2021 թի՛վ, դու անտանելի տարի էիր ինձ համար… ատում եմ քեզ… Դու ինձնից տարար այն, ինչ անչափ թանկ էր, քանդեցիր սեր ու լույս ճառագող ընտանիքս, ինձնից խլեցիր իմ երեխաներին… Չէ՞ որ ես նրանց համար էի ապրում, իսկ այժմ կալանավայրում եմ, որտեղ խեղդում է կարոտը։
Բոլոր պայծառ գույներն ինձ համար դարձել են գորշ ու անհրապույր։ Չկան այլևս դեմքիս ժպիտը, աչքերիս փայլը, սրտիս ուրախությունը: Իմ ներսում և շրջակայքում մահացել է ամեն բան…
Այստեղ շփվում եմ կալանավորների հետ, զրուցում, բայց դա չի մեղմում ցավս։ Այստեղ մենք բոլորս լքված ենք, պետք չենք ոչ մեկին։ Այս անտարբերությունն ու վատ պայմանները մեզ դարձնում են սառը, անհաղորդ, չարացնում շրջապատի նկատմամբ, սպանում մեր մեջի մարդուն…
Սա է պատճառը, որ մարդիկ այստեղից ոչ թե ուղղած, այլ վրեժով լցված են դուրս գալիս ու մի օր էլի վերադառնում։
Ամեն Աստծո օր հարց եմ տալիս ինքս ինձ, թե ինչու՞ են այս երկրում դատում անմեղ մարդկանց, գուցե պետք էր մեղավո՞ր ապրել… Ինչպես կրակն է մարում ձյան մեջ, այնպես էլ մեր հավատն է օր օրի մարում մարդկության նկատմամբ։ Մարում են հույսը, երազանքները, ապրելու ու արարելու ցանկությունը։
Երանի՜ մի անգամ էլ գնայի իմ սիրած վայրերը, մատուռում մոմ վառեի, վայելեի բնությունը… Ա՜խ, իմ հեռու թվացող երազանքներ, ի՞նչ էի անելու առանց ձեզ։
Վայելե՛ք Ձեր ամեն վայրկյանը, գնահատե՛ք, միայն անազատության մեջ ես կարողանում զգալ դրանց իրական արժեքը։ Ապրեք ճիշտ, որպեսզի երբևէ չհայտնվեք այստեղ…
Այստեղ ահավոր է։
Ամեն վայրկյան երազում եմ երեխաներիս կողքին լինել, զրուցել փոքրիս հետ, վաղվա օրը պլանավորել, սանրել աղջկաս վարսերը…
Սիրտս կանգ է առնում: Ինչպե՞ս եմ ես դեռ շարունակում ապրել, չգիտեմ… Բայց ապրել չէ, սա տանջանք է: Ես ամեն վայրկյան մահանում եմ նորից ու նորից…
Ես գերի եմ, գտնվում եմ իմ հայրենիքում, իմ մարզում, իմ քաղաքում, բայց չեմ կարող տեսնել հարազատներիս, ապրել ազատ կյանքով։ Գերի եմ, գերի, բայց ինձ տուն վերադարձնող չկա։ Այնպես եմ երազում ընտանիք վերադառնալ:
Մի՞թե հրաշքներ չեն լինում։ Ամեն առավոտ արթնանում եմ այն հույսով, որ մեկը կգա ու կասի, որ ես ազատ եմ ու կարող եմ գնալ տուն, բայց մութն ընկնում է, ու սևով պատում իմ երազանքը։
Կյանքի վայրկյաններն անիմաստ մի՛ վատնեք, գնահատեք ժամանակը։ Մի՛ մտածեք վրեժի մասին, չափից շատ մի՛ վստահեք բոլորին, ատելությամբ մի՛ լցվեք, որ չկորցնեք ամենաթանկը՝ ազատությունը։
Կին դատապարտյալ
Հոկտեմբերի 8, 2021 թվական