Ես ամեն րոպե և ամեն վայրկյան աղոթում եմ ձեզ համար, իմ բալիկներ, իմ սիրելիներ: Միգուցե ինձ չներեք և չհավատաք, սակայն մի բան լավ հիշեք, որ ես ձեզ շատ եմ սիրում: Ես շատ եմ տառապել, բայց ուժեղ եմ դարձել: Այստեղի կյանքն ինձ ուժեղ դարձրեց:
Ես սիրում եմ միայնությունը, լինում եմ նրա հետ երկար ժամանակ, նույնիսկ կարոտում եմ նրան, երբ շուրջս աղմուկ է:
Ես պատմում եմ նրան իմ հուզումները՝ օրվա կատարվածն ու ապագայի ակնկալիքները: Հաճախ նրան ինձնից խլում են, երբ ինձ կանչում է, իր հարցադրումներով իմ հոգին հանում է:
Տանում է ինձ տուն՝ անդարձ մանկություն, բարձրացնում երկինք, երբ լուռ գիշեր է: Նա սիրում է ինձ, և ես էլ նրան եմ տենչում: Ուղղակի ցավալի է շատ, երբ բարձրությունից ընկնում ես ու դառնում կարթի ձուկ, բայց զգում ես քեզ ծովում: Նայում ես ու չես կարողանում զսպել վիրավորանքի արցունքները, որոնք արտահայտում են ներսումդ տիրող միայնության փոթորիկը:
Ու երբ գիտակցում ես մարդկանցով շրջապատված մենությունդ, փնտրում ես ավելի ու ավելի կայուն մի հանգրվան, որտեղ սահմանված և գծագրված փշալարերն ավելորդ ու չնչին են դառնում:
Մեր ուժերից վեր ոչ մեկիս փորձություն չի տրվում, ցանկացած մարդ առաքելություն ունի այս կյանքում: Եվ մենք չգիտենք, թե մեր կյանքի որոշակի հատվածը իրականում որտեղ պիտի անցկացնենք:
Իմ սիրելիներ, գուցե ծիծաղելի հնչի, բայց շնորհակալ եմ այն մարդուն, ով ինձ հասցրեց այստեղ: Ինքս ինձ հետ մնալու ժամանակ ունեցա, որը ես կյանքում երբեք չեմ ունեցել: Չափազանց հետաքրքրասեր և կյանքով լեցուն եմ եղել, բայց ամենակարևոր պահը բաց էի թողել իմ կյանքում: Դա Աստվածաշունչն է եղել: Իսկ այստեղ ես շատ մոտեցա իմ Տիրոջը:
Այն ինձ համար գերագույն պարգև էր: Ես մտածում էի, որ անազատությունը տարիների կարուստ է, իհարկե, դա էլ կա, բայց մի բանում էլ շնորհակալ եմ իմ Տիրոջը, որ ինձ ավելի մոտեցրեց Իրեն: Որովհետև Նա է իմ միակ Հույսը, Հավատը և Սերը, ում կարող եմ միշտ վստահել և ապավինել:
Իսկ նամակի վերջում էլ ես՝ որպես բազմազավակ, 4-օրյա և 44-օրյա պատերազմին մասնակցած հերոս սպայի մայր, իմ Տիրոջից կխնդրեմ Հայաստան աշխարհիս խաղաղություն, բարեկեցություն, մեր զինվորներին բարի ծառայություն, մեզ բոլորիս էլ առողջություն և բարի ազատություն: Աստված թող պահապան լինի և առաջնորդի մեզ բոլորիս իր հզոր ձեռքով: Ամեն:
Կին դատապարտյալ
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Նոյեմբերի 5, 2021 թվական