հպարտությունն է եղել, որ ուսում եմ ստացել, իսկ էսօր զգում եմ՝ ավելի լավ էր՝ արհեստավոր լինեի: Ոչ ինձ եմ պիտանի, ոչ էլ թոռներիս։
Ռ.Կ.
Նախկին դատապարտյալ
Նոյեմբեր, 2020թ.
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Բաց Հասարակության Հիմնադրամներ–Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ և Հանրային քաղաքականության ինստիտուտի խորհդատվական աջակցությամբ 2020թ.-ին իրականացրել է «Ջատագովելով ազատազրկված անձանց աշխատանքի իրավունքի իրացման արդյունավետ մեխանիզմների մշակումը և կիրառումը» ծրագիրը, որի շրջանակներում հետազոտվել են ազատազրկված անձանց աշխատանքային իրավունքի հիմնախնդիրները: Շուտով կհրապարակվի հետազոտության արդյունքներն ամփոփող զեկույցը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետազոտության ընթացքում հավաքվել է բավական հարուստ նյութ՝ նախկինում դատապարտված անձանց անձնական պատմությունների մասին, դրանք ներկայացնում ենք հոդվածաշարով՝ հրապարակվելիք զեկույցից զատ:
Հոդվածաշարում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Բաց Հասարակության Հիմնադրամներ–Հայաստանի և Հանրային քաղաքականության ինստիտուտի դիրքորոշումների և տեսակետների հետ: