«Աբովյան» քրեակատարողական հիմնարկը կառուցվել է 1958 թվականին, շահագործման հանձնվել՝ 1958-1973 թվականներին։ Ի սկզբանե հիմնարկը նախատեսված է եղել միայն անչափահասների համար։ 1991 թվականից սկսած այնտեղ պահվում են նաև կալանավորված և ազատազրկման դատապարտված կանայք։ Կալանավորված կանանց համար խցային պայմաններ են ապահովվում։ Դատապարտյալի կարգավիճակ ստանալուց հետո որոշվում են նրանց անվտանգության գոտին և պատժի կրման պայմանները։ Բարձր անվտանգության գոտու մեղմ ու խիստ և միջին անվտանգության գոտու խիստ պայմաններում պատիժ կրող կանանց համար նույնպես խցային պայմաններ են ապահովվում։ Իսկ միջին անվտանգության գոտու մեղմ և ցածր անվտանգության գոտու խիստ պայմաններում պատիժ կրող կանայք կացարանային պայմաններում են պահվում։ Խցային և կացարանային պայմանների համար առանձնացված մասնաշենքներ կան՝ մեկուսարան և կանանց տեղամաս։
«Աբովյան» ՔԿՀ
Մեկուսարանի մասնաշենք
Ո՞վքեր են այդ կանայք, ի՞նչ խնդիրներ ունեն նրանք, հիմնարկի պայմաններն ինչպե՞ս են ազդում նրանց առողջության վրա, ինչպե՞ս է կազմակեպվում նրանց բուժումը, խնամքը և հիգիենան, ո՞վ է հոգ տանում նրանց բարօրության մասին․․․ Այս հարցերի պատասխանները փնտրել ենք հենց այնտեղ՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։
«Աբովյան» ՔԿՀ
Կանանց տեղամասի մասնաշենք
Տիկին Գայանեին հանդիպեցինք կանանց տեղամասում։ Երկու տարի է, ինչ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է։ Դատապարտյալ է, բայց նաև աշխատում է։ Պատասխանատու է լոգարանի, լվացքատան և մարզասրահի մաքրության համար։ Նախկինում աշխատել է բուժհաստատությունում և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի տարածքը և լվացքի մեքենան հնարավորինս ախտահանված լինեն։ Բուժանձնակազմից և հիմնարկի աշխատակիցներից դժգոհություններ չունի։ Ասում է՝ շատ հոգատար են, ամեն ինչ անում են, որպեսզի չզգան, թե իրենք «որտեղ» են։ Օրինակ, հիգիենայի պարագաներն այն քանակով են տալիս, որ մեկ ամիս բավարարում են։ Խոսելով խնդիրների մասին՝ առանձնացրեց դեղերի սակավությունը, բուժքույրերի ծանրաբեռնվածությունը և զրույցը շարունակեց արցունքոտված աչքերով՝ պարզապես կանանց համար շատ դժվար է հիմնարկի պայմաններին հարմարվելը, ընտանիքից հեռու լինելը։ Հիմնական խնդիրները կապված են նյարդային համակարգի հետ։ Գրեթե բոլորն ունեն նևրոզ, բողոքներ սրտից, ոտքերի և մեջքի ցավից, ինչը պատահական չէ։ Կանանց տեղամասի գետինը բետոնից է, ամեն տեղ խոնավություն է նկատվում։ Սակայն ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ հիմնարկում կանայք ծայրահեղ դեպքում են դիմում բժշկի։
Եթե ազատազրկված ծնողը համաձայն է, իր մանկահասակ երեխայի խնամքը կարող են ստանձնել իր ազգականները կամ համապատասխան հաստատությունները։ Մեր այցի ժամանակ տեղեկացանք, որ ազատազրկված ծնողը կարող է երեխային մինչև վեց տարեկանը պահել նաև իր մոտ։ Թերևս դա է պատճառը, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցինք կալանավորված և պատիժ կրող մայրերի՝ իրենց երեխաների հետ։
Կանանց տեղամասի միջանցքում տեսանք Աննային՝ երեխային գրկած: Հղի էր, երբ դատապարտել են ազատազրկման։ Տղային, որ իր երկրորդ երեխան է, դատապարտյալ կինը ճաղերի ներսում է սպասել և ունեցել։ Ասում է՝ հոգեբանորեն դժվար է նորածին երեխային քրեակատարողական հիմնարկ բերելը։ Հիշում է՝ մյուս հղի կանայք իրենց ամուսինների հետ են բժշկի այցելել, ինքը՝ համազգեստով տղամարդկանց։ Մյուսներին իրենց ընտանիքի անդամներն են դիմավորել ծննդատանը, իրեն՝ ուղեկցող գումարտակի հսկիչները, որոնց հետ նստել է մեքենան և եկել հիմնարկ, որտեղ հղի կանանց և երեխամայրերի համար ոչ մի պայման ապահովված չէ։ Հերթականությամբ թվարկում է խնդիրները։ Հղի կնոջ համար դժվար է ասիական տիպի զուգարանակոնքով սանհանգույցից օգտվելը։ Կացարան-սենյակում ոչ լոգարան կա, ոչ էլ սանհանգույց։ Մինչ սրբիչի մեջ փաթաթած, ցուրտ միջանցքով կացարանից ընդհանուր լոգարան է տանում-բերում, նորածին երեխան մրսում է։ Երեխային չի կարող քնած կամ մենակ թողնել սենյակում և ինքը գնալ լոգարան՝ լողանալու կամ լվացք անելու։
Աննայի կացարան-սենյակը
Բացատրեց, որ իր հագուստը լվացքի մեքենայով են լվանում, իսկ երեխայի շորերն ու անկողնային պարագաներն ինքն է լվանում՝ ձեռքով։ Երեխաների համար առանձին լվացքի մեքենա չկա։ Հետևաբար չի կարող նորածին երեխայի շորերը 15 կնոջ հագուստի հետ խառնել, ընդհանուր լվացքի մեքենայով լվանալ։ Երեխայի հիգիենայի հետ կապված մտահոգություններ ունի։ Եվ հենց այստեղ են խնդիրներ առաջացել․
«Երեխայիս կեսարյան հատումով եմ ունեցել։ Կարերը վրաս՝ շորերը լվանում էի, դրսում փռում, որ չորանան։ Հետևանքը եղավ այն, որ տարատեսակ բորբոքումներ ու խնդիրներ ունեցա»։
Իր թույլտվությամբ այցելեցինք կացարան-սենյակը, որտեղ «ապրում է» երեխայի հետ։ Սենյակը կանանց տեղամասի երկրորդ հարկում է։ Գետինը բետոնից է՝ ծածկված լինոլիումով։ Պատերը թեև ներկված են, բայց տեղ-տեղ խոնավության հետքեր են նկատվում։ Սենյակում առաջին անհրաժեշտության իրեր են, հին մահճակալ՝ որի վրա ինքն է քնում, մանկասայլակ՝ որի մեջ երեխան է քնում, անկողնային պարագաներ՝ որոնք ընտանիքն է ուղարկել, կողապահարան, պահարան, սեղան, աթոռ, էլեկտրական սալիկ․․․ Ասաց՝ հիմնարկի պետը թույլատրել է նախքան ջեռուցումը միացնելն էլեկտրական սալիկ օգտագործել։ Ինքն աշխատում է սենյակից դուրս չգա, որպեսզի չհիվանդանա և երեխային վարակի։ Սակայն մտահոգությունը միայն երեխայի հիվանդանալը չէ։ Տղան արդեն հինգ ամսական է, սկսում է շրջապատը ճանաչել, բայց հիմնարկում ի՞նչ պիտի ցույց տա, պատերը՞․․․ Երեխայի համար զբաղմունքի ոչ մի միջոց չկա։ Երբ արդեն սկսի քայլել, ընտանիքը քայլակ կբերի, բայց ամբողջ շենքի գետինը բետոնից է․․․
Նարինեի հետ զրուցեցինք խցում։ Երեք տարի է, ինչ կալանավորված է։ Մեծ տղան յոթ տարեկան է, միջնեկ աղջիկը՝ չորս, որոնց իր մայրն է խնամում։ Հիմնարկը հնարավորություն է տալիս ամսվա մեջ երկու անգամ մինչև երեք ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն ունենալ երեխաների հետ։ Կարոտով հանդիպում է ու կարոտով բաժանվում՝ սպասելով հաջորդ հանդիպմանը։ Օրենքով սահմանված է, որ ամուսինները և ընտանիքի մյուս անդամները կարող են երկու ամսվա մեջ մեկ անգամ երկարատև տեսակցության գալ քրեակատարողական հիմնարկ։ Երկարատև տեսակցության ժամանակ Նարինեն ամուսնու հետ է հանդիպում։ Հենց քրեակատարողական հիմնարկում է ամուսնացել։ Ամուսինը նույնպես դատապարտյալ է և այլ հիմնարկում է պատիժ կրում: Անազատության մեջ ստեղծված ընտանիքը երկու ամիս առաջ է համալրվել։ Նրանց որդին հիմնարկում է լույս աշխարհ եկել։ Ասաց՝ երկարատև տեսակցության համար նախատեսված սենյակն ապահովված է անհրաժեշտ իրերով, ունի խոհանոց, լոգարան, տաք ջուր։ Սակայն իրեն մտահոգում են ոչ թե սենյակի պայմանները, այլ տեսակցության տևողությունը։ Ձեռքին օրացույցն է, որի վրա նշում է ամուսնու հետ հանդիպման օրերը։ Յուրաքանչյուր խաչաձև նշված ամսաթիվ ևս մեկ օրով մոտեցնում է հաջորդ հանդիպումը․
«Այն, որ երեք օր իրար հետ ենք, ամեն ինչ արժե։ Ուրիշ ոչ մի բանի ուշադրություն չեմ դարձնում։ Միայն թե երեք օրը քիչ է։ Գոնե հինգ օր լիներ»։
Կեսարյան հատումով է ունեցել երեխային: Չորս օր պառկել է քաղաքացիական հիվանդանոցում, այնուհետև տեղափոխվել հիմնարկ։ Հետծննդաբերական բարդություններ չեն եղել։ Հիմնարկի բուժմասի բուժքույրն օրական երկու անգամ այցելել է, կարերը մշակել։ Հղիության ինն ամիսներին խցակցի հետ «ապրել է» մեկուսարանի մասնաշենքում։ Այցի պահին Նարինեն բալիկի հետ երեխամայրերի համար նախատեսված սենյակ-խցում էր, որը վերջերս է վերանորոգվել և տեղակայված է մեկուսարանից դուրս մեկ այլ մասնաշենքում։ Ներկառուցված լոգարան, սանհանգույց, հեռուստացույց, պահարան, սեղան, աթոռներ նաև մեկուսարանի խցում կային։ Այնտեղ ևս երեխային զբոսանքի էր հանում: Նոր խցում առավելությունը մշտական տաք ջուրն է, որով ապահովված է լոգարանը։ Սակայն Նարինեն պայմաններին չի համակերպվում․
«Մենակ եմ ու այս մենակության մեջ խելագարվում եմ։ Ինձ թվում է՝ սկսում եմ ինքս ինձ հետ խոսել։ Հղիության ինն ամիսների ընթացքում խցակից ընկերուհիս է օգնել, իսկ այստեղ մենակ եմ։ Երբ մտնում եմ լոգարան կամ լվացք եմ անում, երեխայիս խնամող չկա։ Լինում է՝ չեմ հասցնում հաց ուտել։ Եթե բախտս բերում է, երեխան լողանալուց հետո քնում է, շորերը լվանում եմ։ Եթե չի քնում, այդպես կեղտոտ էլ մնում են։ Ավելի լավ է ինձ այստեղ չբերեին, պայմանները վատ լինեին, բայց մեկը լիներ, ում հետ կկարողանայի խոսել, ով կօգներ ինձ»։
Նարինեի խուց-սենյակը
Հիմնարկում շրջելուց հետո մենք էլ համոզվեցինք, որ այն ճարտարապետական կառուցվածքի և շենքային պայմանների տեսանկյունից հարմարեցված չէ ազատազրկված կանանց ներհատուկ կարիքներին։ Հատկապես մեկուսարանի մասնաշենքը ոչ բարվոք վիճակում էր։ Խոնավության պատճառով միջանցքների, խցերի և դրանց սանհանգույցների պատերի ու առաստաղների արտաքին շերտը քայքայված էր, ծեփը թափված կամ տեղ-տեղ ծածկված բորբոսով։ Մասնաշենքի բոլոր հատվածներում նկատեցինք վերանորոգում կատարելու անհրաժեշտություն։ Թեև մեկուսարանի մասնաշենքի համեմատությամբ կանանց տեղամասի մասնաշենքը բարվոք վիճակում էր, այնուամենայնիվ, վերանորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն նկատեցինք հատկապես լոգարաններում և սանհանգույցներում։ Շենքային պայմաններից բացի, կանանց առողջության վրա ոչ համաչափ են ազդում նաև կանոնավոր տաք ջրի, անձնական հիգիենայի ու խնամքի պարագաների և զբոսանքի սուղ հնարավորությունը, մաքուր օդի և շարժունակության պակասը։ Այս առումով առավել անբարենպաստ վիճակում են հղի և իրենց մոտ մանկահասակ երեխաներ ունեցող կանայք։ Նկատեցինք, որ կացարանում և խցերում բացակայում են մշտական տաք ջուրը, հարմարեցված լոգարանը և սանհանգույցը, մանկական օրորոցը կամ մահճակալը։ Տեղեկացանք, որ կանանց ամսվա մեջ տասը հատ կանացի միջադիր է տրամադրվում, մանկահասակ երեխաներին՝ օրվա մեջ չորս հատ մանկական տակդիր, ամսվա մեջ երեք հատ մանկական հիգիենիկ խոնավ անձեռոցիկ։ Սակայն հակաբեղմավորիչները և հղիության թեստերը ներառված չեն կանանց տրամադրվող անձնական հիգիենայի պարագաների մեջ։ Դրանք կամ տեսակցության եկած անձինք են բերում, կամ հիմնարկի աշխատակիցներն են իրենց անձնական միջոցների հաշվին ձեռք բերում և տալիս կանանց։
Քրեակատարողական ծառայություն
Ծովինար Թադևոսյան
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քրեակատարողական համակարգում տեղյակ են այդ խնդիրների մասին։ Թերևս դա է պատճառը, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շինարարական և վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչի արդյունքում նախատեսվում է հնարավորինս բարելավել բոլոր, այդ թվում՝ առաձնահատուկ կարիք և խնամք ունեցող կանանց պայմանները․
«Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել ենք 2022 թվականից։ Մեկուսարանի մասնաշենքում պահվող այն կանանց համար, ովքեր հղի են կամ իրենց մոտ մանկահասակ երեխա ունեն, առանձնացված խցային պայմաններ ենք ստեղծել։ Մեկ խուց արդեն իսկ վերանորոգվել է, որտեղ հիմա իր երեխայի հետ բնակվում է մեկ կալանավորված կին։ Ընթացքի մեջ են նմանատիպ երկու խցի վերանորոգման աշխատանքները։ Այդտեղ նաև երեխաների համար կանաչապատ այգու և խաղահրապարակի հնարավորություն կա։ Առանձնացված պայմանների նպատակը նաև այն է, որ հնարավորինս նվազեցվի երեխայի շփումը մյուս կալանավորված և դատապարտյալ կանանց հետ։ Հիմնարկում ներկայումս երեք մայր իրենց մոտ մանկահասակ երեխա ունեն։ Երկու հղի կին կա։ Մենք պայմանները ստեղծում ենք, սակայն առանձնացված պայմաններում բնակվելու վերջնական որոշումը կինն է կայացնում։ Նա զրկված է ազատությունից, այլ ոչ թե ընտրություն կատարելու հնարավորությունից»։
Նոր վերանորոգվող խցերը
Եթե կալանավորված, բարձր անվտանգության գոտու մեղմ ու խիստ պայմաններում և միջին անվտանգության գոտու խիստ պայմաններում պատիժ կրող հղի կանանց և երեխամայրերի ներհատուկ կարիքներին համապատասխան մեկ սենյակ-խուց վերանորոգվել է և ևս երկուսը վերանորոգվում են, ապա միջին անվտանգության գոտու մեղմ և ցածր անվտանգության գոտու խիստ պայմաններում պատիժ կրող հղի կանանց և երեխամայրերի համար առանձնացված պայմաններ նախատեսված չեն։ Նրանք պահվում են նույն պայմաններում, ինչ կանանց տեղամասի մյուս կանայք։ Մինչդեռ Նարինեն հենց այդ առանձնացված պայմաններին չի կարողանում հարմարվել։ Մեզ հետ զրույցում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգեբան Շուշան Մաթևոսյանը հետևյալ կերպ պարզաբանեց խնդիրը․
«Նարինեն ապրում է այն սենյակում, որը նոր է վերանորոգվել և նախատեսված է երեխամայրերի համար։ Խցում մշտական տաք ջուր կա, ինչը երկար տարիներ չկար։ Թվում է՝ լավ պայման ենք ստեղծել, բայց այլ խնդիրներ են առաջացել՝ մեկուսացում, խցակից-ընկերների և շփման բացակայություն։ Կինը մարդկային շփման կարիք ունի։ Բացի այդ, դժվարանում է երեխայի խնամքով մենակ զբաղվել։ Լոգարանում տաք ջուր կա, սակայն կինն ասում է՝ երեխային պահող չկա, որ լողանա»։
Նարինեն երեխային կրծքով է կերակրում։ Բայց անգամ դա չի խանգարել, որպեսզի հիմնարկի ղեկավարությանը տեղեկացնի, որ իր խնդիրը լուծելու համար պատրաստ է հացադուլ հայտարարելու մասին դիմում ներկայացնել։ Հիմնարկի ղեկավարությունը շատ արագ է արձագանքել։ Մեր այցից օրեր անց տեղեկացանք, որ Նարինեն այլևս մենակ չէ։ Կալանավորված կանացից մեկը, ով հղի է, մեկուսարանի մասնաշենքից տեղափոխվել է իր խուց։
Շուշան Մաթևոսյանը պատմեց, որ ազատազրկված կանանց հետ աշխատանքի ընթացքում տարբեր հակասական իրավիճակների է հանդիպում։ Օրինակ, որոշ երեխամայրեր անգամ քրեակատարողական հիմնարկից շատ հոգատար են վերաբերվում իրենց երեխաների դաստիարակությանը, դպրոց հաճախելիությանը։ Սակայն կան երեխամայրեր, ովքեր ծնողավարության հմտությունների պակաս ունեն, ինչի պատճառով դժվարանում են երեխաների հիգիենան և խնամքը կազմակերպելու հարցում․
«Կանայք նախածննդաբերական շրջանում վախի, տագնապի զգացողություններ ունենում են, անգամ եթե ծնվում է իրենց երկրորդ, երրորդ կամ չորրորդ երեխան։ Այդ ժամանակ ընդունելություն եմ կատարում, փորձում եմ ոգևորել, որ դրական բանի համար է այդ ամեն ինչը, նոր կյանք են տալիս։ Հետծննդաբերական շրջանում ավելի շատ ծանրաբեռնված են լինում երեխայի խնամքով։ Սակայն շատերը տեղյակ չեն հղիության փուլերի և դրա առանձնահատկությունների, անգամ երեխայի խնամքի մասին։ Կանացից մեկը հղիության ժամանակ տագնապի ու վախի զգացողություններ ուներ։ Չէր պատկերացնում, թե ինչպես պետք է խնամի երեխային, ինչն իր բացատրությունն ունի։ Իր մյուս երեխայի խնամքով ոչ թե ինքը, այլ մայրը, դայակը, ընտանիքի մյուս անդամներն են զբաղվել»։
Այն, որ ազատազրկված կանայք քրեակատարողական հիմնարկի պայմաններից չեն խուսափում և երեխա են ունենում, վկայում է նրանց՝ մայրանալու մեծ ցանկության մասին։ Միգուցե նրանք այդպիսով փորձում են ազատազրկման ընթացքում իրենց առօրյան փոխել, ազատվել տանջող մտքերից ու օրը լցնել երեխայի խնամքով, հոգածությամբ։ Սակայն կանանց հետ աշխատող հոգեբանի մտահոգություններն այս հարցում հակասական են․
«Ընտանիքում, այլ ոչ թե քրեակատարողական հիմնարկում մեծանալը բխում է երեխայի լավագույն շահից: Բայց, մյուս կողմից, որպես հոգեբան դեմ եմ, որ երեխան մորից անջատվի, քանի որ դա կրկնակի սթրես է ոչ միայն ծնողի, այլև երեխայի համար։ Թեև այն, որ կինն այստեղ է, նրա հղիությունը, հղիության ողջ ընթացքը, ծննդաբերությունը, հետծննդաբերական շրջանը, երեխային պահելն ու երեխայից բաժանվելը, հիմնարկի պայմաններն արդեն իսկ սթրեսային են։ Ու ի՞նչ ենք ունենում՝ կանայք, ովքեր անընդհատ սթրեսի մեջ են․․․»։
Մեր այցի ժամանակ տեղեկացանք, որ քրեակատարողական հիմնարկում գործում է Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժին, որն ազատազրկված կանանց հետ համապատասխան մասնագիտական աշխատանքներ է կատարում ինչպես խմբային, այնպես էլ անհատական տարբերակով։ Հղի կանանց և երեխամայրերի հետ աշխատանքը նույնպես կարևորվում է բաժնի մասնագետների կողմից։ Նրանք ծնողի հետ նախապատրաստական աշխատանքներ են կատարում՝ ուղղված երեխայի խնամքի կազմակերպմանը, դաստիարակությանը։ Սակայն մանկահասակ երեխաներին մասնագիտական աջակցություն չի տրամադրվում։ Ծովինար Թադևոսյանը համակարծիք է, որ դա խնդրահարույց է, սակայն բացատրեց, որ քրեակատարողական համակարգում համապատասխան մասնագետներ չկան․
«Մանկահասակ երեխաների տարիքային զարգացման փուլերն առանձնահատուկ են։ Մեծահասակի հետ աշխատող հոգեբանը, ով չունի համապատասխան գիտելիքներ և փորձառություն, չի կարող նրանց հետ աշխատել։ Մայրերին ենք սովորեցնում, թե երեխաների հետ ինչպես պետք է իրականացնեն այդ աշխատանքները: Փորձում ենք երեխայի ժամանցն ապահովել տարիքին համապատասխան խաղերի միջոցով»։
Այս հարցում օգնում է նաև Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը, որը պատասխանատու է ազատազրկված անձանց կրթության կազմակերպման համար։ Կենտրոնը տարիներ առաջ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ծնողական ակումբ է կազմակերպել, որի շրջանակներում մասնակից կանանց ծնողավարության հմտությունների մասին ձեռնարկներ են տրամադրվել։ Ներկայումս կենտրոնը ծնողավարության թեման ներառել է «Ընտանեկան բռնության կանխարգելում, հույզերի կառավարում» դասընթացի մեջ, որին ամեն տարի տասից ավել կին է մասնակցում։ Դասընթացը թեմաներ է ներառում նաև արդյունավետ հաղորդակցության, ինքնաճանաչման, սթրեսի և զայրույթի կառավարման, միջանձնային կոլֆիլկտների հաղթահարման մասին։ Սակայն ազատազրկված կանանց տեղեկատվություն կամ խորհրդատվություն չի տրամադրվում այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են առողջ ապրելակերպը, սեռավարակների կանխարգելումը և բուժումը, առողջ սեռական հարաբերությունները։ Բացառություն են կազմում ՄԻԱՎ-ի, դրա փոխանցման ուղիների և բուժման վերաբերյալ հասարակական կազմակերպությունների կողմից անցկացված իրազեկման դասընթացները, որոնք, սակայն, պարբերական բնույթ չեն կրում։ Թերևս ցածր իրազեկվածությունն է պատճառը, որ ՄԻԱՎ-դրական կարգավիճակ ունեցող կանանց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում։ Կանանց տեղամասում իմացանք, որ նրանք առանձին կացարանում են պահվում, չեն օգտվում ընդհանուր լվացքի մեքենայից, մյուս կանայք խուսափում են նրանց հետ շփվելուց։
Այցի ժամանակ նկատեցինք, որ հիմնարկի աշխատակիցների մեծ մասը տղամարդիկ են։ Հարց է առաջանում՝ մեծամասամբ տղամարդկանցից բաղկացած անձնակազմը կարո՞ղ է զգայուն մոտեցում ցուցաբերել ազատազրկված կանանց նկատմամբ։ Արդյո՞ք նրանց համար համապատասխան դասընթացներ են կազմակերպվում։ Որոշում կայացնող պաշտոնյաները տեղեկացվա՞ծ են այս խնդիրների մասին։ Ճիշտ է, ազատազրկված կանանց վիճակի բարելավմանը, նրանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների պաշտպանությանը հասնելը երկարատև ու համակարգային փոփոխություններ ակնկալող գործընթաց է։ Բայց մենք կարծում ենք, որ այն պետք է սկսել որոշում կայացնող պաշտոնյաների և հիմնարկի աշխատակիցների զգայունության և իրազեկվածության բարձրացումից։
Նյութը պատրաստել են Անահիտ Հարությունյանը (լրագրող) և Նարե Հովհաննիսյանը (իրավաբան)։ Այդ նպատակով 2023 թվականի հոկտեմբերի 17-ին այցելություն է կատարվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, նույն թվականի նոյեմբերի 17-ին՝ Քրեակատարողական ծառայություն, հարցազրույցներ են անցկացվել ինչպես ազատազրկված կանանց, այնպես էլ համակարգի աշխատակիցների հետ։ Ազատազրկված կանանց ձայնը և անունները փոխվել են՝ պահպանելու համար անձնական տվյալների գաղտնիությունը։
Նյութը պատրաստվել է Կանանց ռեսուրսային կենտրոնի «Կանանց իրավունքների դասընթաց» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն կրում են բացառապես հեղինակները։ SIDA-ն և ԿՌԿ-ն կարող են չկիսել դրանում արտահայտված տեսակետներն ու մեկնաբանությունները։