Ազատազրկված անձանց, այդ թվում՝ կանանց առողջության պահպանման համար պատասխանատու է Քրեակատարողական բժշկության կենտրոնը, որը բոլոր քրեակատարողական հիմնարկներում ունի ստորաբաժանումներ։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած այցի ժամանակ տեղեկացանք, որ ազատազրկված կանանց բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով հիմնարկի ստորաբաժանմանը մեկուսարանում հատկացվել է բժշկական սպասարկման մեկ, կանանց տեղամասում՝ երեք սենյակ, որոնց պայմանները մտահոգիչ են բուժանձնակազմի առողջության պահպանման և անձնական հիգիենայի ապահովման տեսանկյունից, քանի որ ոչ բարվոք վիճակում են։ Խոնավության պատճառով մեկուսարանի մասնաշենքի բժշկական սպասարկման սենյակի պատերի և առաստաղի ներկաշերտը տեղ-տեղ թափված է: Սենյակն ապահովված է մշտական հոսող սառը ջրով, սակայն չունի ներկառուցված սանհանգույց։
«Աբովյան» ՔԿՀ
Մեկուսարանի մասնաշենքի բուժմաս
Կանանց տեղամասի բժշկական սպասարկման երեք սենյակներից մեկը նախատեսված է բժշկի ընդունելության, մյուսը՝ բժշկական միջամտությունների, երրորդը՝ բուժանձնակազմի հանգստի համար։ Սենյակները համեմատաբար բարվոք վիճակում են, սակայն դրանք ապահովված չեն մշտական հոսող ջրով և սանհանգույցով։ Բուժանձնակազմն օգտվում է մասնաշենքի առաջին հարկի սանհանգույցից և լվացարանից։ Ստորաբաժանումն ունի նաև ատամնաբուժարան և գինեկոլոգիական միջամտության սենյակ, որոնք տեղակայված են մեկ այլ մասնաշենքում։ Գինեկոլոգիական միջամտության սենյակում կան էլեկտրական լուսավորություն` բժշկի համար անհրաժեշտ սարքավորմամբ, գինեկոլոգիական աթոռ, պահարան, որտեղ պահվում են հետազոտությունների համար անհրաժեշտ գործիքները: Սակայն գինեկոլոգիական առաջնային զննության անհրաժեշտ գործիքներով և պարագաներով, ինչպիսիք են հեշտոցային քսուքների հետազոտության կազմակերպման համար անհրաժեշտ առարկայական ապակիները, Ֆոլկմանի գդալը, սենյակն ապահովված չէ։
«Աբովյան» ՔԿՀ
Կանանց տեղամասի մասնաշենքի բուժմաս
Այցի ժամանակ նկատեցինք, որ բժշկական սպասարկման սենյակներից և ոչ մեկը նախատեսված չէ ազատազրկված կանանց ստացիոնար բուժման համար: Ստորաբաժանման բժիշկ-գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք պատասխանատու են կանանց ամբուլատոր բուժման և դիսպանսեր հսկողության համար։ Ստացիոնար բուժում իրականացնելու լիցենզիա չունեն։ Համակարգում ստացիոնար բուժման լիցենզիա տրված է միայն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկին, որը նախատեսված է տղամարդկանց համար։ Հետևաբար կանանց նեղ մասնագիտական խորհրդատվությունները և ստացիոնար բուժումը կազմակերպում են Աբովյանի բժշկական կենտրոնում՝ արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում՝ համապատասխան ուղեգրերով։ Սակայն ազատազրկված կանայք մեզ հետ զրույցում նշեցին, որ լինում են դեպքեր, երբ քաղաքացիական հիվանդանոցներում չի պահպանվում իրենց անձնական տվյալների գաղտնիությունը և բժշկական գաղտնիքը։ Կանայք կցագրված են Աբովյանի բժշկական կենտրոնի տեղամասային բժիշկ-թերապևտին։ Մեկ կաբինետում միաժամանակ երկու բժիշկ-թերապևտ է հերթապահում։ Լինում են դեպքեր, երբ ազատազրկված կանանց ընդունելության ժամանակ մյուս տեղամասային բժիշկը ևս պացիենտների ընդունելություն է կատարում։ Այսինքն՝ մյուս քաղաքացիների ընդունելությունը կատարվում է ազատազրկված կանանց ընդունելությանը զուգահեռ, ինչը մտահոգիչ է նաև վերջիններիս մեկուսացվածության ապահովման տեսանկյունից։
«Աբովյան» ՔԿՀ
Ատամնաբուժարան
Ինչ վերաբերում է հիմնարկում տրամադրվող առողջապահական ծառայություններին, ապա բժիշկ-գինեկոլոգը դրական է գնահատում այն, որ ազատազրկված կանայք չեն թաքցնում իրենց խնդիրները, ինչը հեշտացնում է բուժման գործընթացը կազմակերպելը։ Հավաստիացրեց, որ տարիների աշխատանքի արդյունքում կարողացել է վստահություն ձեռք բերել կանանց շրջանում։ Նրանք գիտեն, որ իրենց խնդրին լուծում կտրվի, դա կմնա մասնագիտական էթիկայի սահմաններում, և բժշկական գաղտնիքը չի բացահայտվի։ Սակայն մեր զրուցակցին մտահոգում է այն, որ շատերը հետևողական չեն իրենց առողջության նկատմամբ։ Աշխատանքային պրակտիկայից հանդիպած դեպքերից մեկի մասին պատմեց։ Ընդունելության ժամանակ կանանցից մեկին հարցրել է, թե երբ է վերջին անգամ գինեկոլոգի այցելել, կինը դժվարությամբ մտաբերել է, ապա պատասխանել՝ մոտ 20 քսան տարի առաջ, երբ փոքր տղան է ծնվել։ Նա առանձնացրեց մեկ այլ խնդիր ևս․
«Կանանց շրջանում հիվանդությունները խրոնիկ բնույթ ունեն, քանի որ առողջական խնդիրները ժամանակին չեն կանխվել լիարժեք բուժում չստանալու կամ բուժումը կիսատ թողնելու պատճառով։ Դա իր բացատրությունն ունի։ Այս խմբի կանայք սոցիալապես անապահով են։ Նրանցից շատերի համար առողջապահական ծառայություններն անհասանելի են, քանի որ վճարովի են։ Անվճարունակ լինելը խոչընդոտում է բժշկի դիմելու հարցում»։
Թերևս դա է պատճառը, որ ազատազրկված կանանցից շատերը հետազոտություն անցնելու և բուժում ստանալու հնարավորությունից օգտվում են քրեակատարողական հիմնարկում հայտնվելուց հետո։ Մասնագետի դիտարկմամբ՝ դա օգնում է կանխել շատ նոր սկսվող խնդիրներ, սակայն որոշ խնդիրներ ի հայտ են գալիս ոչ թե վաղ, այլ արդեն բուժման փուլում։ Մտաբերեց՝ ազատազրկված կանացից մեկի մոտ հիմնարկում կատարված արտաքին զննության արդյունքում կրծքագեղձի քաղցկեղ էր բացահայտվել, որն արդեն զարգացման չորրորդ փուլում էր։ Հիմնարկի միջամտությամբ կինն ուղեգրվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն, պետպատվերի շրջանակներում կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները և դեղորայքային բուժումները։ Կինն ի վերջո ազատ է արձակվել, քանի որ առողջական վիճակը պատժի հետագա կրման հետ համատեղելի չէր։
«Աբովյան» ՔԿՀ, բժիշկ-գինեկոլոգ
Անահիտ Գրիգորյան
Քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս ինչպես ազատազրկված մյուս անձանց, այնպես էլ կանանց շրջանում կատարվում է ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, Հեպատիտ C-ի ռապիդ թեստավորում: Կանանց հասանելի են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ խորհրդատվությունը, հետազոտությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև բուժումը։ Սակայն ռապիդ թեստավորումներն անցկացվում են կանանց՝ քրեակատարողական հիմնարկ առաջին մուտքի ժամանակ և ընդունվելուց տևական ժամանակ անց, ինչը մտահոգիչ է վարակիչ հիվանդությունների արդյունավետ կանխարգելման տեսանկյունից։ Գինեկոլոգի հետ զրույցի ժամանակ տեղեկացանք, որ ազատազրկված կանանց շրջանում տարվա մեջ երկու անգամ անցկացվում է ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Մեր դիտարկմամբ դա բավարար չէ կանանց առողջական հնարավոր խնդիրները բացահայտելու և բուժելու համար, քանի որ հետազոտության անցկացման և անձի՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու ժամանակահատվածը կարող է չհամընկնել։ Բացի այդ, նշված հետազոտության անցկացումը պարտադիր բնույթ չի կրում, ինչը նշանակում է, որ կանայք կարող են հրաժարվել։
Նաև տեղեկացանք, որ հիմնարկի պայմաններում կատարվում է ատամնաբուժական ռենտգեն, էլեկտրասրտագրություն և գլյուկոմետրիա։ Մեր դիտարկմամբ՝ մտահոգիչ է այն, որ ստորաբաժանումն ապահովված չէ սոնոգրաֆիկ և լաբորատոր հետազոտություններ անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումներով։ Զրույցից հասկացանք, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց անմիջապես հետո գինեկոլոգի կողմից կատարվում է արտաքին զննություն, օրինակ, կրծքագեղձի շոշափում։ Եթե զննության ժամանակ խնդիրներ են բացահայտվում, անհրաժեշտ հետազոտությունները, օրինակ, սոնոգրաֆիան, մամոգրաֆիան, համակարգչային տոմոգրաֆիան, բժշկական ցուցման հիման, վրա կատարվում են մասնագիտացված բուժհաստատություններում։ ՊԱՊ քսուկի, հեշտոցի արտադրության և սեռավարակների լաբորատոր հետազոտությունները նույնպես վերը նշված կարգով են կատարվում։ Գինեկոլոգը մատնանշեց մեկ այլ խնդիր ևս։ Շատ հետազտություններ ընդգրկված չեն պետպատվերի շրջանակներում, օրինակ, հորմոնալ հետազոտությունները վճարովի են։ Հետևաբար շատերն այդ հետազոտությունը չեն անցնում, քանի որ ի վիճակի չեն վճարել։ Հարցը ներկայացրել են Առողջապահության նախարարությանը, սակայն դեռևս արձագանք չեն ստացել։
Խնդիրներն իրապես շատ են, սակայն մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ազատազրկման վայրում գտնվող կանանց, այդ թվում՝ հղի կանանց բժշկական օգնությունը և սպասարկումը չեն տարբերվում ազատության մեջ գտնվող կանանց տրամադրվող ծառայություններից։ Աբովյանի բժշկական կենտրոնից բացի հղի կանայք կցագրված են նաև Աբովյանի ծննդատանը, որտեղ անցնում են անհրաժեշտ հետազոտություննները, ստանում են խորհրդատվություն և բուժում, իսկ ստորաբաժանման կողմից խորհրդատվություն են ստանում սննդակարգի և հիգիենայի մասին։ Իր աշխատանքային պրակտիկայից մտաբերեց օրինակներ, երբ հիմնարկում տրամադրված բուժման արդյունքում կանայք հենց քրեակատարողական հիմնարկում մայրացել են։ Հղիության ընդհատման դեպքեր նույնպես եղել են, բայց պլանային կարգով և այն դեպքում, երբ կինն առողջական խնդիրներ է ունեցել։ Մեզ հետաքրքրեց նաև, թե ազատազրկված կինը ցանկության դեպքում կարո՞ղ է փոխնակ մայր դառնալ։ Մեր զրուցակիցը նշեց, որ օրենքով նման սահմանափակում չկա, սակայն մի քանի կարևոր նախապայմաններ առանձնացրեց։ Պայմանագիրը, որը տվյալ դեպքում կնքվում է, երկու կողմ ունի՝ պատվիրատու ծնողներ և փոխնակ մայր։ Ազատազրկման վայրում կնոջ առողջության պահպանման համար պատասխանատու է Քրեակատարողական բժշկության կենտրոնը, որը, սակայն, չի կարող այդ պայմանագրի կողմ լինել։ Նաև ասաց, որ պայմանագիրը ֆինանսական որոշ հարցեր է ներառում։ Պատվիրատու կողմը հոգում է հետազոտությունների և այլ ծախսեր, և եթե հղիությունն ընդհատվում է, փոխնակ մայրը պետք է փոխհատուցի կատարված ծախսերը։ Հենց այստեղ է, որ հակասական վիճակ է առաջանում: Քրեակատարողական հիմնարկը փակ հաստատություն է, ինչով պայմանավորված՝ հղիության ընդհատման ռիսկեր կան։ Հնարավոր է՝ կինն ունի ինքնավնասում կատարելու հակումներ, դյուրագրիռ է։ Ռիսկերը կարող են կապված լինել նաև հիմնարկի պայմանների, սննդի հետ և այլն։ Եթե այդ պայմաններից դժգոհություն ունենա կինը, հավանական է, որ դա կհանգեցնի հղիության ընդհատման։ Հետևաբար կարող են վարչական խնդիրներ առաջանալ ոչ միայն քրեակատարողական հիմնարկի, այլև Քրեակատարողական բժշկության կենտրոնի համար։
Այցի ժամանակ տեղեկացանք, որ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ 2022 թվականից պետական միջոցների հաշվին քրեակատարողական բոլոր հիմնարկներում 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով 32 լեզվով բանավոր և գրավոր թարգմանչական ծառայություններ են տրամադրվում օտարերկրացի ազատազրկված անձանց։ Սակայն այդ ծառայությունը վերաբերում է միայն քրեակատարողական ծառայության կարիքներին և չի ներառում բժշկական օգնության և սպասարկման ոլորտը։ Այս առումով հիմնարկում պահվող օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կանանց մտահոգությունները տեղին են։ Նրանք լեզվական խոչընդոտների պատճառով չեն կարողանում հաղորդակցվել բուժանձնակազմի հետ, ներկայացնել իրենց խնդիրները և խորհրդատվություն ստանալ։
Իրենց մոտ մանկահասակ երեխաներ ունեցող կանայք նույնպես դժգոհություններ ունեին։ Նրանք ասացին, որ ստորաբաժանումն ապահովված չէ մանկական դեղերով, չկա մանկաբույժ։ Եթե երեխան գանգատներ է ունենում, դիմում են բուժմասին, բժիշկը հիմնարկի պետին միջնորդագիր է գրում՝ երեխային քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար։ Անգամ ջերմություն ունենալու դեպքում շտապ օգնություն է հրավիրվում։ Գինեկոլոգը տեղեկացրեց, որ ստորաբաժանումը պատասխանատու է ազատազրկված կանանց բժշկական օգնության և սպասարկման համար, իսկ նրանց հետ քրեակատարողական հիմնարկում բնակվող մանկահասակ երեխաներն ազատազրկվածի կարգավիճակ չունեն։ Հետևաբար ստորաբաժանումը չունի մանկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա, ապահովված չէ մանկական դեղերով կամ մանկաբույժով։ Մանկահասակ երեխաների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է Մայակովսկու առողջության առաջնային պահպանման կենտրոնի կողմից։ Մանկաբույժի կողմից նշանակված դեղորայքը ևս տրամադրվում է նշված կենտրոնի կողմից։
Ազատազրկված կանայք մեծամասամբ 40 տարեկանից բարձր են, ինչը համընկնում է դաշտանադադարի տարիքային խմբին։ Նրանց խորհրդատվություն է տրամադրվում, իսկ ովքեր ցանկանում են ցիկլը երկարացնել, համապատասխան դեղեր են ստանում ստորաբաժանման կողմից։
Սակայն բժիշկ-գինեկոլոգը մեզ հետ զրույցում վերահաստատեց, որ ստորաբաժանումն առերեսվում է դեղերի սակավության հետ կապված խնդիրների՝ նշելով, որ նախընտրելի է, որպեսզի ստորաբաժանումն ունենա լայն կիրառության և բավարար քանակի մատակարարում։ Կանանց շրջանում առավել տարածված են խրոնիկ, ստամոքս-աղիքային կամ մարսողական համակարգի հետ կապված հիվանդությունները։ Բուժման գործընթացում նկատվում է հենց այդ խնդիրների համար նախատեսված դեղորայքի պակաս։
Բժշկական ստորաբաժանման հաստիքները համալրված են՝ նարկոգոլ, հոգեբույժ, ատամնաբույժ, գինեկոլոգ և բուժքույրեր, սակայն մեր զրուցակցին մտահոգում է այն, որ ստորաբաժանման աշխատանքը դժվար է, իսկ աշխատավարձը՝ ցածր․
«Աշխատող գտնելու հարցում դժվարությունները շատ են։ Միայն մասնագիտական որակը բավարար չէ։ Ամեն մարդ չէ, որ կարող է ազատազրկված անձանց հետ աշխատել։ Կարևոր է մարդկային տեսակը, որպեսզի կայուն և սկզբունքային լինեն։ Խնդիր է նաև աշխատողներին պահելը։ Մի կողմից աշխատանքը ծանրաբեռնված է։ Հերթափոխի բուժքույրը միաժամանակ սպասարկում է մեկուսարանի և կանանց տեղամասի մասնաշենքերը, ինչը բժշկական ծառայությունը դժվար հասանելի է դարձնում երեկոյան կամ գիշերային ժամերին, քանի որ մասնաշենքից մասնաշենք տեղափոխվելը որոշակի ժամանակ է պահանջում: Մյուս կողմից աշխատավարձը ցածր է։ Օրինակ, բուժքույրերը 130,000 դրամ աշխատավարձ են ստանում։ Նրանք ստիպված մի քանի աշխատանք են համատեղում, հետևաբար հերթափոխի են գալիս հոգնած։ Վերջին տարիներին բուժանձնակազմի աշխատավարձերը չեն վերանայել, այնինչ հիմնարկի աշխատակիցները հավելավճար և պարգևավճար են ստանում: Բուժքույրերից երեքը պատրաստվում են աշխատանքից դուրս գալ ցածր աշխատավարձի պաճառով։ Կան բուժքույրեր, որոնք հիմնարկում են աշխատանքի անցնում, քանի որ հսկիչի աշխատավարձն ավելի բարձր է»։
Չնայած առկա խնդիրներին՝ քրեակատարողական հիմնարկում հետևողականություն է ցուցաբերվում, ազատազրկված կանանց համար հասանելի են դառնում հետազոտությունները և բուժումը։ Ազատվելուց առաջ ստորաբաժանման բժիշկներն իրազեկման և բացատրական աշխատանքներ են կատարում, որպեսզի կանայք ավելի հետևողական լինեն իրենց առողջության նկատմամբ։ Սակայն Քրեակատարողական բժշկության կենտրոնը կանանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար պատասխանատու է, քանի դեռ նրանք քրեակատարողական հիմնարկում են։ Հետևաբար ազատվելուց հետո բուժման շարունակականության ապահովման և առողջապահական ծառայությունների հասանելիության հետ կապված խնդիրներ են առաջանում, քանի որ սոցիալական բեռի ու ընտանեկան հոգսերի արանքում առողջությունը մղվում է երկրորդ պլան՝ խոցելի դարձնելով կանանց առողջությունը։
Այն դեպքում, երբ կանայք պատժից պայմանական վաղաժամկետ ազատվում են կամ կալանավորումը փոխարինվում է տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ, նրանց վերահսկողությունը և խափանման միջոցի կիրառումը Պրոբացիայի ծառայությունն է ապահովում։ Կանայք Պրոբացիայի ծառայությունում են հայտնվում նաև այն դեպքում, երբ նրանց նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվում, ազատությունից չզրկելու հետ կապված պատիժ է նշանակվում, պատիժը պայմանականորեն չի կիրառվում կամ պատժի կրումը հետաձգվում է։ Պրոբացիայի կին շահառուներն ազատության մեջ են, չունեն այն սահմանափակումները, ինչ քրեակատարողական հիմնարկում գտնվող կանայք։ Սակայն նրանք բախվում են գրեթե նույն խնդիրներին։ Հասարակության կողմից պիտակավորումը և գործազրկությունը հանգեցնում են նրանց սոցիալական վիճակի վատթարացմանը, սոցիալական անապահով վիճակը՝ պատժի կրման անհնարինությանը և առողջապահական ծառայությունների անմատչելիությանը․ եթե կինը վատառողջ է, չի կարող աշխատել, եթե չի աշխատում, ապա չի կարող վճարել առողջապահական ծառայությունների համար և տուգանքը։ Իսկ տուգանքը չվճարելու դեպքում Պրոբացիայի ծառայությունը կարող է պատժի խստացման միջնոդրություն ներկայացնել։ Այսինքն՝ խնդիրները փոխկապակցված են։
Տիկին Սուսաննան մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարողանում աշխատանք գտնել, որպեսզի տուգանքը վճարի։ Առօրյա ծախսերն ընկերների, հարազատների օգնությամբ է հոգում, այն էլ հազիվ հասցնում են օրվա հացով ապահովել։ Անվճարունակ լինելու պատճառով չի կարողանում անհրաժեշտ հետազոտություններն անցնել․
«Թթվածինը չի հերիքում։ Թոքս վիրահատված է։ Նորից վիրահատելու կարիք կա, բայց ֆինանսապես ի վիճակի չեմ։ Պոլիկլինիկայում հարցրել եմ՝ վճարովի է։ Իսկ ես չեմ կարող վճարել։ Զոբ ունեմ, դրանից ծկներս ցավում են, գլխապտույտներ, սրտի, արյան հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այդ տուգանքից տասը դրամ անգամ չեմ վճարել։ Հինգ տարվա ընթացքում պետք է վճարեի։ Երեք տարին անցել է, ոչինչ չեմ վճարել»։
Պրոբացիայի ծառայություն
Արմինե Ադամյան
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետի տեղակալ Արմինե Ադամյանը տեղեկացրեց, որ հաշվի առնելով կանանց խոցելիությունը՝ Պրոբացիայի ծառայությունում կանանց նկատմամբ այլ մոտեցում է ցուցաբերվում։ Օրինակ, վերահսկողության փուլում կարող է սահմանվել, որ շահառուն պետք է ամսվա մեջ երկու անգամ ներկայանա Պրոբացիայի ծառայություն։ Եթե ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքում պարզում են, որ հանցագործություն կատարելու ռիսկը ցածր է, կանանց հնարավորություն են տալիս ոչ թե ամսվա մեջ երկու, այլ երկու ամսվա մեջ մեկ անգամ ներկայանալ Պրոբացիայի ծառայություն։ Նկատի են առնում կանանց կենցաղային պայմանները՝ երեխաների խնամքով են զբաղվում կամ հղիության փուլում են։ Եթե կինն առողջական խնդիրներ ունի կամ նորածին երեխայի խնամքի փուլում է և չի կարող ներկայանալ Պրոբացիայի ծառայություն, պրոբացիայի ծառայողն է տնայց կատարում։ Եթե կինը հղի է, վերասոցիալականացման ծրագրերին քիչ մասնակցելը հարգելի է դիտարկվում։ Կանանց երեխա ունենալու կամ հղիության ժամանակ մտահոգում է այն, որ հիվանդանոցում չիմանան իրենց դատված լինելու մասին։ Հնարավոր է Պրոբացիայի ծառայություն ներկայանալու օրը համընկնի, օրինակ, ծննդաբերության հետ։ Այդ դեպքում, եթե կինը բուժհաստատության կողմից համապատասխան տեղեկանք է ներկայացնում, ապա Պրոբացիայի ծառայություն չներկայանալը հարգելի է դիտվում։ Որպեսզի պրոբացիայի շահառու լինելը չբացահայտվի, առաջարկում են տեղեկանքի մեջ նշել «Տրվում է ներկայացնելու ըստ պահանջի», այլ ոչ թե՝ «Տրվում է ներկայացնելու Պրոբացիայի ծառայությանը»։ Եթե ազատազրկման ձևով պատիժ է նշանակվում, բայց պատժի կրումը հետաձգվում է մինչև երեխայի վեց տարեկան դառնալը, այդ դեպքում վերահսկողությունը Պրոբացիայի ծառայությունն է կատարում։ Վերահսկողության շրջանակներում կարող են տնայց կատարել և ճշտել՝ երեխայի խնամքով զբաղվում է, թե ոչ։ Պրոբացիայի ծառայությունը համագործակցում է նաև համայնքային ծառայությունների, Հոգաբարձության և խնամակալության կենտրոնների հետ։ Եթե վերահսկողության ժամանակ նկատում են, որ երեխան բարձիթողի վիճակում է կամ տվյալ անձը համայնքից բացակայում է և երեխան մնացել է ընտանիքի այլ անդամի հսկողության տակ, կարող են համապատասխան քայլեր ձեռնարկել։
Արմինե Ադամյանը պարզաբանեց, որ շահառուների առողջությնն առնչվող հարցերին Պրոբացիայի ծառայությունն օրենքով սահմանված կարգով միջամտում է միայն այն դեպքում, երբ դատավճռով տեղեկություն է ստանում այն մասին, որ անձը, օրինակ, կախվածություն ունի թմրամիջոցներից կամ ալկոհոլից։ Տվյալ դեպքում գրություն է ուղարկվում Կախվածությունների ազգային կենտրոն, որտեղ անձը հաշվառվում է բուժման նպատակով։ Եթե շահառուն խուսափում է բուժումից, կենտրոնն այդ մասին գրությամբ տեղեկացնում է ծառայությանը։ Եթե պարզվի, որ շահառուն խուսափում է իր վրա դրված պարտականությունը կատարելուց, Պրոբացիայի ծառայությունը կարող է պատժի խստացման միջնորդություն ներկայացնել դատարան։ Մնացած բոլոր դեպքերում Պրոբացիայի ծառայությանը որևէ տեղեկություն չի փոխանցվում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դա բժշկական կամ անձնական գաղտնիք է․
«Առողջական խնդիրներ ունեցող շահառուն կարող է դիմել մեզ, բայց առավելագույնը, որ կարող ենք անել, միասին դիմում պատրաստելն է, ուղղորդելն այն հիվանդանոցներ, որոնք պետպատվերի շրջանակներում աջակցություն են տրամադրում։ Եթե կարողանում ենք, անձնական հնարավորության սահմանում աջակցում ենք, օրինակ, ուղղորդում ենք որևէ հասարակական կազմակերպություն, որը դեղորայք է տրամադրում»։
Պրոբացիայի ծառայություն
«Առողջ ապրեալկերպ» թեմայով դասընթաց
Պրոբացիայի ծառայության կողմից հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում ոչ միայն շահառուներին, այլև նրանց ընտանիքի անդամներին։ Ուշադրության կենտրոնում են հատկապես ընտանեկան բռնության դեպքերը։ Սակայն մեր զրուցակիցն ասաց, որ ծառայության մարզային մարմիններում հոգեբանների մասնագիտական ներուժի պակաս կա։ Երևանին մոտ մարզերի շահառուներն այցելում են Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի գրասենյակ։ Մարզերում շահառուները չեն ցանկանում, որպեսզի համայնքում իմանան իրենց կարգավիճակի մասին։ Բայց անհրաժեշտության դեպքում հոգեբանական աջակցությունը ցուցաբերվում է հասարակական կազմակերպությունների մասնագետների կողմից, որոնց հետ Պրոբացիայի ծառայությունը սերտորեն համագործակցում է
Շահառուների գիտելիքներն ու հմտությունները փորձում են նաև դասընթացների միջոցով լրացնել, որոնք, սակայն, պարբերական բնույթ չեն կրում։ Օրինակ, տարիներ առաջ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնը, որը պատասխանատու է պրոբացիայի շահառուների կրթության կազմակերպման համար, «Առողջ ապրելակերպ» թեմայով եռամսյա դասընթաց է կազմակերպել, որին մասնակցել է հինգ կին շահառու։ Վերջերս նույնպես այդ թեմայով դասընթաց է կազմակերպվել։ Պրոբացիայի ծառայության կողմից հրավիրված հատուկ մասնագետը յոթ կին շահառուի հետ քննարկել է առողջ սննդակարգի, քնի, հիգիենայի, ճիշտ մարզումների հետ կապված հարցեր։
Հիմնախնդիրները, ինչպես և տեսնում ենք, բազմաշերտ են և խորքային ու համակարգային լուծումներ են պահանջում։ Ճիշտ է, ազատազրկված կանանց վիճակի բարելավումը ներկայումս կարևորվում է Արդարադատության նախարարության կողմից։ Նախատեսվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը և կանանց առօրյա կյանքը կարգավորող ներքին կանոնները համապատասխանեցնել կանանց ազատազրկման նկատմամբ գենդերազգայուն մոտեցումների պահանջներին։ Սակայն մեր դիտարկումները փաստում են, որ գենդերազգայուն մոտեցումների մշակումը և կիրառումը չի ներառում ազատազրկված կանանց բժշկական օգնության և սպասարկման ոլորտը։ Իսկ Պրոբացիայի կին շահառուների խնդիրներն ընդհանրապես չեն դիտարկվել ոլորտային այնպիսի կարևոր փաստաթղթում, ինչպիսին է Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների ռազմավարութունը։ Հետևաբար դարձյալ այն եզրակացությանն ենք հանգում, որ քրեական արդարադատության համակարգում հայտնված կանանց վիճակի բարելավումը պետք է սկսել որոշում կայացնող պաշտոնյաների և քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի աշխատակիցների զգայունության և իրազեկվածության բարձրացումից։
Նյութը պատրաստել են Անահիտ Հարությունյանը (լրագրող) և Նարե Հովհաննիսյանը (իրավաբան)։ Այդ նպատակով 2023 թվականի հոկտեմբերի 17-ին այցելություն է կատարվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, նույն թվականի նոյեմբերի 17-ին՝ Պրոբացիայի ծառայություն, հարցազրույցներ են անցկացվել համապատասխան աշխատակիցների հետ։
Նյութը պատրաստվել է Կանանց ռեսուրսային կենտրոնի «Կանանց իրավունքների դասընթաց» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն կրում են բացառապես հեղինակները։ SIDA-ն և ԿՌԿ-ն կարող են չկիսել դրանում արտահայտված տեսակետներն ու մեկնաբանությունները։