Սիրելի՛ ընթերցող, ես գտնվում եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Ազգությամբ հայ եմ։ Երեխաներիս հետ ապրում էինք արտերկրում։ Առուվաճառքի գործարք կատարելու համար եկա Հայաստան, բայց խարդախություն կատարելու մեղադրանքով կալանավորվեցի։ Արդեն 11 ամիս է․․․
Թեև ես այլ երկրում եմ ապրել, բայց Հայաստանն ինձ համար միշտ կատարյալ երկիր է եղել։ Երեխաներիս միշտ պատմել եմ, թե Հայաստանում ինչ լավ մարդիկ են ապրում, ինչ լավ սովորություններ կան։ Ասել եմ՝ դրախտային երկիր է։
Հիմա երեխաներս հարցնում են՝ հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում։
Ես ամաչում եմ, որ բանտում եմ, ու չեմ կարող հավասարը հավասարի պես շփվել դիմացինի հետ։ Ես գիտեմ, որ դիմացինի կարծիքն իմ մասին այնպիսին չէ, ինչպիսին որ կլիներ, եթե ինձ տեսներ փողոցում։ Մեր միջև պատ կա։ Ամեն մարդու չեմ կարող բացատրել, թե ինչ հոդվածով եմ նստած։ Մարդիկ ինձ որպես հանցագործի են նայում։ Եթե կինը հայտնվել է այստեղ, ուրեմն պիտի որ շատ վատ բան արած լինի։ Կանանց նկատմամբ դատարաններն ավելի նրբանկատ են, նայում են՝ քանի երեխա ունի, ինչ ընտանեկան կարգավիճակ ունի։ Եվ եթե կինն արդեն այստեղ է, նշանակում է՝ վտանգավոր է եղել հասարակության համար։ Դրա համար ես շատ եմ ամաչում։
Երեխաներս էլ են շատ ծանր տանում, որ իրենց կողքին չեմ, հատկապես մեծ տղաս։ Փոքրս այս տարի 11-րդ դասարանն է ավարտում։ Ասում է՝ դու այստեղ չես, վերջին զանգին չեմ գնալու։ Քիմիայի քննությունը չի հանձնել։ Ինչ այստեղ եմ, չի սովորել։ Երեխաներիս համար ես շատ նվիրված ծնող եմ եղել։ Աղջիկս ասում է՝ դու չկայիր, այս տարի էքսկուրսիա չենք գնացել։
Երեխաներիս համար դժվար է Հայաստան գալը։ Սովորում են։ Աղջիկս ուսանող է, փոքր տղաս այս տարի ավարտում է։ Մեծ տղաս է իրենց մասին հոգ տանում։ Տատիկն էլ թոշակառու է։ Ասում են՝ գանք։ Ասում եմ՝ չեմ ուզում ինձ այստեղ տեսնեք։ Ես ինձ վատ եմ զգում, երբ ինձ խուզարկում են, շորերս հանել են տալիս։ Ինչպե՞ս թողնեմ՝ աղջիկ երեխայիս խուզարկեն։ Թող դա չտեսնեն, չպատկերացնեն էլ, թե դա ինչ է։ Ոչ ուզում եմ՝ ինձ այստեղ տեսնեն, ոչ էլ դրա միջով անցնեն։
Մոտ օրերս գնացել էի քրոջս հետ տեսակցության։ Երկու անգամ շորերը հանել են տվել։ Համ իմ շորերը, որ երևի այստեղից ինչ-որ բան չտանեմ, համ իր, որ երևի ինչ-որ բան չտա ինձ։ Տհաճ է, սարսափելի տհաճ է, մանավանդ երբ ասում են՝ ներքնաշորդ հանի, պպզի։
Երբ նոր էի եկել այստեղ, ինձ համոզում էի, որ սա քվեստ է։ Ինձ ասում էի՝ պատկերացրու, որ քվեսթի մեջ ես, մտածի՝ ինչպես ես դուրս գալու այստեղից։ Բայց երբ դուռը փակեցին, հասկացա, որ այստեղից ելք չկա։ Այդքան հեշտությամբ դուրս չես գա։
Ճիշտ է, երբեմն կատակ եմ անում, ասում եմ՝ ավելի լավ թիկնապահներ ունեմ, քան թե նախագահը։ Դուռը բացում, փակում են, հացը բերում են։ Բայց այդպես ես ինձ հանգստացնում եմ։
Այստեղ իրար հետ շփվել չկա։ Շփվելու թեմա էլ չկա։ Կամ կռվում են, կամ՝ բամբասում։ Լինում է՝ պատուհանից խոսում են իրար հետ, բայց եթե հսկիչները լսում են, ասում են՝ ձեններդ կտրեք։
Խցում ամիսներով նույն մարդու հետ ես։ Արդեն խոսելու բան էլ չկա։ Ամբողջ օրը կամ կարդում եմ, կամ խաչբառ եմ լուծում, կամ հեռուստացույց եմ նայում։ Չէ, չեմ նայում, ուղղակի միացրած է, ու ինչ-որ մեկն անընդհատ խոսում է․․․
Զբոսանքը 1 ժամ է։ Ես դուրս չեմ գալիս զբոսանքի։ Ես այստեղի՜ց դուրս գալու օրերն եմ հաշվում։
Ինձ համար սնունդ բերում են։ Տնից չոր սնունդն են բերում։ Այստեղից էլ երբեմն ջրիկ ուտելիք եմ վերցնում։ Սուտ կլինի, եթե ասեմ, որ ընդհանրապես ուտելու չի։ Ինչ-որ բաներ ես ավելացնում՝ աղ, կանաչի ․․․
Շաբաթվա մեջ 2 անգամ լոգանք են տալիս։ Ով ուզում է, կարող է իր հիգիենային խցում էլ հետևել։ Դույլը կա, թեյնիկը կա։ Ես ամեն առավոտ, իրիկուն լվացվում եմ։ Բայց ահավոր է ապրել մեկի հետ, ում սովորություններն ուրիշ են։ Օրինակ, ափսեները չեն լվանում, կեղտոտ շորերը քցում են մահճակալի տակ․․․ Խցում հոտ է տարածվում։ Աղջիկներ կան, որ ասում ես, հասկանում են, կան, որ չեն հասկանում։
Այստեղ վատն այն է, որ չես կարող վեր կենալ, դուրս գալ այն ժամանակ, երբ ուզում ես։ Չես կարող հանվել այնպես ու այն ժամանակ, երբ ուզում ես։ Գիտես՝ ցանկացած պահի վալչոկը կարող է բացվել, ու քեզ վրա նայեն։
Շատ-շատ են տղամարդ աշխատողները։ Եվ գիշերը, և ցերեկը ցանկացած պահի կարող են վալչոկով նայել։ Եթե կանայք նայեն, էլի տհաճ կլինի, բայց ոչ այդքան։
Բոլորն էլ իրենց աշխատանքն են կատարում։ Ես իմ ձևով հարգում եմ աշխատողներին, «Դուք»-ով եմ դիմում։ Ոչ մեկին չեմ վիրավորում։ Այն համոզմունքն ունեմ, որ ինչպես դու ես մարդկանց վերաբերվում, այնպես էլ իրենք քեզ են վերաբերվում։ Բայց կարծում եմ՝ տղամարդը պիտի շինարարության վրա աշխատի, ոչ թե կանանց գաղութում քայլի, դռները բացի, փակի․․․ Իսկ ինչպե՜ս են խոսում դատապարտյալների հետ․․․ Լինում են դեպքեր, երբ կեղտոտ հագուստը լվացքատուն փոխանցելու համար պետք է լինում դռանը 10 անգամ զարկել։ Ասում ես՝ խնդրում եմ, դուռը բացեք, թող գան, շորերս տանեն լվանալու։ Միջանցքի մյուս ծայրից գոռում են՝ հը՞, ի՞նչ կա, ի՞նչ ես ուզում․․․
Թեև մտածում եմ՝ միգուցե որոշ կանայք արժանանում են իրենց պահվածքին համարժե՞ք վերաբերմունքի։ Կամ էլ միգուցե այդ տղամարդիկ չհաստատված անձինք են, ովքեր եկել են կանանց գաղութ՝ կանանց հաշվին ինքնահաստատվելո՞ւ․․․
Ես երբեք կոնֆլիկտային չեմ եղել, շուտ չեմ բռնկվել։ Շա՜տ պիտի ջանան, որ ինձ հունից հանեն։ Շատ համբերատար եմ։ Այստեղ բնավորության այդ գծերն ինձ շատ են օգնում։ Բայց շատ բան է փոխվել իմ մեջ։
Ես է՛լ չեմ հավատում մարդկանց, ընկերությանը։ Ես հիմա այստեղ եմ, իմ երեխաներից ու հարազատներից բացի ոչ-ոք չկա իմ կողքին։ Միայն իմ հարազատներն են ինձ օգնում։ Ինչքան էլ մինչև այստեղ հայտնվելը, օրինակ, քրոջս հետ հարաբերություններս վատ են եղել, միևնույն է, հիմա միայն ինքն է գալիս։ Մարդկային ոչ մի տեսակի հարաբերության չեմ հավատում։ Աստված չանի, ոտքդ սայթաքեց, ընկար, ոչ-ոք ձեռք չի մեկնի։
Շատ ավելի անտարբեր եմ դարձել։ Օրինակ, խցակիցս կարող է դժգոհել, որ պահարանը լավը չի, հարմարավետ չի։ Իսկ ինձ համար միևնույն է, թե, օրինակ, պահարանն ինչ գույնի է։ Մարդկային ցավին էլ եմ անտարբեր դարձել։ Լսում եմ պատուհանից՝ ինչ-որ մեկը լացում է կամ ինչ-որ մեկի ինչ-որ տեղը ցավում է․․․ Ներսումս ոչինչ տեղի չի ունենում։ Առաջ կվազեի, կօգնեի․․․ Հիմա նման ցանկություն անգամ չունեմ։
Չի վախեցնում այն միտքը, որ բնավորության այս գծերը չեն փոխվի, որ այսպիսին կմնամ։ Եթե ի սկզբանե այսպիսին լինեի, միգուցե այստեղ չհայտնվեի՞։ Չնայած աղջիկս շատ բարի է, երբ դուրս գամ, միգուցե ի՞նքն ինձ փոխի․․․
Երբ դուրս գամ, կգնամ երեխաներիս մոտ, կվերադառնամ իմ նորմալ կյանքին։ Կաշխատեմ մոռանալ այստեղի մասին, իմ հիշողությունից ջնջել այս ժամանակահատվածը, որը ես անգամ չեմ ապրել, այլ գոյատևել եմ։
Իսկ բանտը կհիշեմ որպես սարսափելի երազ, որը փոքր-ինչ երկարել է։
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
Կալանավորված կին
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


