2022 թվականի ամռանը մամաս ինձ մենակ ուղարկեց Հայաստան՝ քրոջս մոտ։ Քույրս ստեղ ա ամուսնացած։ Քննությունները հանձնեցի, ինձ ուղարկեցին արձակուրդ։ Էնպես ստացվեց, որ հետո չէի ուզում հետ գնամ Ռուսաստան։ Ուզում էի՝ կրթությունս տեղափոխենք ստեղ, ու ես ստեղ սովորեմ։
Բայց պապաս եկավ Հայաստան և ինձ հետ տարավ։ Ասացին՝ 2 տարի ա մնում, որ ավարտեմ։ Ավարտեմ, հետո ոնց ուզում եմ, տենց էլ կանեմ։ Բայց առաջինը սովորեմ, վկայական ստանամ։ Պապայիս հետ գնացինք Ռուսաստան էն պայմանով, որ ավարտեմ ու հետ գամ։
Նույն թվականի հոկտեմբերին պապաս նորից եկավ Հայաստան։ Ես էլ իրա հետ եկա։ Ու էնպես ստացվեց, որ շատ պատահական հանդիպեցի ու սիրահարվեցի էն մարդուն, ով փոխեց իմ ճակատագիրը։
Ես իրան ասացի, որ չեմ ուզում Հայաստանից գնամ։ Ինքն ասաց՝ մնամ իրա մոտ։ Ես ասացի՝ չեմ կարա։ 17 տարեկան եմ, հետո պապաս էլ ա ստեղ։ Ես պիտի իրա հետ հետ գնամ Ռուսաստան։
Էլի հետ գնացի Ռուսաստան։ Քանի որ հայկական անձնագրիս ժամկետն անցել էր, ես չէի կարա 17 տարեկանում սահմանն անցնեի, գայի Հայաստան։ Սպասեցի 18 տարեկանս լրանա, որ ռուսական անձնագիր ստանամ ու կարողանամ գամ։ Փող հավաքեցի էդ ընթացքում։ Կրթաթոշակի, սննդի գումարը հավաքեցի, տոմս գնեցի։ Տաքսու գումար էլ հավաքեցի։
Իմ ծննդից 4 օր հետո գիշերը իրերս թաքուն հավաքեցի, շքամուտքում թաքցրեցի։ Էդ օրն առավոտը պիտի գնայի ուսումնարան։ Մամայիս ու պապայիս ասացի, որ երկրորդ հերթ եմ։ Մամայիս հեռախոսով դասղեկիս գրեցի, որ ինձ վատ եմ զգում, չեմ գալու դասի։ Նամակը ջնջեցի, տաքսի պատվիրեցի ու․․․ եկա Հայաստան։
Տնեցիքից ոչ մեկին հրաժեշտ չտվեցի․․․
Եկա Հայաստան, ու պարզվեց՝ ինձ խաբել են։ Էդ տղան ասել էր՝ կօգնի, աշխատանք կգտնեմ, ամեն ինչ լավ կլինի, բայց․․․ Հետս կռվում էր։ Ասում էր՝ իրան դավաճանում եմ։ Չէր թողնում աշխատեմ։ Սկսեցի տնից ֆրիլանս աշխատել․․․ Բայց մերոնց հետ չէի շփվում, զանգերին չէի պատասխանում, ոչ մի ձև կապի չէի դուրս գալիս։ Չէր թողնում։ Ասում էր՝ մերոնց հետ շփվեմ, ինձ կհեղափոխեն, ու ես էլ նույնը չեմ լինի։ Ինքն ինձանից 19 տարով մեծ էր։
Ես ամենասկզբից ասել էի, որ չեմ մտնելու թմրամիջոցների գործի մեջ։ Դա իրա բիզնեսն էր։ Չէի ուզում, վախենում էի։ Չորս ամիս իմ խոստումը պահել եմ։ Բայց առաջին անգամ մարիխուաննա փորձելն իմ համար ճակատագրական դարձավ։ Ինքն ինձ դարձրեց նարկաման։ Մարիխուաննայից բացի ուրիշ բաներ էլ եմ օգտագործել։ Վեց ամիս օգտագործել եմ․․․ Չորս հոգով էինք էդ գործն անում։ Ու մի օր բռնվեցինք․․․
Հիշում եմ՝ ասացին՝ տանում են Աբովյան։ Չգիտեի, որ Աբովյան քաղաք կա Հայաստանում։ Մտածում էի՝ Աբովյան փողոց են տանում։ Հետո հասկացա, որ քաղաքից դուրս են տանում։ Որ չտեսա՞ էս պատերը, շշկռվեցի…
Ասացին՝ КПП ենք մտնում։ Հիշում եմ՝ ինձ խուզարկեցին։ Ասացին՝ հանվեմ, վրես ինչ կա, սաղ հանեմ։ Նայեցին, տատուս նկարեցին, վրայիս հետքերը նկարեցին։ КПП-ից դուրս եկանք, դարպասից մտանք շենք, հետո էլի տեղ մտանք, ու դուռը հետևիցս փակեցին։ Շոկ ապրեցի․․․ Քանդած ա սաղ․․․
Գիշերվա ժամը 2-ին էին ինձ բերել։ Մատրաս տվեցին։ Ասացի՝ բա՞ շորերը։ Մտածում էի՝ շորեր էլ պիտի տան․․․ Գնացի, որ պառկեմ։ Ըտեղ մի աղջիկ կար, իրա շորերը՝ ռեշերից կախած։ Լսում էի, որ ուզում ա ինձ հետ խոսի, բայց ես չէի ուզում խոսեի։ Ինձ շատ վատ էի զգում։ Գժված էի։
Հիշում եմ՝ ուզեցի գնամ զուգարան։ Դուռը բացեցի, բայց տեսա՝ սանհանգույցն ահավոր վիճակում ա, փոշմանեցի, դուռը փակեցի, հետ գնացի, պառկեցի։ Ոչ մի բան վրայիցս չհանեցի։ Համ զզվում էի, համ էլ ցուրտ էր։ Պառերն անջատած էին։ Պառկեցի։ Հիշում եմ՝ տռուբի արանքից ինչ-որ բան էր շխկշխկում։ Կռիս էր․․․ Մի ձև քնեցի․․․
Առավոտ ժամը 8-ին գլուխս մի կերպ բարձրացրեցի։ Էդ աղջիկն ասաց՝ պիտի հելնեմ, տեղերս հավաքեմ, որ հեսա գնում ենք աբխոդի։ Շշմած նայեցի դեմքին։ Ասում եմ՝ ի՞նչ աբխոդ, աբխո՞դն ինչ ա։ Գնացինք․․․ ու ի՜նչ տեսա․․․ Երևի մի 20 տղամարդ՝ պետ, պետի տեղակալ․․․ Շարք կանգնեցինք։ Շշմած նայում էի իրանց դեմքին։ Ասացին՝ ներկայացի։ Ձեն չհանեցի։ Նորից ասացին՝ քո հետ ենք, ներկայացի։ Ներկայացա…
Հետո կողքիս աղջկան հարցրեցի՝ էս ի՞նչ են անում։ Ասաց՝ պատերն են ստուգում, տեսնեն՝ հո ծակ-մակ չենք արել։ Հետո ռեշերին խփեցին, ստուգեցին։ Ես վախեցած էի, չգիտեի՝ ինչ ա կատարվում։ Գնացին…
Հիշում եմ՝ եկան, ասացին դիմում գրեմ։ Չգիտեի դիմում գրելու ձևը։ Մի կերպ գրեցի։ Ինձ էլի տարան КПП։ Ես էլ էն շորերով էի, որով բռնվել էի։ Ինձանից զզվում էի։ Ուզում էի՝ կաշիս վրայիցս հանեմ, փախնեմ։
Պարզվեց՝ մերոնք էին եկել, որ ինձ տեսնեն։ Ինձ որ տեսան, շոկ ապրեցին։ Ասացին՝ ինչ էիր, ինչ ես դառել։ Լացում էի, պատմում էի՝ ինչ ա եղել, ոնց ա եղել։ Հիշում եմ՝ ասում էին՝ ոչինչ, ամեն ինչ լավ կլինի։
Մի օր էլ ասացին գնում ենք զբոսանքի։ Ուրախացա․․․ Բայց որ չտեսա՝ 4 պատ ա, վերևը ռեշոտկա, մի հատ էլ վրադ դուռը փակում են․․․ Մտածում էի՝ ստեղից ոնց դուրս գամ․․․ Ոնց որ գերի ընկած լինեի։
Վեց օր տենց կարանտինում եմ եղել։ Մինչև էդ էլ ձերբակալվածների պահման վայրում էի։ Վա՜յ, ընդեղ ավելի ահավոր էր։ Ինձ 7-8 օր պահել են։ Ահավորություն էր։ Լողանալու տեղ չկար։ Պիտի դուռը խփեի, որ ինձ տանեին զուգարան․․․
Որ եկել էի բանտ, վախեցած էի։ Չէի հասկանում՝ ուր եմ ընկել։ Մտածում էի՝ հեսա պիտի թողնեն, գնամ տուն, տենց լուրջ բան չի, բայց չէ…
Հայերեն չէի կարում խոսեի։ Նեղում էին, ինձ շատ էին ճնշում համ աշխատողները, համ կալանավորները։ Վախենում էի։ Չգիտեի՝ ինչ անեի։ Սաղի մոտ լացում էի։
Դեղի ազդեցությունը կամաց-կամաց անցնում էր, թարմանում էի, բայց դեռ չէի հասկանում, թե ուր եմ ընկել․․․ Դժվար էր իրականություն վերադառնալը։ Ուզում էի էլի օգտագործեի։ Բայց ստեղ հայտնվելուց հետո ոչ մի բան չեմ օգտագործել։ Ոչ հոգեմետ, ոչ ուրիշ դեղ․․․ Ինչ ուզում էին տային, ասում էի՝ չէ, պետք չի։ Ես ինքս կվերականգնվեմ։
Հիմա ես կարամ նորմալ մտածեմ, նորմալ քնեմ, նորմալ ուտեմ։ Էն ժամանակ չէի կարում նորմալ հաց ուտեի։ Ուտում էի, ցավում էր ստամոքսս։ Առաջին օրը ստեղ զարթնեցի, ձեռքերս որ տեսա, շոկ ապրեցի։ Հիշում եմ՝ սաղ ուշադիր ինձ էին նայում։ Ում կողքով անցնում էի, ասում էին՝ էս ինչ նիհար աղջիկ ա, վրեն հալ չկա։ Ոնց որ սկիլետ լինի։
Առաջ շատ էներգիա ունեի, շատ կենսուրախ էի։ Խնդի՞ր կար, ես լավատեսությամբ էի նայում։ Ինչ-որ մեկը լացո՞ւմ էր, ասում էի՝ ինչ ա եղել, խի ես լացում, ժպտա, քեզ ժպիտը սազում ա։ Հիմա լավ եմ, բայց ամեն ինչ շատ դանդաղ եմ անում։ Էն էներգիան, որ առաջ ունեի, հիմա չկա։ Իմ մեջ ամեն ինչ քանդվել ա։ Իմ անհատականությունից ոչ մի բան չի մնացել։ Ես սկսում եմ ինձ հետ նորից ծանոթանալ։
Չեմ ուզում ոչ մեկի հետ շփվեմ, ոչ մեկին աջակցեմ։ Ուզում եմ մնամ իմ աշխարհում, փակվեմ իմ մեջ։ Բայց մենակությունը խեղդում ա։ Չկա մեկը, ում հետ կարամ խոսեմ իմ զգացմունքների, իմ չստացված սիրո ու կյանքի մասին…
Մերոնք էլ են ասում, որ շատ եմ փոխվել համ մտածելակերպով, համ արտաքինով…
Ես ամբողջ կյանքում սովորել եմ։ Կյանքիս 18 տարին նվիրել եմ կրթությանը։ Գերազանցիկ չեմ եղել, բայց լավ եմ սովորել, 3-ներ չեմ ստացել։ Ոսումնարան եմ ընդունվել ֆինանսական գծով։ Ամեն կիսամյակ փորձել եմ քննություններս լավ հանձնեմ, որ կրթաթոշակ ստանամ։
Գալով Հայաստան՝ մտածեցի՝ գտել եմ էն, ինչ փնտրել եմ, էն, ինչ ինձ 18 տարի պակասում էր։ Մտածեցի՝ հոգուս դատարկությունը վերջապես լցրել եմ սիրով։ Չէի պատկերացնում, որ էդ սերն ինձ կքաշի անդունդը…
Մերոնք իմ հետևից եկել են Հայաստան։ Ինձ ներել են։ Խոսել են հետս, ասել են՝ ոչ մի ահավոր բան չկա։ Սպասում են, որ դուրս գամ։ Հիմա իմ ընտանիքից բացի ես ուրիշ ոչ մեկին չունեմ։
Ես ստեղ եմ հասկացել, որ ընտանիքից, ազատությունից թանկ բան չկան․․․ Չի կարելի ընկնել ուրիշների ազդեցության տակ։ Պիտի քո գլուխն ունենաս քո ուսերի վրա։
Համարյա 2 տարի ա՝ ստեղ եմ։ Դեռ կալանավորված եմ։ Եթե դատեն, 6 կամ 7 տարի կտան։ Բայց ես հույս ունեմ, որ էս 2 տարին կհաշվեն, 4-ն էլ պայմանական կտան։ Համ տարիքս ա փոքր, 18-ում բռնվել եմ․․․ համ էլ առաջին անգամն ա…
Դատի ժամանակ մի փոքր հույս եմ ունենում, որ կարող ա տուն թողնեն։ Իմ գիտակցությունը գիտի, որ ինձ տուն չեն թողնի, բայց ներսի հույսն ինձ խեղդում ա։ Երբ երկարացնում են կալանքը, հետ եմ գնում աբիզյանկա, նայում եմ պատերին ու ասում եմ՝ էս ի՜նչ արեցի իմ կյանքի հետ…
Ամեն օր քնում եմ էն հույսով, որ առավոտը կարթնանամ, ու էս կաշմառը կավարտվի, ես տանը կլինեմ, իմ ծնողների կողքին…
Ուղղակի չեմ հասկանում՝ էս ի՜նչ արեցի կյանքիs հետ․․․
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Կալանավորված աղջիկ
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


