Այս նամակ-հոդվածումս մի քանի իրադարձությունների, իրավիճակների նկարագրմամբ կփորձեմ ընթերցողին ներկայացնել Հայաստանում քրեակատարողական համակարգի ձեռքբերումները, խնդիրները, զարգացման ընթացքը։
Անմարդկային վերաբերմունքն ու պատիժն արգելված են
Երբ 20 տարեկանում հայտնվեցի «Նուբարաշեն» բանտում, որը այն ժամանակ մեկուսարան էր կոչվում, անտանելի գարշահոտն էր դիմավորում։ Այժմ՝ 25 տարի անց, վերջապես հիմնովին լուծեցին կոյուղիների հարցը։ «Բոքսեր» կոչվող հատվածում, որտեղ մինչև մի քանի ժամ պահում են դատարաններ գնացող ազատազրկված մարդկանց, հաճախ լսվում էին ծեծ ու ջարդի ձայներ։ Բանտի աշխատակիցները հրահանգով կամ քմահաճությամբ այս կամ այն իրական կամ ենթադրյալ կարգապահական խախտման համար մարդկանցց ոտքերով, ձեռքերով, մահակներով գազանաբար խոշտանգում էին: Երկար տարիներ արդեն նման ձայներ չեն լսվում։ ՔԿՀ-ներում ուժի կիրառումը դարձել է խիստ եզակի, բացառիկ երևույթ։
Նույն «Նուբարաշեն» բանտում Խորհրդային միությունից ժառանգած պատժախցեր կային՝ առանց պատուհանների, առանց զուգարանի, առանց ջրի, խոնավ, մութ ու նեղ։ Երբ այս խցերը տեսել էին Եվրոպական Խորհրդի ներկայացուցիչները, զարհուրել էին և համեմատել նացիստական ճամբարների հետ։ Այդ տարիներին պատժախցերում հայտնված մարդիկ զուգարան գնալու իրավունք ունեին սահմանափակ րոպեների ընթացքում, ճիշտ այնպես, ինչպես իր «Բանտիս օրագիրը» գրքում նկարագրել է Լեռ Կամսարը։ Գիտե՞ս, որ «օրենքով» պատժախցում հայտնվածներին միայն 3 օրը մեկ էին ճաշ տալիս՝ «բորշ» կոչված թթված ջուրը մի երկու կտոր կաղամբով, ամեն օր տալիս էին մեկ բաժակ եռացրած ջուր ու անորակ հաց։
Առհասարակ ազատազրկվածներին պատշաճ սննդով ապահովելու բազմաչարչար հարցը վերջնականապես լուծվեց 2019 թվականին, երբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այս հարցով սկսեց զբաղվել «Արտ Լանչ» կազմակերպությունը։
Ուսում ու աշխատանք
Հայաստանի անկախացումից ի վեր, որքանով ինձ հայտնի է, ՔԿՀ-ներում ըստ էության դատապարտյալները ո՛չ կրթություն ստանալու հնարավորություն ունեին, ո՛չ էլ աշխատանքի, բացառությամբ տնտեսական աշխատանքներ կատարելուց՝ ճաշ բաժանել, հավաքարարություն, տեխնիկական սպասարկում։
ՀՀ կառավարության կարևորագույն ծրագրերից մեկը՝ ՔԿ համակարգում անցումը պատժողականից վերականգնողական քաղաքականության, ներկայումս կյանքի է կոչվում։ Արդեն մի քանի տարի գործում է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Այն ՔԿՀ-ներում իրականացնում է հայոց լեզվի և գրականության, օտար լեզուների, դեկորատիվ կիրառական արվեստի (խեցեգործություն, գծանկար և այլն), համակարգչային հմտությունների, բիզնես գրագիտության, ընտանեկան բռնության կանխարգելման/հույզերի կառավարման, ինչպես նաև խոհարարական դասընթացներ։ Իրականացվում են տարատեսակ մշակութային, սպորտային և այլ միջոցառումներ։ Այս դասընթացները, ծրագրերը, տարատեսակ միջոցառումները առավել ակտիվ և հաջորդական իրականացվում են հատկապես «Արմավիր» ՔԿՀ-ում։ Սրան են նպաստում ինչպես տվյալ ՔԿՀ-ի շենքային-գույքային պայմանները, այնպես էլ, ինչն առավել կարևոր է, ՔԿՀ-ի վարչակազմի, մասնավորապես պետի և ՍՀԻԱ (սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների) բաժնի մոտեցումները՝ հիմնված դատապարտյալների իրավունքների գերակայության և մարդասիրության սկզբունքների վրա։ Հուսով եմ, որ բոլոր ՔԿՀ-ները կհետևեն «Արմավիրի» օրինակին։ Երկար տարիներ գտնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, պետք է նշեմ, որ այստեղ էլ առկա է դրական տեղաշարժ, սակայն այս հիմնարկն ի սկզբանե նախատեսված է եղել որպես մեկուսարան, որտեղ պահվում են կալանավորված անձինք, և առկա չեն համապատասխան պայմաններ, որպեսզի արդյունավետ իրականացվեն վերասոցիալականացման աշխատանքներ։
Այլ կերպ ասած՝ ազատազրկվածներիս և մեր ընտանքիներին ոչ թե հարկավոր է տարատեսակ եղանակներով տանջել, պատժել, այլ հանցանք կատարելու մեջ մեղադրված անձանց վերասոցիալականացնել և հոգեպես ու ֆիզիկապես առողջ վերադարձնել հասարակություն։ Այս ճանապարհով է գնում քաղաքակիրթ աշխարհը։
Դատապարտյալների վերասոցիալականացման, մասնավորապես բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն տալու հարցում տարիներ շարունակ մեծ դերակատարություն ունի գործնական հոգեբանության և սոցիոլագիայի «Ուրարտու» համալսարանը։ Ի դեմս ռեկտոր պարոն Սեդրակ Սեդրակյանի՝ համալսարանն առանց որևէ խտրականության ուսանելու հնարավորություն է տալիս ցանկություն հայտնող և ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք ունեցող բոլոր դատապարտյալներին, այդ թվում՝ ցմահ ազատազրկված։ Դասախոսները բարյացակամ են տրամադրված և բարձր իրավագիտակցություն են դրսևորում՝ լավ հասկանալով, որ ուսանած, մասնագիտություն ձեռք բերած անձը, վերադառնալով ազատություն, պիտանի է լինում հասարակության համար։ Չեմ կարող չնշել այն, որ Հայ-ռուսական «Սլավոնական» համալսարանն ինձ հնարավորություն տվեց 5 տարի ուսանելուց հետո պաշտպանել դիպլոմային աշխատանքս ու ստանալ ՀՀ և ՌԴ պետական նմուշի դիպլոմներ։ Արդեն 2-րդ տարին է՝ «Քո Պաշտպանը» փաստաբանական գրասենյակում աշխատում եմ որպես իրավագետ։
Աննախադեպ էր լրագրողական հետաքննություններ իրականացնող «Հետք» ինտերնետային թերթի ղեկավարության մոտեցումը, երբ ցմահ ազատազրկվածիս պաշտոնապես պայմանագրով աշխատանքի հնարավորություն տվեց։ Դատապարտյալների ուսման և աշխատանքի հիմնախնդիրների հետ կապված այս ողջունելի և անհրաժեշտ մոտեցուները, հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կդառնան սովորական։ Ազատազրկման տարիներին և հասարակություն վերադառնալուց հետո աշխատանքի ապահովվածությունը վերասոցիալականացման ու հանցագործությունների կանխարգելման կարևորագույն ճանապարհն է։
Ընտանիքի ու արտաքի ն աշխարհի հետ կապը
Քրեակատարողական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները և զարգացման ընթացքը գնահատելիս առանձին ուշադրության է արժանի պետության մոտեցումը ազատազրկվածներիս և մեր ընտանիքների ու առհասարակ արտաքին աշխարհի հետ կապը։ Այս հարցում 2 աննախադեպ ձեռքբերումներ են եղել։ Առաջին՝ ցմահ ազատազրկվածներին 2015 թվականից թույլատրվեց ունենալ երկարատև տեսակցություններ։ Երկրորդ՝ այս իրավունքը 2-րդ տարին է՝ ունեն նաև կալանավորված անձինք։
Ինչ վերաբերում է հեռախոսակապի հնարավորությանը, ապա մինչև 2002 թվականը նման հնարավորություն առհասարակ չկար։ Հետո տեղադրվեցին տաքսաֆոններ, որոնցից, օրինակ, ցմահ ազատազրկվածներիս թույլատրում էին օգտվել 3 ամսվա կտրվածքով ընդամենը 15 րոպե։ Տարիների ընթացքում ընտանիքի և առհասարակ արտաքին աշխարհի հետ հեռախոսազանգեր ունենալու ժամաքանակն ավելացրեցին։
Հատկապես եվրոպական պետություններում վաղուց գիտակցել են, որ անթույլատրելի է ազատազրկված մարդկանց պատժել՝ արգելելով կամ սահմանափակելով կապն իրենց ընտանիքների հետ։ Այս կերպ պատժվում են նաև դատապարտյալի ընտանիքի անդամները՝ երեխաները, ամուսինը /կինը/, ծնողները, քույրերը և եղբայրները։ Ավելին, կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ ուղղակի անհրաժեշտ է վերասոցիալականացման համար։
Բնազդների վերացո՞ւմ, թե՞ արժանապատվության գիտակցում
Անցյալի և ներկայի համեմատությունների շարքը երկար կարելի է շարունակել։ Ամփոփելով՝ պատմեմ մի դրվագ, որը տեղի է ունեցել տարիներ առաջ։ Բանտի պետի հետ երկար զրուցում էինք պատժի նշանակության ու կատարման առանձնահատկությունների, նաև այլ հարցերի շուրջ։ Ի զարմանս ինձ, այլ հարցերում բավականին առաջադեմ հայացքներ ունեցող պաշտոնյան ասաց․
– Գիտե՞ս՝ ոնց կարելի ա որոշել՝ մարդն ուղղվել ա՞, թե՞՝ չէ։ Աշխատակիցը մտնում ա խուց ու առանց պատճառի հայհոյում, մի հատ էլ ապտակում ա դատապարտյալին։ Եթե խելոք կանգնի ու չարձագանքի, դիմադրություն ցույց չտա, ուրեմն ուղղվել ա, կարելի ա հանգիստ ազատել։
Այժմ, կարծում եմ, որ պաշտոնյաների ճնշող մեծամասնությունն այլ կերպ է մտածում… Եվրոպական մի շարք երկրներում բանտերը փակվում են՝ քանակը կտրուկ նվազում է։ Այս երևույթը պայմանավորված է հիմնականում 2 գործոնով․
1․ ազատազրկման տարիներին աշխատանքի հնարավորությունը, մասնագիտության ձեռքբերումը նվազեցնում են կրկնահանցագործությունների թիվը,
2. կիրառվում են ժամանակակից մեթոդներ. հանցանք կատարած անձը, մնալով ազատության մեջ, ընտանիքի հետ, վերահսկվում է էլեկտրոնային ապարանջանի և այլ սարքերի մջոցով։
Իտալիայում ցմահ ազատազրկված անձանց 7 տարի պատիժ կրելուց հետո, լավ վարքագիծ դրսևորելու դեպքում, տրամադրում են արձակուրդ տարվա կտրվածքով 45 օր։ Այդ ընթացքում դատապարտյալն իր ընտանիքի հետ է, ազատ տեղաշարժվում է քաղաքում։ Չի գրանցվել որևէ փախուստի կամ հանցանք կատարելու դեպք, քանի որ անձը, դրսևորելով օրինապահ վարքագիծ, վերադառնում է ՔԿՀ՝ լավ գիտակցելով, որ հաջորդ անգամ նորից կտրամադրվի այդ հնարավորությունը մինչև լիարժեք ազատություն ստանալը։
«Դեպի ցմահ ազատություն»՝ սա է ճանապարհը, որով գնում ենք…
Մհեր Ենոքյան
Ցմահ դատապարտյալ
Նոյեմբերի 10, 2021 թվական