Ես 31 տարեկան կին եմ, ում կյանքը ենթարկվեց բազում փորձությունների։ Չգիտեմ՝ չհասկանալո՞վ ես գնացի դեպի անդունդ, թե՞ բախտն ինձ հետ չար կատակ արեց։
Մանկությունս ես ապրել եմ պայծառ, անհոգ՝ չհասկանալով, թե որտեղից եմ գալիս և որտեղ եմ գնում։ Տան փոքրն եմ եղել՝ սիրված, երջանիկ․․․ Բայց շա՜տ վաղ ավարտվեց իմ այդ գունեղ կյանքը։ Ես կորցրեցի իմ կյանքի լույսը՝ իմ մայրիկին․․․ Թվում էր, թե կանգ առավ կյանքս մայրիկիս շնչի հետ։ Եվ որքան էլ որ շրջապատված լինեի հոգատար մարդկանցով, միևնույն է, ոչինչ չկար ինձ ուրախացնող։
Տարիներ անց վերաիմաստավորվեց իմ կյանքը։ Ես հանդիպեցի իմ սիրուն, ով կյանքիս նոր շունչ տվեց։ Մենք ամուսնացանք և ունեցանք 3 հրաշք բալիկներ։ Ամեն ծնված երեխայի հետ մենք մի նոր կյանք էինք ապրում։ Մենք ապրում էինք մեր աշխարհում՝ վստահ լինելով, որ մեզ ոչինչ չի բաժանի։ Բայց արի ու տես, որ այստեղ էլ բախտն ինձ հետ չար կատակ արեց․․․
Մի գեղեցիկ օր ամուսինս ինձ թմրանյութ հյուրասիրեց, որի մասին ո՛չ լսել էի, ո՛չ էլ տեսել, բայց որի պատճառով ես կորցրեցի ամեն ինչ, կորցրեցի ինքս ինձ։ Բռնություն գործադրելո՛վ պնդեց, որ ես այն օգտագործեմ։ Առաջին անգամ ինձ թվաց, թե ես հայտնվել եմ մի նոր աշխարհում, որտեղ ո՛չ ցավ չկա, ո՛չ վիշտ։ Երկրորդ անգամ ապրեցի նույն զգացողությունները։ Մի քանի անգամ օգտագործելուց հետո հասկացա, որ ձեռք եմ բերել կախվածություն, որից ետ կանգնելն անհնար է։
Անհարմար էի զգում ու միևնույն ժամանակ վախենում էի հարազատներիս պատմել այդ մասին։ Գնալով կյանքս դժոխք էր դառնում, ու ես դա գիտակցում էի։ Ամեն ինչ ինձ համար վերջացավ։ Ցավից բացի ոչինչ չէի զգում։ Խնդրեցի ամուսնուս ծնողներին, որ օգնեն ինձ։ Զգում էի, որ գլորվում եմ։ Խնդրեցի, որ ինձ հեռու տանեն այդ ամեն ինչից։ Բայց նրանք լուրջ չվերաբերվեցին։ Եվ ես մնացի միայնակ իմ ցավերի մեջ։
Հետո ամուսնուս թեթև ձեռքով հայտնվեցի քրեակատարողական հիմնարկում․․․
Ամուսնուս համար կյանքս կտայի, բայց նա օգնելու փոխարեն ինձ ուղարկեց մի այլ դժոխք։ Ես անձնվիրաբար եմ իրենով ապրել։ Ինքն ինձ համար ամեն ինչ էր։ Ինձ ասում էին՝ կկործանի քեզ, բայց չէի հավատում։ Հիվանդագին էի սիրում։ Ինձ համար կախվածության նման չարիք էր, որից նոր-նոր եմ ազատվում՝ այդ հիվանդագին սիրուց։ Հիմա ցավոտ է, երբ մտածում եմ, որ այդ մարդու համար ես ոչ մի բան էի։ Ինքն իմ ողջ կյանքը քանդեց։
Թե ինչ ապրեցի ու թե ինչ եմ զգում քրեակատարողական հիմնարկում, բառերով հնարավոր չէ նկարագրել։ Ապրեցի կյանքիս մեծ ցավը՝ բաժանումը երեխաներիս հետ, որին դիմանալն անհնարին է։
Մոտ 1 տարի է, ինչ այստեղ եմ։ Հոդվածի համար նախատեսված պատիժն 8 տարուց է սկսվում։ Երբ այդ տարիները պատկերացնում եմ, խելագարվում եմ։ Քանի՜ անգամ եմ ուզել կյանքիս վերջ տալ, քանի՜ անգամ․..
Երբ եկել էի այստեղ, այնքա՜ն վախեցած էի։ Անսովոր էին բանտը, այստեղի բառապաշարը՝ կամվոյ, վալչոկ․․․ Մարդկանց հայացքներից այնքա՜ն վախեցած էի։ Չէի կարողանում նայել նրանց աչքերին։ Իմ աշխարհն ուրիշ էր։ Ես չէի կարող հայտնվել այս մարդկանց մեջ։
Այստեղ մոռանում ես, որ դրսում կյանք կա։ Անգամ խանութ գնալն ես մոռանում։ Պարտադիր չէ՝ քեզ ծեծեն, նվաստացնեն։ Այստեղի պայմանները հոգեպես վերապրելը հավասարազոր է դժոխքի միջով անցնելուն։ Անգամ պատերի միատոն գույները տպավորություն են ստեղծում, թե հոգեբուժարանում ես։ Ազդում են հոգեկանիդ վրա։
Ես ճաղավանդակներին չեմ նայում։ Դուրս չեմ գալիս զբոսանքի։ Զբոսաբակի վերևում ցանց է։ Այդ ցանցերը, ճաղավանդակներն ազդում են հոգեկանիդ վրա։ Չես կարող բաց երկինքը տեսնել։ Նայում ես վերև, խելագարվում ես։
Երբ գնում եմ դատի, ուղեկցողներին ասում եմ՝ մի վայրկյան կանգնեք, նայեմ երկնքին․․․
Ես չեմ սիրել սպասել։ Շատ անհամբեր մարդ եմ եղել փոքր ժամանակվանից։ Իսկ հիմա պիտի սպասես, անվե՜րջ սպասես․․․ Այդ լույսի շողը չկա, որ բռնես ու առաջ գնաս։ Առավոտը բացվեց, այդ օրն էլ ապրեցիր։ Հետո մի կերպ ձգո՜ւմ ես, ձգո՜ւմ, ձգո՜ւմ․․․ ու չգիտես՝ ինչքա՜ն կդիմանաս։ Անվե՜րջ սպասում է կալանքը։
Միգուցե մարդիկ կան, որ հարմարվել են և հարմարված ապրում են այստեղ, բայց ես այդպես չեմ կարող։ Փորձում եմ կտրվել, չտրամադրվել, որ բանտում եմ։ Ինձ համար զբաղմունք եմ ստեղծել։ Ուլունքներով զարդեր եմ հավաքում, նկարում եմ, կարդում եմ։ Բայց ինչքա՞ն կարող ես անընդհատ նույն բանով քեզ զբաղեցնել։ Մեր կյանքի տարիներն ուղղակի գնում, կորում են։
Ես ինձ տրամադրել եմ, որ բանտը վերականգնողական կենտրոն է, որն ինձ հիմա պետք է։ Ես ինձ այդպես եմ տրամադրել։ Բայց միգուցե հնարավո՞ր է այստեղից ինչ-որ մի բանի հասած դուրս գալ․․․ Մի՞թե այստեղ անդունդի վերջն է։ Դոփո՞ւմ ենք տեղում։
Այստեղից հետո դրսում դու ոչ մեկի հետ չես կարող խոսել, որովհետև ոչ-ոք չի հասկանա այն ցավը, որի միջով դու անցել ես։ Ինչո՞ւ պատերազմից հետո մարդիկ այդ մասին չեն խոսում։ Որովհետև չեն կարող նկարագրել այդ ցավը։ Ոչ-ոք չի պատկերացնի, թե ինչ ես զգում ամեն օր, երբ նայում ես դռանը ու գիտակցում, որ այն քեզ վրա չի բացվելու։ Անճար վիճակը սպանում է։
Բանտի ճանապարհին շատ բաներ ես կորցնում։ Այնքա՜ն մարդկանց եմ կյանքս նվիրել, բայց այնքա՜ն մարդիկ գնացին իմ կյանքից։ Որտե՞ղ են այսօր․․․ Չկա՜ն․․.
Իմ կյանքում միայն երեխաներս են, քույրս ու մորաքույրս․․․ Նրանցից բացի չկա մեկը, ում սիրտն ինձ համար կմղկտա։ Չկա մեկը, ով պատահական կգա տեսակցության։ Իմանաս՝ սիրտը չի դիմացել, կարոտից խեղդվել է, եկել է, որ քեզ տեսնի։ Այս ճանապարհին շատ բան է բացահայտվում քեզ համար։ Այն մարդիկ, ում համար կյանքդ կտայիր, չկան քո կյանքում։
Ինձ և քրոջս մորաքույրս է մեծացրել մայրիկիս մահից հետո։ Հայրկիս չեմ կարողանում ներել։ Երկու տարի է՝ կապ չունեմ իր հետ։ Եթե պիտի մայրիկի մահից հետո իրեն տար խմելուն, մեզ տեր չլիներ, հաշվում եմ, որ իրեն էլ չունեմ։ Ինչո՞ւ պիտի հայր չլիներ իմ կողքին, որ երբ ինձ վրա առաջին անգամ ձեռք էին բարձրացնում, սատարեր, աջակցեր ինձ։ Միգուցե այսօր այստեղ չլինեի՞։ Ինձ որբ եմ զգում։
․․․ Այնքա՜ն եմ տուժել թմրամիջոցներից։ Թշնամուս անգամ չեմ ցանկանա։ Սկզբում մտածում ես՝ չի կարող քեզ կառավարել, դու ես իրեն կառավարում։ Բայց առաջին իսկ օրվանից դառնում ես իր գերին ու զոհը։ Դու դառնում ես իրենը։ Չես գիտակցում ոչ մի բան։ Քո ուղեղն այլևս այն ուղեղը չէ, որ որևէ բան սառը դատի։ Դու փախչում ես մարդկանցից։ Դու փակվում ես ինքդ քո մեջ։ Վախեր են առաջանում։ Հալյուցինացիաներ են առաջանում։ Դու ապրում ես երևակայական աշխարհում։
Մինչև քրեակատարողական հիմնարկում հայտնվելը ես բուժում եմ ստացել։ Բուժումն օգնել է, որ օրգանիզմս մաքրվի, բայց մինչև հիմա ես տառապում եմ։ Դրա անունն անգամ լսելիս իմ մեջ սարսափ է առաջանում։ Այդ թեմայով լուրերն անգամ ազդում են ինձ վրա։ Այն իմ երազներից դեռ դուրս չի եկել։ Երբ պառկում եմ, աչքիս է գալիս, թե ինչպես եմ գնում, վերցնում․․․ Այդ ամեն ինչն իմ ուղեղից դեռ դուրս չի եկել։
Եթե դուռը բացեն, ասեն՝ կարող եմ գնալ, միգուցե չուզենա՞մ, միգուցե դեռ պատրաստ չե՞մ ազատության մեջ կամքի ուժով ապրելուն․․․ Միգուցե դեռ չե՞մ կարող մարդկանց մեջ ապրել․․․ Միգուցե դեռ ճանապարհ ունե՞մ անցնելու․․․ Միգուցե դեռ վախենո՞ւմ եմ, որ այստեղից հետո՝ ազատության մեջ, մարդկանց մեջ, չեմ կարող ինքս ինձ գտնել։ Եթե նայեմ մարդկանց աչքերին, միգուցե նրանք կիմանա՞ն իմ անցյալը․․․
Իմ կյանքն այնպես է ցիրուցան եղել, որ չգիտեմ՝ որտեղից սկսեմ հավաքել։ Իմ կյանքը քայքայել են, քանդել են, ինձ դարձրել են ոչինչ։ Չեմ կարողանում հարմարվել այդ իրականության հետ։ Չեմ հավատում, որ ինձ հետ է այդ ամենը պատահել։ Ուզում եմ իմ հիշողությունից ջնջել այդ էջը։ Դա ես չեմ։ Դա չէր կարող ինձ հետ տեղի ունենալ։ Անհավանական է․․․
Բայց կամաց-կամաց վերագտնում եմ ինձ։ Եվ հիմա ցանկությունս մեկն է՝ լինել երեխաներիս կողքին և վերադարձնել բաց թողածը։
Ես ապրել և տեսել էի ծնողի կորստի ցավ։ Իմ մայրն ինձ այդ ցավն իմ կամքին հակառակ է տվել։ Իսկ ես երեխաներիս թույլ տվեցի տեսնել և զգալ ծնողի բացակայություն այն էլ այն դեպքում, երբ ողջ եմ․․․
Հիմա միայն մի բան եմ ուզում՝ հասնել երեխաներիս, ամուր գրկել ու էլ երբեք բաց չթողնել․․․
Իմ կյանքի պատմությունն ուղղում եմ այն մարդկանց, ովքեր հայտնվում են մոլորության մեջ։
Ես մի մարդ եմ, ով կյանքում ունեցել է ամեն ինչ, իսկ հիմա ոչինչ չունի․․․
Խնդրա՜նքս բոլոր այդ մարդկանց՝ մի դարձեք դարի չարիքի զոհը․․․
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Կալանավորված կին
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


