Վերջերս զանգահարելով ԲՈՒՀ (անունը չեմ ցանկանում նշել)՝ ռեկտորի հետ զրույցի ընթացքում նշեցի, որ ես ցմահ ազատազրկման դատապարտված եմ, և որ մենք 4 ցմահ ազատազրկման դատապարտվածներով վերջերս դիմել ենք մեկ այլ ԲՈՒՀ՝ կրթություն ստանալու նպատակով։ Մեր խնդրանքի մեջ նշել էինք, որ վճարունակ չենք և ցանկանում ենք, հնարավորության դեպքում, ստանալ անվճար կրթություն։ Այդ ԲՈՒՀ-ի քննական հանձնաժողովը այցելեց քրեակատարողական հիմնարկ, մենք մասնակցեցինք ընդունելության քննություններին, բայց հասկանալի պատճառներով մեր կրթությունը հնարավոր չէր կազմակերպել անվճար հիմունքներով, քանի որ առկա չէ պետպատվեր, և ԲՈՒՀ-ը ստիպված է կատարել մեզ վերաբերվող որոշակի հարկային վճարումներ և այլ ծախսեր։ Իսկ վճարովի կրթություն ստանալու պարագայում մեր առջև բացվում է ոչ այնքան մեծ, բայց որոշակի ընտրության հնարավորություն՝ դիմելու երեք հնարավոր ԲՈՒՀ-երից մեկը։
Հանդես գալով մեր չորսի անունից՝ հայտնեցի, որ ցանկանում ենք ծանոթանալ իր ղեկավարած ԲՈՒՀ-ի կողմից մեզ առաջարկվող պայմաններին, վճարի չափին, որպեսզի հասկանանք, թե արդյո՞ք այդ ամենը համապատասխան է մեր ունեցած հնարավորություններին։
Ռեկտորը (ում անունը քաղաքավարությունից ելնելով չեմ նշում) զրույցի ընթացքում ինձ ուղղեց իր առաջին հարցը, որն ինձ և՛ հիասթափեցրեց, և՛ ուժ տվեց։ Այդ հարցն էր.
-Ի՞նչ է նշանակում ցմահ: Դուք երբևիցե կազատվե՞ք… Դուք դա ո՞նց եք պատկերացնում, ինչպե՞ս եք պատկերացնում ավարտական քննությունները։
Չնայած նրան, որ մեր զրույցն ընթացավ և ավարտվեց շատ քաղաքավարի ձևով, և ես ստացա մեզ հուզող գրեթե բոլոր հարցերի պատասխանները, այնուամենայնիվ, ես հասկացա, որ նրա կողմից ինձ ուղղված առաջին հարցերը պարզապես հարցեր կամ հետաքրքրություն չէին, այլ՝ վերաբերմունք, որը եթե ոչ համատարած, ապա առկա է մեր հասարակության մեծ մասի մոտ։
Հարգելինե՛րս, մենք դեռ ողջ ենք, չենք մեռել։ Մենք, հայտնվելով կյանքի, հասարակության և պետության ամենացածր մակարդակից էլ ցածր՝ շրիշակից երկու հարկ ներքև, չենք ցանկանում մնալ այս մակարդակի վրա։ Մենք ունենք արժեքներ, ապրումներ և հույս։ Մենք, մեր արարքի ծանրությունը, մեր մեղքը հասկանալով հանդերձ, հույսներս չենք կորցրել։ Մենք չենք ցանկանում ինքնակամ մեռնել, ուստի մեր երազանքները դարձրել ենք նպատակ և ձգտում ենք դրան։
Կրթության, աշխատանքի, ստեղծագործելու՝ մեզ տրված հասու բոլոր միջոցներով ձգտում ենք ուղղվել և արժանանալ ազատվելուն։ Մենք չենք կոտրվել մեզ բաժին հասած՝ մեծամասամբ մեր իսկ մեղքով, պատժի տակ։ Ցմահ ազատազրկումը կյանք է չորս պատերի մեջ, և մեզնից է կախված՝ այդ պատերը մեզ կճզմեն, թե կգնենք ելքը։ Մենք չենք տարբերվում մեր հասարակության ոչ մի անդամից։ Ոտք ու ձեռքով, մտածող, տրամաբանող, լավ ու վատ սովորություններով, ինչ-որ բանով ձեզ բոլորիդ նման մարդիկ ենք, մենք պոզ ու պոչ չունենք։ Պարզապես մենք մեղք ենք գործել, ինչը չպիտի անեինք։ Գործել ենք ու ստացել արժանի պատիժ… Բայց մենք այսօր նույնը չենք, ինչ մեղք գործելու օրը։
Պատասխանատվության ենթարկվելով, պատժվելով, զրկանքների, կորուստների, ցավի ու փորձությունների միջով անցնելով, ժամանակին սովորական դարձած ծեծ ու ջարդը վերապրելով՝ մենք դեռ ապրում ենք… Նույնիսկ ձեր աչքից հեռու՝ մենք, միևնույն է, Ձեզ հետ միասին նույն հասարակության անդամ ենք՝ ուզեք, թե չուզեք։ «Դուք» և «մենք» աշխարհ ենք եկել նույն Աստծո կամոք և վերջում կհայտնվենք նույն հողում։ Տարբեր են մեր ապրած կյանքերը, մեր անցած ուղիները… Կարևոր է, թե ում անցած ճանապարհն է ավելի արժեքավոր, և ով ճիշտ դասեր կքաղի իր անցած ուղուց, իր ապրած կյանքից։ Կարևոր է, թե ո՛վ ճիշտ հետևություն անելով՝ ճիշտ ուղի կբռնի։
Սատանան իր բերքը քաղաքի փողոցներում և շուկաների վաճառասեղանների մոտ է հավաքում, իսկ Աստված՝ հիվանդանոցներում ու բանտերում։ Միգուցե արդարության աչքերում մեր արաքի հատուցումը մահն էր, բայց արդարությունը կենցաղային է, իսկ արդարադատությունը՝ հասարակական և պետական։ Եվ այդ հասարակական և պետական արդարությունը որոշել է, որ այն ժամանակ մեր կողմից կատարված հանցանքի արժանի պատիժը ցմահ ազատազրկումն է։ Բայց նույն այդ արդարադատությունը, որը սեփական «հայաթի» համար չէ նախատեսված, այլ՝ պետության կայացման, որոշել է, որ նույնիսկ նման արարք կատարած մարդը, նման պատժին արժանի մարդն իրավունք ունի ուղղվելու և վերափոխվելու, իրավունք ունի արժեքներ և աշխարհայացք փոխելու, նույնիսկ, եթե ցանկանաք՝ վերածնվելու իրավունք ունի։
Արդարադատությունը կոչված է սխալ արարք, մեղք գործած մարդուն հասարակությունից հեռացնելու, անջատելու, մեկուսացնելու եղանակով նրան տալ ժամանակ՝ մտածելու, «վերլուծելու», իր սխալը հասկանալու համար։ Բայց միայն հասկանալն ու գիտակցելը քիչ է։ Մեզ տրված է ժամանակ՝ ուղղվելու համար, փոխվելու համար։ Ինչպես որ մենք մեր արարքով անջատվեցինք այս հասարակությունից, նույն ճանապարհով էլ՝ ուղղման ճանապարհով, պետք է արժանանանք այս հասարակություն վերադառնալուն։
Եվ եթե Ձեզ համար «ցմահ ազատազրկում» հասկացությունը դա ամեն ինչի վերջն է, ապա «մեզ» համար դա ինչ-որ մի բանի սկիզբ, նոր հնարավորություն է։ Մեզ համար դա մեր կյանքի մի մասն է, մեր կյանքի մի փուլը։ Իսկ դա նշանակում է, որ մենք դեռ չենք մեռել։
Մենք դեռ կանք…
Միքայել Մարտիրոսյան
Ցմահ դատապարտյալ
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
Նոյեմբերի 8, 2021 թվական