Երջանիկ եմ։ Հիշում եմ ու ծիծաղում, թե մանուկ ժամանակ երջանիկ լինելու համար ինչեր էի երազում՝ չգիտակցելով, որ մի օր ինձ երջանիկ կզգամ 2 սենյականոց բնակարանում՝ շունիկիս և սիրածս տղամարդու կողքին։ Պաշտպանված եմ, սիրված եմ ու սիրում եմ։
Մեկ էլ՝ շրխկո՛ց։ Ի՞նչ էր։ Արթնացա։ Երազս կիսա՞տ մնաց։ Ի՞նչ էր։ Ճաղավանդակների ձա՞յն։ Կողքիս աղջիկն ասում է՝ արթնացիր, հերթափոխի ժամանակն է։ Չեմ հասկանում, չեմ գիտակցում, թե ինչ է կատարվում։
Ես քրեակատարողական հիմնարկո՞ւմ եմ։ Երա՞զ էր այն բաղձալի երջանկությունը, որն իմ 28 տարիների ընթացքում որոնել էի ու գտել։ Հիմա այդ երջանկությունը միայն երազներիս մե՞ջ եմ տեսնելու։
Դեռ ուշքի չեմ գալիս։ Նստած անկողնուս վրա՝ շփոթված նայում եմ շուրջբոլորս։ Կողքիս աղջիկն ասում է՝ կարանտինում ենք։ Պետք է շուտով տեղափոխեն։ Աստվա՜ծ իմ․․․ Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում։ Նայում եմ դատարկ պատերին, բայց հասկանում եմ, որ դրանք դատարկ չեն։ Պատերին օրացույցներ են փորագրված՝ օրերը գրիչով ջնջված։ Քանի՜ կանայք են հայտնվել այստեղ․․․ Որքա՜ն պատմություն ու ցավ կան այդ պատերի վրա։ Ի՜նչ ճնշող է։
Մոտենում եմ պատուհանին։ Աղջկներ են խոսում, բարևում միմյանց։ Լսել են՝ նորեկներ կան։ Հետաքրքրվում են, թե ինչի կարիք ունենք։ Հետաքրքիր է, թե ինչպես են դիմավորում նոր եկածներին։ Ձայն են տալիս, հարցուփորձ անում․․․
Այդ պահին ուզում էի մեկը լիներ, հետը խոսեի, բայց խուսափում էի, երբ լսում էի, թե ինչպես են քննարկում ուրիշների անձնական կյանքը։
Ա՜խ, գժվում եմ։ Ուզում եմ գոռալ։ Ընտանիքս եմ ուզում։ Ես ո՜նց կորցրեցի։ Ամեն վայրկյան իմ մտքում, իմ ուղեղում իմ ընտանիքն է՝ իմ ամուսինը և իմ շունիկը։ Ունեի ընտանիք, որի մասին բոլորն էին երազում, բայց կորցրեցի իմ սխալի պատճառով։
Քրեակատարողական հիմնարկում եմ հայտնվել թմրանյութերի պատճառով։ Արդեն 1 տարի, 2 ամիս է, ինչ այստեղ եմ։ Չեմ ուզում խոսել այդ մասին։ Չեմ ուզում, որ մարդիկ կարդալիս ինձ քննադատեն։ Ուզում եմ, որ իմ հոգեվիճակը հասկանան, թե ինչ է զգում կինը, երբ առաջին անգամ հայտնվում է այս 4 պատերի մեջ։
Թվում էր, թե հայտնվել եմ խորը փոսում, որտեղ ոչ աստիճան կա, ոչ էլ պարան դուրս գալու համար։ Ասում են՝ մարդը միակ կենդանի էակն է, որը կյանքում ամեն ինչի հարմարվում է։ Ճի՞շտ են ասում։
Ձերբակալվածների պահման վայրից էի եկել քրեակատարողական հիմնարկ։ Երեք օր այնտեղ էի մնացել։ Չլողացած, չսանրված․․․ Հիշում եմ՝ հագուստներս դեռ չէին բերել։ Առաջին օրն էր։ Կարանտինային խցում էի, որտեղ կար ընդամենը սառը ջուր։ Ուրիշ ոչինչ։ Սավանը փաթաթել էի վրաս, շորերս հանել, լվացել, փռել, որ չորանան․․․ Սառը ջրով ցայվել էի։ Կողքի խցից սրճեփ էի խնդրել, ջուր տաքացրել, մազերս լվացել։
Հիմա շաբաթը 2 անգամ լոգանքի են տանում։ Բայց ես խցում ջուր եմ տաքացնում, օրվա մեջ մի քանի անգամ ցայվում։ Մաքրությունը կարևոր է ինձ համար։ Եթե ամեն ինչ կատարյալ մաքուր չլինի, ես չեմ կարող նստել, հանգիստ մի բաժակ սուրճ խմել։ Թեև փոքր խցում 3 հոգով ապրելը շատ դժվար է․․․
Իսկ զբոսանքը՜․․․ Շատ փոքր մի տարածք՝ երկաթից դռներով․․․ Խուցն ավելի հարմար է զբոսնելու համար։
Սննդից օգտվում եմ, թեև հիմնականում նույն բաներն են։ Վերցնում եմ, վերամշակում, ուտում։ Բաներ կան, որ ընդհանրապես ուտելու չեն։ Ոչ աղ կա մեջը, ոչ՝ կարագ։ Դա էլ եմ հասկանում։ Միգուցե կալորիա են հաշվում, որ չգիրանանք։ Բայց առողջ սնունդը կարող է նաև համեղ լինել։
Թեև այստեղ այնպիսի բաներ եմ տեսնում․․․ Կարող են իրենց ուտելիքը թաքուն ուտել, անկողնու տակ պահել․․․ Կարող են մարդուն իր համար բերած հանձնուքով չափել, դրանով հարգել․․.
Այստեղ հավատդ կորցնում ես ամեն ինչի հանդեպ։ Սկսում ես ոչ մեկին չվստահել, չհավատալ, կասկածի տակ առնել։ Չեմ կարող ասել՝ ինչից է։ Երևի հոգեվիճակ է։ Պիտի ապրես, որ հասկանաս։ Չեմ կարող նկարագրել։
Երբ նոր էի եկել, իմ ընկերներից մեկը պիտի գար տեսակցության, բայց չէր ստացվում։ Ես գիտեի՝ եթե չի գալիս, ուրեմն չի ստացվում։ Բայց ինձ ասում էին՝ ստում է, չի գալու։ Ասում էին՝ դու նոր ես, դեռ չգիտես։ Երբ մարդիկ հայտնվում են այստեղ, իրենց մասին մոռանում են, իրենցից ձեռքները լվանում են։
Ես ինձ ասում էի՝ չթունավորես հոգիդ, չպղտորես։ Դու քո ուղեղն ունես, քո գիտակցությունն ունես։ Եթե այդ պահին լսեի, ազդեցության տակ ընկնեի, այսօր իմ կողքին ոչ-ոք չէր լինի․․․
Պիտի հասկանաս, որ այստեղ դու ես քո ընկերը։ Չպիտի անկեղծանաս, նվիրվես։ Ամենավտանգավորն այն մարդն է, ով կորցնելու ոչինչ չունի։ Այստեղ հայտնված մարդկանց մեծ մասը կորցնելու ոչինչ չունի։ Ինչ որ կարող էին կորցնել, արդեն կորցրել են․․․
Այսօր իմ կողքին են իմ ամուսինն ու իմ մայրիկը։ Երբ գիտեմ, որ դրսում սպասում են, լավատեսությամբ եմ լցվում, դիմանում։ Ամուսնուս հետ կապն ավելի է ամրապնդվել։ Գիտեմ՝ երբ ես հայտնվել եմ այստեղ, ինքը լացել է ինձ համար․․․
Հայրս չգիտի, որ ես այստեղ եմ։ Մայրս հայրիկիցս ծածուկ է պահում։ Սրտի խնդիր ունի։ Ասել են՝ երկրում չեմ։
Չեմ մոռանա, երբ մայրիկս առաջին անգամ եկավ ինձ տեսակցության։ Ինձ համար հանձնուք էր բերել։ Բայց միայն այն մտքից, որ իմ մայրն իր աղջկա պատճառով հասել է բանտ, ոչ մի բանի չեմ կարողացել դիպչել․․․ Ինձ տեսնելու սպասումից մայրս վատացել է, աշխատողները ջուր են տվել։ Իսկ ե՜ս․․․Ես եղբայր ունեմ, ում պատճառով մայրս նման տեղեր չի գնացել։ Ի՛մ պատճառով է եկել․․․ Երբ պատկերացնում էի, որ իրեն կարող են ասել հագուստդ բարձրացրու, ստուգենք․․․ Ամաչում էի, ինձ ամենավատ մարդն էի զգում։ Շատ էի կարոտել իրեն, շատ էի ուզում տեսնել, բայց չէի կարողանում ինձ ներել, որ իմ ծնողին այստեղ եմ հասցրել։
Վախենում եմ ծնողներիս համար։ Վատառողջ են։ Մտածում եմ՝ իմ այստեղ լինելն էլ ավելի չվատացնի իրենց վիճակը։ Ես ինձ ամբողջ կյանքում չեմ ների, եթե․․․ Երբ զանգում եմ, մայրս չի պատասխանում, չեմ կարող բացատրել, թե ինչ է կատարվում հետս։ Ամենավատ նորությանն եմ սպասում․․․
Ես լացկան չեմ։ Ինձ իմ ընկերներն ասել են երկաթյա աղջիկ։ Բայց այստեղ պահեր են լինում, երբ սիրտս լցվում է։ Գիտակցում եմ, որ շատ տարիներ պիտի անցկացնեմ բանտում։ Չգիտեմ՝ այդ տարիներն իմ կյանքի վրա ինչ հետք կթողնեն։
Լսել եմ՝ դատապարտյալ կանայք հանրօգուտ աշխատանք են կատարում։ Բայց կալանավորված կանանց համար ոչ մի զբաղմունք չկա։ Քսանչորս ժամ խցում եմ։ Հեռուստացույց եմ նայում, ուտում, պառկում, քնում․․․ Բթանում եմ ամբողջ օրը հեռուստացույց նայելով։ Գրադարան կա, բայց գրքերի ցանկն այնքա՜ն սահմանափակ է։ Մտածում եմ՝ մի՞թե կալանքը միայն ազատությունից զրկելն է։ Իսկ պատիժը որն է՞։ Ամբողջ օրը քնե՞լը։
Երբ այստեղից դուրս ես գալիս, պիտի կյանքիդ այս էջը փակես, բայց չմոռանաս այստեղ անցկացրած դաժան օրերդ, որ էլ երբեք հետ չգաս։ Եթե մոռացար լացդ ու այստեղ ապրած տառապանքներդ, մոռանալու ես բանտի դաժան կյանքը։
Հենց դուրս եկա այս դռներից, գիտեմ իմ քայլերի հերթականությունը՝ աշխատանք գտնել, տուն ունենալ․․․
Ուզում եմ նորից իմ ամուսնուն, իմ շունիկին գրկել․․․
Ուզում եմ նորից զգալ, որ երջանիկ եմ իմ փոքրիկ, բայց ջերմ ընտանիքում։
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Հ․Մ․
Կալանավորված կին
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


