Ծնվեցի, աշխարհ եկա իբրև ձյան մաքուր մի փաթիլ, անցա անմեղ մանկության, եռանդով լի պատանեկության, անհամար երազանքներիս միջով ու հասա այստեղ…
Նստել եմ լուսամուտի առջև, ու թվում է՝ դիմացիս ծառաստանն ափիս մեջ է՝ ծածկված ճեփ-ճերմակ ձյունով։ Իսկ արևի հազիվ ջերմացնող բարալիկ շողն ասես չի ուզում հեռանալ լուսամուտիս անկյունից. երևի զգում է, որ հոգիս ջերմության կարիք ունի։
Զարմանում եմ ինձ տիրած քնարական զգացումներից։ Ախր, երկինքը երբեք այսպիսին չի եղել, ձյունն այսքան ճերմակ չի եղել, իսկ արևն անտարբեր հեռացել է…
Հիմա ամեն ինչն է ուրիշ՝ արևը, երկինքը, լուսամուտից երևացող փշալարերը և ես… Այս կյանքն ինչքան էլ գեղեցիկ է, լի է վտանգներով, ինչից ոչ ոք ապահովագրված չէ։ Ուստի փորձության դեպքում պետք է արիաբար տոկալ և համբերել, երբեք ու երբեք չկոտրվել և իբրև անդրդվելի քարաժայռ՝ փշրել փորձությունների ալիքը։
Չկա ավելի զորեղ բարեկամ, քան համբերությունը։ Այո՛, նույնիսկ արևի շողն է համաձայն, որ ապակու վրա թրթռալով՝ նշան է տալիս… «Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն բան: Իսկ ձյան վրա արևի շողն ավելի շողշողուն է լինում…»։
Սպասի՛ր, անհանգստացա. մի՞թե թուլացել եմ ու տրվել զգայական զեղումներին։ Ինչու՞ եմ բռնել արևի շողն ու նստել, խելքս էլ տվել Աստված գիտի ինչերին… Լա՛վ, իսկ ի՞նչն է իմ անելիքը, ո՞րն է իմ ասելիքը, ու՞ր մնացին կյանքիս ճամփին գտնվող հարազատները, ընկերները, բարեկամները… Միգուցե արդեն ժամանա՞կն է կյանքի լավն ու վատը տարբերել, թշնամի ու բարեկամ առանձնացնել…
Ինչ էլ լինի՝ պետք է իմաստնաբար ապրել այս գեղեցիկ կյանքը, որ տրված է ի վերուստ, ոչ թե հայոց նանիր ծաղկի պես ծլել, ծաղկել, թոշնել ու քեզնից հետո ոչինչ չթողնել։
Ախր, մարդն իրավունք չունի այդպես ունայն ապրել ու անփութորեն հրաժեշտ տալ այս աշխարհին։ Մարդ արարածը պետք է իր հոգու ջերմության մի մասնիկը, սիրո մի պատառիկը, իր հմայքի մի շողը թողնի բնության մեջ։ Ադամորդու կյանքն այս երկրի վրա նման է պատերազմի, և հաղթող դուրս գալու համար պետք է զինվել Աստծո սպառազինությամբ։ Միայն այսպես է հնարավոր գտնել փորձությունները հաղթահարելու բանաձևը…
Իսկ ձյան ծանրությունն ի՞նչ է, որ չդիմանամ, կարևորը՝ արմատս պինդ լինի։ Գուցե վաղն էլի ձյուն գա… Փշալարերը կզուգվեն նախշազարդ փաթիլներով, որոնք կհամբուրվեն արևի ջերմ շողերի հետ ու կպսպղան։ Կջերմանան գորշ փշալարերը ջերմ համբույրից ու սեր կհորդի, անսահման սեր…
Ձյան տակ թաքնված տոկուն մի ծաղիկ…
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Կին դատապարտյալ
Հոկտեմբերի 8, 2021 թվական