«Նուբարաշեն»-ում մնացել եմ 2013 թվականից 2015 թվականը: Մայիսի վերջին «Սևան» տարան, որտեղ մոտ 2 տարի մնացի: 4,5 տարով էին ազատազրկել: Պիտի 2018 թվականի մայիսին ազատվեի, 2017 թվականի սեպտեմբերին պայմանական վաղաժամկետ ազատվեցի: Պատժիս կրմանը մնացել էր 6,5 ամիս:
Իմ վախտով «Նուբարաշեն»-ում մի խցում 15-20 հոգի մարդ էր մնում: Զբաղվելու բան չկար: Շատ-շատ կարային «նակոլկա» խփեին կամ էլ գիրք կարդային: 1 տարի 7 ամիս էդ վիճակն էր: Դեռ կալանավորված էի: Հենց դատերը վերջացան, միանգամից տարան «Սևան»: «Սևան»-ում ռեժիմս կիսաբաց էր:
Եթե մեկը ձեռքի շնորհք ունի, ընդեղ կարա զբաղմունք գտնի: Օրինակ, ես զոն նայողին մոտիկացա, ասացի՝ մի սենյակ տուր, հարցրեց՝ ինչի համար: Ասացի: Ասաց՝ հարց չկա: Արհեստանոցներն ընդեղ զոն նայողներն են տալիս, ոչ թե ադմինիստրացիան: Ինձ էլ զոն նայողը տվեց:
Դրսից բերել տվեցի գաջը, պատերը մաքրեցի, գաջեցի: Գետինը մաքրեցի, լինոլիում փռեցի: Էնքան որ մաքուր լիներ: Ու սկսեցի իմ գործը: Թզբեխի, ոսկորի կամ բիլիարդի շարի վրա վիժիգածելով վառում էի կամ փորագրում: Կորեալը թանկ է, բայց այդքան շատ հարգի չի: Հարգին են ոսկորը, կոտոշը, բիլիարդի շարը:
Իմը փոքր սենյակ էր, բայց ընդեղ ավելի մեծ ցեխեր կային: Մոտ 5 հատ կար, որտեղ փայտամշակում էին անում, թզբեխ էին սարքում: Ամեն մեկն իր միջոցներով աշխատանքային մատերիալը բերում հիմնարկ և սկսում աշխատել: Ես էլ եմ գործիքներն ու հումքը դրսից գտել իմ միջոցներով: Հիմնարկ մտցնելիս ադմինիստրացիան խոչընդոտներ չի ստեղծում: Եթե զոն նայողն ասում է, աշխատողները խնդիր չեն առաջացնում:
Լսել եմ, որ «Կոշ»-ում դատապարտյալները գործիքները ստանում են, գրաֆիկով աշխատում, օրվա վերջում հանձնում ադմինիստրացիային: Մեզ մոտ ուրիշ էր: Մեզ սենյակներ էին տվել: Ես էդ սենյակում աշխատում էի համարյա ամբողջ օրը: Նույնիսկ գիշերը կարող էի աշխատել: Իմ սենյակն էր, գործիքներն ինձ մոտ էին: Ես գրանցված եմ եղել որպես աշխատող, բայց աշխատավարձ չկար: Չվճարվող աշխատանք էր: Վարձատրվում էին ճաշարանի, հավաքարարների աշխատակազմը, էլեկտրիկը, սանտեխնիկը:
Մի անգամ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամից եկան, ասացին՝ ապրանք տանք, վաճառեն: Պայմանավորվածություն սա էր, որ ամենքս 2 հատ տանք: Եթե վաճառվի, էլի կտանք: Սկզբում շատ էին ուզում: Մենք չհամաձայնեցինք: Հույս չունեինք, որ դրանից ինչ-որ բան դուրս կգա: Անվստահություն կար հիմնադրամի նկատմամբ: Բայց ամեն մեկս մի քանի հատ թզբեխ տվեցինք, ու էդպես էլ մնաց: Ինչ-որ թղթեր էին տվել, որ ստորագրենք: Երևի պայմանագիր էր: Չեմ հիշում: Ասացին՝ վաճառիքց հետո հիմնարկի՝ մեր հաշվի կփոխանցեն գումարը: Խանութ ունեին վերնիսաժի մոտ: Ուղղակի էդ պրոցեսին հետևելու, վերահսկելու մեխանիզմ չկա: Ծախվել է, թե՝ չէ, մինչև էսօր էլ տեղյակ չենք: Համենայն դեպս մինչև իմ դուրս գալու օրը ոչ փող են տվել, ոչ էլ իմ ապրանքներն են հետ ուղարկել:
Մարդ կար, սկսել էր ապրանքը թանկ ծախել: Զոն նայողն ասել էր՝ թանկ մի արա: Կամ էժան ես անում, կամ չես անում: Բոլորն էլ ուզում են գնեն: Եթե դու թանկ ես անում, մեկը գումար ունի, կարողանում է՝ 10000 դրամ տա, թզբեխ առնի: Էն մյուսը չունի, չի կարողանում՝ գնի: Ասել էր՝ ապրանքը սարքի 5000 դրամ: Եթե տեսներ՝ իր ասածից անցնում է, հնարավոր է նույնիսկ արգելեր աշխատանքը: Կամ էլ դեպքեր էին լինում՝ գումարը վերցնում էին, ապրանքը ժամանակին չէին տալիս: Նման դեպքերում զոն նայողը կարող էր ասել՝ արհեստանոցը փակի, բանալիները տուր մեկ ուրիշին:
Մենք ներսում ավելի արագ էինք վաճառում: Գինը սկսում էր 2000 դրամից, հասնում մինչև 5000 դրամի: Դրանք ստանդարտ թզբեխներն էին: Եթե փորագրած կամ վառած էր, ավելի թանկ էր: Միգուցե թզբեխի համար 5000 դրամն էժան է, բայց կալանավորի համար ահագին գումար է: Ամսական միջինում 50000-60000 դրամ էի աշխատում:
Մեր աշխատանքները կալանավորներն էին առնում, փոխարենը կամ սիգարետ էին տալիս, կամ՝ գումար: Ասել էի՝ դրսում ինձ համար հաշվեհամար էին բացել: Գումարը դրսի հաշվեհամարիս էին փոխանցում կամ էլ ներսում էին առձեռն տալիս: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ ներսում գումար է պտտվում:
Աշխատողներն էլ էին մեզնից թզբեխ վերցնում: Վախտ էր լինում՝ ուղղակի վերցնում էին, վախտ էր լինում՝ առնում էին: Եթե առնում էին, գումարն առձեռն էին տալիս: Կամ էլ ուրիշ բանի դիմաց էինք թզբեխ նվեր տալիս, որ հեռախոսի կամ ղումարի վրա աչքները փակեին: Սենց մանր առևտուրներ էին ընդեղ տեղի ունենում:
Շատերը դրսից էին պատվեր ընդունում: Օրինակ, զանգում, ասում են՝ ապրանք է պետք: Էդ դեպքում ես էի որոշում՝ գումարը փոխանցեն հաշվեհամարիս, թե՝ տնեցիներին: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ կալանավորների մոտ հեռախոս կա: Ես հենց ընդեղից զանգում էի, մատերիալ էի գտնում, գներն էի ճշտում:
«Սևան»-ի սարքածն իր որակով տարբերվում էր: Պատճառն էն է, որ ժամանակին լավ վարպետներ, արհեստավորներ են եղել, սարքել են: Աշխատանքը որակով է եղել, դրա համար էլ գնահատվել է:
Երբ ես արդեն դուրս էի գալիս, զոն նայողին տեսա: Քանի որ ես էի տարածքը սարքել, ինքը հարցրեց, թե ում եմ թողնում արհեստանոցս: Ասացի՝ հարմար մարդ չունեմ, գործիքները բաժանել եմ, արհեստանոցն էլ թողնում եմ իր հայեցողությանը: Մեկը կար, որ փորագորություն անում էր, բայց էն գործը չէր անում, որ իրեն առանձին արհեստանոց տրամադրեն:
Առանձին արհեստանոց ունենալը միգուցե ստատուսի հարց է, բայց շնորհքի հարց էլ է: Կախված է նրանից, թե դու քեզ ինչպես ես դրսևորում: Քո պահվածքից է կախված՝ զոն նայողը քեզ արհեստանոց կվստահի, թե՝ չէ: Հնարավոր է՝ արհեստանոց վստահի, մեկ էլ տեսնի՝ ընդտեղ հարբեցողությամբ են զբաղվում: Եթե ադմինիստրացիայից գան, բռնեն, խնդիրներ կառաջանան: Էդ ժամանակ զոն նայողը կասի՝ բանալիները հետ տուր, դուրս արի տեղից, տվել եմ՝ գործ անե՞ք, թե սարքեք եսիմ ինչ:
Էս վերջերս լսեցի, որ «Սևան»-ի լավ արհեստանոցներից մեկը փակվել է, դառել է կատվի բուն, գործ անող չկա, արհեստավոր չկա: Նախ՝ կալանավորների թիվն է քչացել: Հետո էլ առաջ ավանդույթ կար, երբ կալանավորը գալիս էր, ընդեղ ինչ-որ բան էր սովորում, որ պարապ չմնա: Էսօր մտածելակերպը փոխվել է: Դրսից գալիս են, ոչ մի բան չեն իմանում, ներսում էլ չեն ուզում սովորեն, աշխատեն:
Պիտի գաղութներում աշխատանքը հարցը լուծվի: Շատ մարդ կա, որ աշխատելուն սովոր չի: Եթե մարդը չի աշխատում, դա իր մեղավորությունն է, բայց պետության մեղավորությունն էլ կա, քանի որ աշխատատեղեր չի ստեղծում: Հետո շատերը կրթություն, մասնագիտություն չունեն: Շատերն աշխատելու բնավորություն չունեն, շատերի մտածելակերպով աշխատելն ամոթ է, լավ տղու անելու բան չի: Մեզ մոտ զոն նայողներն աշխատողների նկատմամբ հարգանքով էին: Երբ ընթացքում տեսնում էին, որ իմ նկատմամբ հարգանք է ստեղծվել, գաղութի հեղանակավոր տղերքը՝ զոն նայողից սկսած, հարգալից են վերաբերվում, հասկանում էին, որ հարցը ոչ թե աշխատել-չաշխատելն է, այլ վարքն է:
Եթե պայմաններ ստեղծեն, որ աշխատող մարդն իրեն լավ զգա, քրեական ենթամշակույթը կամաց-կամաց կվերանա կամ կնվազի: Եթե տեսնեն, որ, օրինակ, կա նորմալ աշխատանք, որի դիմաց նորմալ վարձատրվում են, իսկ իրենք էլ մի քանի օր սիգարետ կամ ուտելիք չեն ունենա, կդիմեն, որ աշխատեն: Պիտի տարբերություն տեսնեն, որ աշխատողն իրա աշխատանքի շնորհիվ ավելի լավ է ապրում, քան թե չաշխատողը:
Առաջին հերթին հիմնարկը պիտի ցանկություն ունենա: Բայց պիտի մի քիչ էլ կալանավորի պես կարողանա մտածի, որ հասկանա, թե կալանավորն ինչ խնդիր ունի: Կալանավորն ադմինիստրացիային չի վստահում: Մինչև կալանավորը կալանավորին սկսում է վստահել, ահագին ժամանակ է անցնում: Մենք քաղաքական գործով էինք դատվել: Մինչև սկսեցին մեզ վստահել, ընդունելի եղանք որպես իրենցից մեկը, ահագին ժամանակ անցավ:
Ուղղակի պետությանը պետք չի, չի հետաքրքրվում: Կալանավորների մեջ նկարիչներ, ծրագրավորողներ կան: Էդ մարդկանց ռեսուրսը կարելի է օգտագործել: Օրինակ, կարելի է տեղաբաշխման ժամանակ հաշվի առնել աշխատանքի հնարավորությունները և ազատազրկված անձանց ունակությունները:
Հ. Հ.
Նախկին դատապարտյալ
Նոյեմբեր, 2020թ.
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Բաց Հասարակության Հիմնադրամներ–Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ և Հանրային քաղաքականության ինստիտուտի խորհդատվական աջակցությամբ 2020թ.-ին իրականացրել է «Ջատագովելով ազատազրկված անձանց աշխատանքի իրավունքի իրացման արդյունավետ մեխանիզմների մշակումը և կիրառումը» ծրագիրը, որի շրջանակներում հետազոտվել են ազատազրկված անձանց աշխատանքային իրավունքի հիմնախնդիրները: Շուտով կհրապարակվի հետազոտության արդյունքներն ամփոփող զեկույցը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետազոտության ընթացքում հավաքվել է բավական հարուստ նյութ՝ նախկինում դատապարտված անձանց անձնական պատմությունների մասին, դրանք ներկայացնում ենք հոդվածաշարով՝ հրապարակվելիք զեկույցից զատ:
Հոդվածաշարում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Բաց Հասարակության Հիմնադրամներ–Հայաստանի և Հանրային քաղաքականության ինստիտուտի դիրքորոշումների և տեսակետների հետ: