Skip to content Skip to sidebar Skip to footer

«Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ». Կոնֆերանսի ամփոփում

Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ: Կրթությունը նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչներից է: Մինչդեռ ազատազրկված անձանց կրթության իրավունքն արդյունավետ ձևով չի իրացվում, ինչը կապված է օրենսդրական, պրակտիկ և մի շարք այլ խնդիրների հետ: Դա ոչ միայն հանգեցնում է ազատազրկված անձանց կրթության իրավունքի խախտմանը, այլև խաթարում է նրանց վերասոցիալականացման գործընթացը՝ մեծացնելով կրկնահանցագործություն կատարելու ռիսկերը:

2023 թվականի փետրվարի 14-ին տեղի ունեցավ «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանսը, որի նպատակն էր խթանել միջազգային, պետական և տեղական կառույցների համատեղ ջանքերի ներդրումն ազատազրկված անձանց կրթության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև նպաստել, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները դիրքորոշում արտահայտեն բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ և պարտավորություն ստանձնեն դրանց կարգավորման ուղղությամբ:

Կոնֆերանսը բազմամարդ էր։ Մասնակցում էին 60-ից ավել ներկայացուցիչներ Հայաստանում դիվանագիտական առաքելություններից, պետական կառույցներից, տեղական և միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ Հայաստանում Շվեդիայի դեսպանատնից, Հայաստանում Ամերիկայի դեսպանատնից, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից, Նիդերլանդների հելսինկյան կոմիտեից (հեռավար), Արդարադատության նախարարությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության, բարձրագույն և հետբուհական կրթության, երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության, զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություններից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնից, «Աբովյան», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներից, Պրոբացիայի ծառայության կենտրոնական, Արարատի և Արմավիրի մարզային մարմիններից, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից, Միասնական սոցիալական ծառայությունից, Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանից, Եվրասիա միջազգային համալսարանից, Երևանի «Հայբուսակ» համալսարանից, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Եվրասիա համագործակցություն հիմնադրամից, այլ հասարակական կազմակերպություններից և լրատվամիջոցներից։ Շահառու խմբերից մասնակցեցին «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկման և ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող 6 դատապարտյալ (հեռավար) և «Վարդաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող 1 դատապարտյալ։

Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

Նա շնորհակալություն հայտնեց Շվեդիայի զարգացման գործակալությանը, որը հնարավորություն է տվել «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում մի շարք նախաձեռնություններ իրականացնել՝ ուղղված ազատազրկված անձանց:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» ծրագրից բացի հիմնադրամը ֆինանսավորել է ազատազրկված անձանց կրթությանն ուղղված մեկ այլ ծրագիր ևս։ Բացի այդ, մշակվել է քրեական ենթամշակույթի տերմինների բառարան:

«Հիմնադրամի հետաքրքրության շրջանակներում են կրթությունը, բռնության կանխարգելումը, իրավական բարեփոխումները, քրեակատարողական ոլորտը։ Մենք հասցեագրում ենք այս հարցերը՝ փորձելով ազդել, որպեսզի բռնությունը, կազմակերպված հանցավորությունը և նման հանգամանքները հասցեագրվեն Հայաստանում դեպի դրանց կրճատումը և վերացումը»,-ամփոփեց Գ. Տեր-Գաբրիելյանը:

Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Սիդա) ներկայացուցիչ Գայանե Մամիկոնյանը ևս ողջույնի խոսքով հանդես եկավ։

Նա նշեց, որ Շվեդիայի դեսպանությունն աջակցում է Հայաստանում մի շարք ուղղություններով բարեփոխումների իրականացմանը, այդ թվում՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում: Ավելացրեց, որ Շվեդիայի կառավարությունն իրականացնում է ռազմավարություն, որը նախատեսում է 2021-2027 թվականներին Արևելյան Եվրոպայի երկրներում, այդ թվում նաև Հայաստանում օգնել մարդու իրավունքների բարելավմանը: Այդ համատեքստում քաղաքացիական հասարակությունը շատ կարևոր գործընկեր է Շվեդիայի կառավարության համար։ Քաղաքացիական հասարակությունը դիտարկվում է նաև որպես կառավարության գործունեության վոչդոգ՝ հետևելու բարեփոխումների ընթացքին:

«Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը շատ կարևոր են, և մենք շարունակելու ենք այս աջակցությունը եկող տարիների ընթացքում»,-ամփոփեց Գայանե Մամիկոնյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Քաղաքական/Տնեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով:

Նա նշեց, որ ինչպես ԱՄՆ-ի փորձն է ցույց տալիս, քրեակատարողական հիմնարկներում կրթության հնարավորություն տալն իջեցնում է բանտարկման վիճակագրությունը: 2018 թվականից կառավարությունը որդեգրել է վերասոցիալականացման վրա կենտրոնանալու քաղաքականություն, որպեսզի նվազեցվի բանտարկյալների թիվը ԱՄՆ-ում: Բանախոսի դիտարկմամբ՝ երկարաժամկետ կտրվածքում դա կարող է նվազեցնել քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը և աշխատանքային բեռը:

«Դա է այն մեթոդը, որը կարող է բարելավել հասարակությանը։ Օգնելով բանտարկյալներին՝ մենք նրանց օգնում ենք ավելի լավ հաջողությունների հասնել հասարակության մեջ, երբ նրանք դուրս գան քրեակատարողական հիմնարկներից։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես անցել է այս գործողություններին: Այժմ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք կարող են ստանալ կրթություն, որը նրանց հնարավորություն կտա դուրս գալուց հետո աշխատանք գտնել: Իհարկե, ավելի շատ բան կարող է արվել ինչպես իմ երկրում, այնպես էլ Հայաստանում, եթե բուհերը, այդ թվում՝ պետական, կրթության ավելի լավ պայմաններ ստեղծեն քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց համար: Ես հուսով եմ, որ այս ծրագրերի շնորհիվ մենք կկարողանանք բարելավել նրանց կրթությունը, որպեսզի այդ փորձը կիրառվի նաև ԱՄՆ-ում»,-ամփոփեց Ալիսոն Հաննան։

Բացման խոսքով հանդես եկավ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։ Նա դրական գնահատեց այն փաստը, որ ազատազրկված անձանց կրթությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով նման բազմաոլորտ լսարան է համախմբվել մեկ սեղանի շուրջ, ինչը խոսում է փոխհամագործակցության արդյունավետության մասին։ Նաև ներկայացրեց կոնֆերանսի ձևաչափը՝ արձանագրված խնդիրները ներկայացնելու հետ մեկտեղ հնչեցնել դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ, զուգահեռաբար պետական կառույցներին իրենց գործունեությունը ներկայացնելու հնարավորություն տալ, ինչը կօգնի առավել ամբողջական պատկերացում կազմել կրթական գործընթացների վերաբերյալ։

Կազմակերպության կողմից արձանագրված խնդիրներից մեկը վերաբերում է գերատեսչությունների միջև թույլ համագործակցությանը կամ դրա բացակայությանը։ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ քրեակատարողական հիմնարկների բեռը թողնվում է Արդարադատության նախարարության վրա, ինչը տրամաբանական է, սակայն տարբեր գերատեսչություններ՝ որպես իրենց ոլորտային քաղաքականության մշակող կառույցներ, պետք է հավասարաչափ ներգրավված լինեն:

«Յուրաքանչյուրս մեր մասնաբաժնով մասնակցելով՝ պետք է նպաստենք, որպեսզի իրականություն դառնան կրթության դերին և նշանակությանը վերաբերող հիմնական ուղենիշները՝ համապատասխան իրավունքի իրացում, վերասոցիալականացման, քրեական ենթամշակույթից զերծ պահելու և կրկնահանցագործությունները նվազեցնելու նախապայմանների ստեղծում, որոնց շուրջ կոնֆերանսի միջոցով հրավիրվում է պետության ուշադրությունը՝ կարևորելով պետական յուրաքանչյուր օղակի համաչափ ներգրավումը»,-նշեց բանախոսը։

Խնդրահարույց է կրթության շարունակականության ապահովումն այն դեպքում, երբ անձը հայտնվում է հիմնարկում, և ազատազրկման հետևանքով կրթությունն ընդհատվում է, քրեակատարողական հիմնարկի ներսում՝ անվտանգության գոտու փոփոխման կամ այլ պատճառներով հիմնարկից հիմնարկ տեղափոխման դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից։

«Ցավոք, նշված բոլոր դեպքերում մենք խնդիրներ ունենք։ Պետությունը հետևողական չէ, թե իր ներդրած ֆինանսների և ջանքերի արդյունքում կրթություն ստացած անձինք հիմնարկից դուրս գալուց հետո նորից հայտնվո՞ւմ են քրեակատարողական հիմնարկում, նրանց շրջանում նվազո՞ւմ են հանցագործության միտումները: Նման ոլորտային վիճակագրություն չի վարվում։ Բացի այդ, երբ անձը դուրս է գալիս հիմնարկից, նրա հետագիծը կորցնում ենք։ Այս համատեքստում համայնքային ծառայությունների, մարզպետարանների, միասնական սոցիալական ծառայության կառույցների ներգրավվածությունն անհրաժեշտ է, որպեսզի հետևողականություն ցուցաբերվի, և անձը կրթությունից դուրս չմնա, քանի որ այդպիսով մենք նախադրյալներ ենք ստեղծում, որպեսզի նա պատրտաստված լինի հասարակություն վերադառնալու և աշխատաշուկա մտնելու համար»,-մանրամասնեց բանախոսը։

Այս առումով շարունակում է խնդրահարույց լինել պատժի կրման ավարտին մինչև 6 ամիս մնացած անձանց կրթության կազմակերպումը։ «Զբաղվածության մասին» օրենքով կա համապատասխան կարգավորում, բայց կազմակերպության արձանագրած տվյալները 2018 թվականից սկսած ցույց են տալիս, որ գործընթացը չի իրականացվում, ինչի պատճառները տարբեր են: Նախ չկան կազմակերպություններ, որոնք կհամաձայնեն դատապարտյալների կրթությունը կազմակերպել հիմնարկում։ Բացի այդ, գործընթացը կազմակերպվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով, որը բարդ ընթացակարգեր է նախատեսում։ Ն․ Հովհաննիսյանի կարծիքով՝ կարելի է քննարկել գործընթացը ոչ թե «Գնումների մասին» օրենքով, այլ կրթական ծրագրերի կազմակերպումը որևէ կազմակերպության պատվիրակելու միջոցով իրականացնելու հարցը։

«Կարիք կա քննարկել քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրերի պետական ֆինանսավորման հարցը։ Մենք գիտենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհային ծրագրեր է հայտարարում։ Միգուցե հնարավոր է որպես այդ դրամաշնորհային ծրագրերի ուղղություն դիտարկել  քրեակատարողական հիմնարկներում կամ Պրոբացիայի ծառայությունում կրթական ծրագրեր իրականացնելը»,-նշեց Հովհաննիսյանը։

Բանախոսի դիտարկմամբ՝ բացակայում են նաև պետական կառույցների միջև ուղղորդման մեխանիզմները։ Այն դեպքում, երբ անձը հիմնարկում է, անհամեմատ ավելի հեշտ է, քանի որ նա պետության անմիջական վերահսկողության ներքո է: Հիմնարկում կարողանում են վերահսկողության լծակներ ներդնել և անձանց ներգրավել կրթական ծրագրերում։ Սակայն երբ անձինք դուրս են գալիս հիմնարկից, բախվում են կրթությունից դուրս մնալու խնդրին: Դա վերաբերում է հատկապես հանրակրթության մեջ ներգրավված մինչև 19 տարեկան անձանց: Ազատազրկումը բազմաթիվ բացասական հետևանքներ է ունենում, անձը կորցնում է սոցիալական կապերը և հմտությունները: Հասարակության մեջ իր կյանքը կազմակերպելուն զուգահեռ բավականին դժվար է հետաքրքրվել նաև կրթությամբ, այդ նպատակով դիմել տարբեր կառույցների։

Ներկայացնելով արձանագրված խնդիրները՝ Հովհաննիսյանը նշեց, որ կան ծրագրեր, որոնցում ընդգրկվում են նաև կալանավորված անձինք, սակայն հիմնական շեշտը դրվում է դատապարտյալների վրա: Դա կառավարման տեսանկյունից ավելի հեշտ է, քանի որ հայտնի է դատապարտյալի՝ քրեակատարողական հիմնարկում լինելու ժամանակահատվածը, ինչը հնարավորություն է տալիս պլանավորում կատարել։ Կալանավորված անձանց դեպքում դիտարկվում է անմեղության կանխավարկածի հարցը, իսկ կրթությունը որպես վերասոցիալականացման բաղադրիչ է ընկալվում։ Եվ քանի դեռ կա անմեղության կանխավարկածի հարցը, չի դիտարկվում անձի վերասոցիալականացումը։ Վերջիններիս դեպքում դա դժվար է, քանի որ հնարավոր է խափանման միջոց փոխվի, անձն ազատազրկման չդատապարտվի կամ դատապարտվելուց հետո այլ հիմնարկ տեղափոխվի։ Նաև անձի հետաքրքրությունն իր քրեական գործի ընթացքի վրա է, սակայն անհրաժեշտ է կրթությունը դիտարկել որպես իրավունք և պայմաններ ստեղծել, որպեսզի կալանավորված անձանց համապատասխան իրավունքի իրացումն ապահովվի:

Օրակարգային է նաև կրթության նկատմամբ մոտիվացիայի առաջացումը, ինչը կնպաստի, որպեսզի անձը տեսնի կրթության դրական ազդեցությունն իր կյանքում: Հովհաննիսյանը դրական գնահատեց այն համագործակցությունը, որ վերջին տարիներին ձևավորվել է Քրեակատարողական ծառայության և համալսարանների միջև, կան կնքված համագործակցության հուշագրեր, որոնք գործընթացի ինստիտուցիոնալիզացման միտումներն են, կազմակերպություններն ավելի հեշտությամբ են ծրագրեր իրականացնելու թույլտվություն ստանում, նաև օրենսդրական դաշտում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել։ Սակայն կարևոր է, որպեսզի կրթությունը  կապվի հիմնարկի ներքին կյանքի հետ, և օրենսդրական նախադրյալներ ստեղծվեն, որպեսզի կրթություն ստանալը խրախուսվի կարճաժամկետ մեկնումներ, զբոսանք, տեսակցություններ, հանձնուքներ ստանալու, դրանց տևողությունը երկարացնելու կամ քանակն ավելացնելու ձևով։

Կրթական ծրագրերին մասնակցելու համար պայմանական վաղաժամկետ ներկայացվող դատապարտյալին տրվում է 3 միավոր, սակայն կրթական ծրագրերի տարանջատում չի կատարվում, նույն միավորը տրվում է ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ ոչ ֆորմալ ծրագրերի դեպքում։ Ի պատասխան՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ քրեակատարողական օրենսդրության փոփոխությունից հետո որոշակի ժամկետ է սահմանվել ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու համար: Բարձրացված առաջարկությունը նկատի կառնվի նշված փոփոխությունների համատեքստում։

Խնդրահարույց է կրթության բովանդակության նկատմամբ վերահսկողությունը։ Հովհաննիսյանի կարծիքով՝ կրթության հնարավորություններն ընդլայնելուն զուգահեռ կրթության մակարդակը համայնքային կրթության մակարդակին չպետք է զիջի, այսինքն՝ կրթությունը հասանելի դարձնելը չպետք է լինի վերջինիս որակի հաշվին:

Թեև մեխանիզմներ են նախատեսված, որպեսզի ազատազրկված անձինք դրսեկության ձևով կրթություն ստանան, սակայն դրանք չեն գործում։ Հարցի շուրջ քննարկումներ են եղել քրեակատարողական ծառայության և հիմնարկների հետ։ Նախ նման ցանկություն հայտնող անձինք չկան։ Մյուս կողմից էլ դա հավելյալ ծանրաբեռնվածություն է առաջացնում քրեակատարողական հիմնարկի համար՝ կրթական հաստատություն ուղեկցումն ապահովելու հարցում։ Սակայն Հովհաննիսյանը նշեց, որ պետք է դիտարկել այդ մեխանիզմները կյանքի կոչելու տարբերակները։

Հովհաննիսյանը համակարծիք է, որ հիմնարկների շենքային պայմաններն ուղղակիորեն անդրադառնում են վերասոցիալականացման հնարավորությունների վրա: Դրանք մեծամասամբ կառուցվել են խորհրդային ժամանակահատվածում և չունեն ներկառուցված ուսումնական սենյակներ։ Այդ պատճառով կրթական ծրագրերն իրականացնելու համար օգտվում են առկա հնարավորություններից: Բացի այդ, վերանորոգման կարիք զգացվում է հիմնարկների՝ նաև կրթության նպատակով հատկացված հատվածներում: Հեռավար կրթության կազմակերպման հնարավորությունները ևս սուղ են։ Ներկայումս հիմնարկներն օգտվում են տեսակապի կամ համակարգչային դասընթացների կազմակերպման համար նախատեսված տեխնիկական հնարավորություններից: Այս հարցում օգնում են հասարակական կազմակերպությունները, որոնց կողմից դրամաշնորհային ծրագրերի արդյունքում վերանորոգված սենյակները ներկայումս օգտագործվում են կրթական ծրագրերի իրականացման համար: Որպես օրինակ մատնանշեց նաև «Արմավիր» ՔԿՀ-ն, որը վերջերս է կառուցվել համակարգի խնդիրները լուծելու համար, սակայն շենքային պայմանների և այլ պատճառներով խնդիրները համակարգում ավելացել են: Ինչպես ամբողջ հիմնարկը, այնպես էլ ուսումնական սենյակները չեն ունեցել օդափոխության համակարգ:  

Բացի այդ, կարևոր է, որպեսզի ռեսուրսները մեկ հիմնարկում չկենտրոնացվեն, այլ հավասարապես իրականացվեն բոլոր քրեակատարողական հիմնարկներում, քանի որ հակառակ պարագայում ստացվում է, որ ազատազրկված անձանց վերասոցիալականացման համար ոչ հավասար պայմաններ են ստեղծվում: Հասարակական կազմակերպություններն այս հարցում ևս օգնում են, սակայն կարևոր է, որպեսզի վերջիններիս կողմից իրականացվող դասընթացները դրամաշնորհային ծրագրերի ավարտից հետո իրականացվեն պետության կողմից կամ վերջինիս ֆինանսավորմամբ:

ՀՀ արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության Քրեական և քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Գյուրջյանն իր ելույթում կարևորեց քաղաքացիական հասարակության հետ ձևավորված համագործակցության ձևաչափը։ Նա վերահաստատեց, որ նախարարությունը բաց է համագործակցության համար: Խնդիրների առկայության վերաբերյալ փոխադարձ ընկալում կա, այն համատեղ վեր է հանվում, և գործընկերներն առաջարկում են լուծումներ գտնել։

«2022 թվականին աննախադեպ միջոցառում տեղի ունեցավ: Երբ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակման փուլում էր, աշխատանքային խումբ ձևավորվեց, որում արդարադատության նախարարի որոշմամբ ներգրավվեցին քաղհասարակության ներկայացուցիչները։ Ներկայացվեցին առաջարկություններ, որոնց մեծ մասն ընդունվեց։ Քրեակատարողական նոր օրենսգիրքն անցում է կատարել վերասոցիալականցման քաղաքականությանը՝ հիմքում ունենալով կրկնահանցագործությունների նվազեցման միտումները։ Այս համատեքստում կարևորվում է նաև կրթությունը, որը հասարակության մեջ վերաինտեգրման և վերասոցիալականացման կարևոր նախադրյալներից է»,-մանրամասնեց Ա․ Գյուրջյանը։

Անդրադառնալով քրեակատարողական համակարգում կրթական բարեփոխումներին՝ նա նշեց, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում 2022 թվականի սեպտեմբերից 19 տարեկանից բարձր ազատազրկված անձինք նույնպես հանրակրթություն ստանալու հնարավորություն ունեն։

«Այդ աշխատանքը բավականին բարդ էր։ Նախ կարիքի գնահատում է իրականացվել, որի արդյունքում պարզվել է, որ շատերը տառաճանաչ չեն կամ թերի կրթություն ունեն։ Մշակվել են նոր մեթոդներ՝ հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների առանձնահատկությունները։ Դասավանդող ուսուցիչներն ընտրվում են մրցութային փուլերով, անցնում են նախնական և տարվա մեջ 3 անգամ ընթացիկ վերապատրաստումներ։ Հանրակրթական ծրագիրը խտացված է 1,5 տարվա կտրվածքով։ Արդեն 85 սովորող կա»,-մանրամասնեց նախարարության ներկայացուցիչը։

Հանրակրթությունից բացի քրեակատարողական հիմնարկներում նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրեր են իրականացվում՝ համակարգչային հմտություններ, օտար լեզուներ, հոգեբանություն, կարուձև, կահույքաշինություն:

Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայությանը, ապա Արարատի մարզում ուսումնական կենտրոն է բացվել, որտեղ շահառուները հաճախում են տարաբնույթ դասընթացների։ Առաջիկայում նմանատիպ կենտրոններ այլ մարզերում ևս բացելու պլաններ կան:

«Մենք բարձրաձայնում ենք արդեն իսկ կատարված գործողությունների մասին, որոնք իրականություն դարձնելու համար բավականաչափ աշխատանք է կատարվել։ Քաղհասարակության ներկայացուցիչների հետ համատեղ մենք աշխատում ենք մյուս խնդիրների համար ևս լուծումներ գտնել»,-ամփոփեց Աննա Գյուրջյանը։

Կոնֆերանսի ժամանակ «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. համագործակցություն, հիմնախնդիրներ և առաջարկություններ» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը:

Նա իր խոսքը սկսեց ազատազրկված անձանց կրթության կարևորության շեշտադրումով՝ վկայակոչելով միջազգային հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն՝ կրթության մեջ չընդգրկված ազատազրկված անձանց շրջանում կրկնահանցագործության ռիսկը բարձր է՝ 70-80 տոկոս:

Նա նախ ներկայացրեց հանրակրթության կազմակերպման գործընթացը: Արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպվում է մինչև 19 տարեկան անձանց հանրակրթությունը։ Երբ նշված տարիքի անձ է մուտք գործում հիմնարկ, վարչակազմն անմիջապես տեղեկացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին, որն իրավիճակն ուսումնասիրելուց հետո վերջինիս անմիջապես ներգրավում է հանրակրթության մեջ: 2022 թվականին մինչև 19 տարեկան 6 անձ է ներգրավել հանրակրթական պրոցեսում «Նուբարաշեն» և «Աբովյան» ՔԿՀ-ներում: Եթե տվյալ անձին այլ հիմնարկ տեղափոխելու անհրաժեշտություն է առաջանում, ապա որևէ խոչընդոտ չի առաջանում: Հանրակրթությունը կազմակերպվում է այն հիմնարկում, որտեղ անձը պահվում է:

Թադևոսյանը նշեց, որ նախադեպային էր Հայաստանում 19 տարեկանից բարձր անձանց համար հանրակրթությունը հասանելի դարձնելը: Նախապատմությունը սկսվել է 2021 թվականին: Նախ հետազոտություն է իրականացվել, որի շրջանակներում պարզվել է, որ 1000 դատապարտյալի շրջանում 300 դատապարտյալ ունի թերի միջնակարգ կրթություն: 2022 թվականի արդյունքներով 1000 դատապարտյալի շրջանում 240 անձ ուներ թերի միջնակարգ կրթություն:

«Այս թվերն ինքնին խոսում են այն մասին, որ այս գործընթացը շատ կարևոր է դատապարտյալների կրթության շարունակականության ապահովման, աշխատաշուկայում տեղ գրավելու և մրցունակ լինելու տեսանկյունից: Կրթությանը և հանրակրթությանը վերաբերող օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարվեցին, ինչից հետո գործընթացն արդեն գործնական տեսանկյունից կյանքի կոչվեց»,-մանրամասնեց Թադևոսյանը:

19 տարեկանից բարձր դատապարտյալների հանրակրթությունը մեկնարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հիմնարկների սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժիններում Քրեակատարողական ծառայության պետի հրամանով նշանակվել են աջակցող մասնագետներ, ովքեր «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին օգնում են կազմակերպչական և մնացած հարցերում:

Սակայն, բանախոսի փոխանցմամբ, ներգրավման գործընթացը հարթ չի եղել։ Նախ պարզվել է այն անձանց շրջանակը, ովքեր ցանկություն ունեն ներգրավվելու գործընթացում: Նման ցանկություն հայտնել են «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներից բացի մնացած հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք։ Բացատրական աշխատանքներ են կատարվել դատապարտյալների հետ: Նախապես 92 անձ է ներգրավվել, ներկայումս նրանց թիվը 85 է: Ոմանք պրոցեսից դուրս են եկել կամ իրենց անձնական նախաձեռնությամբ, կամ հաճախումների հիման վրա։ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն այնպիսի մեխանիզմներ է մշակել, որ այդ կամ այլ պատճառներով բուն կրթական պրոցեսը չխաթարվի։ Բացի այդ, դատապարտյալների և աշխատակիցների մտածողության տեսանկյունից խնդիրներ են արձանագրվել հատկապես այն հիմնարկներում, որտեղ նախկինում կրթական ծրագրեր չեն կազմակերպվել:

«Մենք այդ խնդիրը չունենք «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղ մի քանի տարի է, ինչ կրթական ծրագրեր են կազմակերպվում, և դատապարտյալներն ու աշխատակիցները հարմարված են պրոցեսին։ Սակայն կան հիմնարկներ, որոնք դժվարություններ են ունենում պրոցեսը գործնականում կազմակերպելու տեսանկյունից»,-մանրամասնեց Ծ. Թադևոսյանը:

Խնդրահարույց էր նաև համապատասխան տարածքների առանձնացումը: Քանի որ հիմնարկները մեծամասամբ կառուցվել են խորհրդային միության ժամանակահատվածում, դրանք նախատեսված չեն վերասոցիալականցման և կրթական գործընթացներ կատարելու համար: 

«Մենք տարբեր տարածքներ ենք դիտարկել, տարբեր տարածքներ ենք առանձնացրել, փորձել ենք ինչ-որ կերպ տարածքների տեղադրվածությունը և դրանց վերանորոգումն այնպես կազմակերպել, որպեսզի իրենց բնույթով տրամադրող լինեն և համապատասխանեն կրթական պահանջներին»,-նշեց բանախոսը:

Դատապարտյալների մոտիվացիայի հետ կապված ևս խնդիրներ են եղել: Բանախոսը նշեց, որ կան արտաքին մոտիվացիոն մեխանիզմներ՝ վաղաժամկետ ազատման և անվտանգային գոտու տեսակի փոփոխման ինստիտուտները: Կան դատապարտյալներ, ովքեր հենց նշված գործընթացներում առավելություններ ունենալու համար են մասնակցում ծրագրին, սակայն կարևոր ձեռքբերում է անգամ այն, որ դատապարտյալն այդ մոտիվացիայից ելնելով մտնում է կրթական գործընթացի մեջ:

«Մեր աշխատակիցների և մանկավարժների աշխատանքի արդյունքում արտաքին մոտիվացիան փոխվում է ներքին մոտիվացիայի, և դատապարտյալը հասկանում է հանրակրթության կարևորությունն իր հետագա ամբողջ կյանքի համար»,-նշեց ՍՀԻԱ բաժնի պետը:

Անդրադառնալով ոչ ֆորմալ կրթական դասընթացներին՝ նշեց, որ 2022 թվականին մի քանի կարևոր ձեռքբերումներ են եղել: «Սևան» ՔԿՀ-ում առանձնացվել է կահույքագործության սենյակ, և 13 ազատազրկված անձ ստացել է կահույքագործության որակավորում: «Աբովյան» ՔԿՀ-ում կարի դասընթացներ են կազմակերպվել, որին մասնակցել է մինչև 10 ազատազրկված անձ: Թադևոսյանի գնահատմամբ այդ դասընթացները կարևոր են դատապարտյալներին գործնական հմտություններ սովորեցնելու տեսանկյունից:

Ազատազրկված անձանց համար հավասար վերասոցիալականացման հնարավորություններ ստեղծելու առումով նշեց, որ 2022 թվականին պետական և ոչ պետական կառույցներին դիմել են «Արթիկ», «Գորիս» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում կրթական ծրագրեր իրականացնելու համագործակցության առաջարկով, ինչի արդյունքում տեղաշարժ է արձանագրվել: «Արթիկ» ՔԿՀ-ում հասարակական կազմակերպություններից մեկի կողմից իրականացվել են շինարարության, համակարգչային հմտությունների և կահույքագործության դասընթացներ, որոնց մասնակցել է 30 ազատազրկված անձ: «Գորիս» ՔԿՀ-ում հասարակական կազմակերպություններից մեկն իրականացրել է օճառագործության դասընթաց, որին մասնակցել է 6 դատապարտյալ, ինչը նախադեպային երևույթ էր «Գորիս» ՔԿՀ-ի համար: Նույն կազմակերպության միջոցով «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել են ծաղկեգործության և գրչագործության դասընթացներ: Այստեղ նախադեպային էր այն, որ դասընթացը վարել է դատապարտյալը, ում հետ կազմակերպությունը կնքել էր ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր։ Մեկ այլ կազմակերպություն «Աբովյան» ՔԿՀ-ում կին դատապարտյալների շրջանում յոգայի դասընթացներ է իրականացրել: Դա փորձնական ծրագիր էր, արդյունքներն ամփոփելուց հետո կդիտարկվի այն այլ հիմնարկներում կազմակերպելու հարցը: Ամեն տարի դատապարտյալները մասնակցում են դատապարտյալների շախմատի առաջնության: Ներհիմնարկային և միջհիմնարկային մրցույթների լավագույն 5 դատապարտյալների համար 2022 թվականին Շախմատի ակադեմիայի կողմից մի քանի ամիս հեռավար դասընթացներ են կազմակերպվել, ինչից հետո նրանք մասնակցել են շախմատի աշխարհի առաջնությանը:

Բանախոսը նշեց, որ բարձրագույն կամ հետբուհական կրթությունն ամենախնդրային գործընթացն է քրեակատարողական հիմնարկերում: Խոչընդոտները պարզելու և դրանք լուծելու համար Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ 2023 թվականի հունվարին քարտեզագրվել են բարձրագույն կամ հետբուհական կրթություն տրամադրող բուհերը՝ մեկ միասնական հարթակ ստեղծելու նպատակով:

«Մենք շուրջ 36 պետական և ոչ պետական բուհերի գրություններ ենք ուղարկել: Պատասխանները ստանալուց և ամփոփելուց հետո մենք կկարողանանք հասկանալ հիմնական խոչընդոտները, որոնք առկա են բարձրագույն կամ հետբուհական կրթության պրոցեսում, դրանց լուծման համար առաջարկներ կներկայացնենք և կկարողանանք դատապարտյալներին համապատասխան տեղեկատվություն տրամադրել»,-ամփոփեց Ծովինար Թադևոսյանը։

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը հանդես եկավ «Կրթությունը պրոբացիայի ծառայությունում. համագործակցություն, հիմնախնդիրներ և առաջարկություններ» թեմայով զեկուցմամբ։

Նա շեշադրեց, որ Պրոբացիայի ծառայության գլխավոր նպատակը կրկնահանցագործությունների կանխարգելումը և հասարակության անվտանգության ապահովումն է, ինչին և միտված են վերասոցիալականացման ծրագրերը: Նշեց, որ Պրոբացիայի ծառայությունը կարևորում է շահառուների վերասոցիալականացման գործընթացը, ինչին էլ միտված էին 2022 թվականին իրականացված մի շարք գործողություններ։

Նախ, Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվել է վերասոցիալականացման և վերականգնողական բաժին, որը պետք է զբաղվի շահառուների վերասոցիալականացման գործընթացով և միևնույն ժամանակ աջակցություն տրամադրի մարզային մարմիններին: Բանախոսի դիտարկմամբ՝ վերասոցիալականացման գործընթացը կենտրոնացված է մայրաքաղաքում, հետևաբար կարևոր է, որպեսզի մարզերը դուրս չմնան: Երկրորդ կարևոր նախաձեռնությունն այն է, որ 2022 թվականին Հայաստանում բացվել է Պրոբացիայի ծառայության առաջին մասնագիտական ուսուցման կենտրոնը:

«Կենտրոնի գործառույթը վերասոցիալականացման գործընթացի կրթական բաղադրիչի ապահովումն է։ Այն Արարատի մարզում բացվեց, քանի որ մենք ցանկանում ենք մարզերում ևս շահառուններին ներգրավել վերասոցիալականացման ծրագրերում։ Դասընթացներն իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ներկայումս 4 մասնագիտացում է ուսուցանվում` կահույքաշինության և կարի հիմունքներ, վարսավիրական հմտություն և կոսմետոլոգիա: Նպատակ ունենք նոր մասնագիտացումներ ավելացնել և նոր կենտրոններ բացել: Կիրականացվեն ոսկերչություն, խոհարարություն, զոդման հմտություններ և նմանատիպ դասընթացներ»,-մանրամասնեց բանախոսը:

Բանախոսի դիտարկմամբ՝ կարևորվում են հատկապես արհեստագործական ծրագրերը, քանի որ շահառուներն այդպիսով ձեռք են բերում մասնագիտացումներ, որոնք աշխատաշուկայում պահանջված են և նրանց կօգնեն աշխատանք գտնել, հոգալ իրենց և իրենց ընտանիքիների կարիքները:

Ավելացրեց, որ 2022 թվականին 19 տարեկանից բարձր շահառուի հանրակրթության շարունակականության ապահովման հետ կապված խնդիր է արձանագրվել։

«Քրեակատարողական հիմնարկում 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթական ծրագրի մեջ ներգրավված դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատվել է: Երբ անձը պայմանական վաղաժամկետ ազատվում է, հայտնվում է Պրոբացիայի ծառայության վերահսկողության տակ: ՊՈԱԿ-ի հետ քննարկում ենք, որպեսզի վերջինս 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթության գործընթացը շարունակի նաև Պրոբացիայի ծառայությունում»,-նշեց Մուղդուսյանը:

Ի պատասխան՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ խնդիրը համատեղ քննարկման փուլում է, փորձում են լուծման տարբերակներ գտնել։

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հանրակրթական և ոչ ֆորմալ կրթական ծրագրերը:

Ձ․ Մարգարյանը նշեց, որ նմանօրինակ հանդիպումները շատ կարևոր են, քանի որ պետական կառույցներին հնարավորություն են տալիս իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել քաղաքացիական հասարակության ինստիտուտներին։

Նա ներկայացրեց 19 տարեկանից բարձր դատապարտյալների հանրակրթության գործընթացը, որը մեկնարկել է 2022 թվականից և քրեակատարողական նոր օրենսգրքի փոփոխություններից է, որի տրամաբանությունը միտված է ազատազրկված անձանց սոցիալական վերաինտեգրմանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների խորհրդով մշակվել է քրեակատարողական հիմնարկներում հանրակրթության տրամադրման առանձին մեթոդաբանություն, որի աշխատանքային տարբերակն արդեն առկա է և հընթացս գործում է։ ՊՈԱԿ-ը նաև մշտադիտարկման ծրագիր է մշակել, որպեսզի հնարավոր լինի հետադարձ գնահատական տալ հանրակրթության ոլորտի աշխատանքներին։ Առաջին կիսամյակի վերաբերյալ դիտարկումները ներկայացվել են արդարադատության փոխնախարարին, կատարվել են հետևություններ, ինչը կօգնի բարձրացնել ուսուցման դինամիկան։

«Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե ազատազրկված անձանց քանի տոկոսը կրթության կարիք ունի։ Այս առումով շատ կարևոր է մշտադիտարկումը։ Երբ դատապարտյալն իր դիմումի համաձայն ընդգրկվում է հանրակրթության մեջ, դատապարտյալի նշած ուսումնական հաստատություն գրավոր հարցում է ուղարկվում՝ պարզելու համար, թե մինչև որ դասարանն է սովորել։ Եղել է դեպք, երբ անձն ունեցել է միջնակարգ կրթության վկայական, սակայն փորձել է նորից ներգրավվել ՊՈԱԿ-ի տրամադրած հանրակրթության մեջ, ինչը, բնականաբար, կանխվել է։ Մեկուկես տարի հետո հանրակրթության մեջ ներգրավված անձինք էքստեռն կարգով քննություն են հանձնելու։ Հույս ունենք, որ առաջին շրջանավարտների թողարկումից հետո մենք կկարողանանք առավելագույնս մոտենալ ընդհանուր հանրակրթությանը։ Հանրակրթության տրամադրումն ինքնանպատակ չէ։ Այն պետք է նպաստի մասնագիտական հմտությունների զարգացմանը։ Օրինակ, եթե անձը շինարար է, պետք է որոշակի պատկերացում ունենա նաև մաթեմատիկայից»,-մանրամասնեց Մարգարյանը։

ՊՈԱԿ-ի տնօրենը մտահոգություն հայտնեց, որ դասավանդող ուսուցիչների միջին տարիքը բարձր է։ Ճիշտ է, նրանք ոլորտային լավ մասնագետներ են, մեծ ավանդ ունեն, ներգրավված են եղել հանրակրթության մեջ բազում տարիներ առաջ։ Սակայն այն համայնքային կառույցները, որտեղ տեղակայված են քրեակատարողական հիմնարկները, անելիքներ ունեն։ Օրինակ, եթե «Արթիկ» ՔԿՀ-ում Երևանից մասնագետ է նշանակվում, դա առաջ է բերում ճանապարհածախսի հետ կապված հարցեր, ինչը դեռևս հնարավոր չէ կազմակերպել, քանի որ ՊՈԱԿ-ը տրանսպորտային միջոցներ չունի։ Այս համատեքստում ՊՈԱԿ-ը փորձում է աշխատել համայնքների հետ։

Մարգարյանը դրական գնահատեց քրեակատարողական հիմնարկների հետ աշխատանքը։ Սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատողները ժամանակին ապահովում են դատապարտյալի ներկայությունը դասասենյակում, պատասխանատու են մինչև դասի ավարտը։ Բանախոսի դիտարկմամբ՝ եթե ավելի բծախնդիր մշտադիտարկում իրականացվի, հանրակրթության մեջ ներգրավվածների թիվը կմեծանա։

«Դատապարտյալներից օրական 2 կամ 3 գրություն եմ ստանում, որով խնդրում են նախկինում ծրագրերում ներգրավված լինելու մասին տեղեկանքներ տալ, որոնց շնորհիվ պայմանական վաղաժամկետ ազատման ներկայանալիս միավորներ են ստանում։ Ամենամեծ մոտիվացիան այսօրվա սովորողներն են, որոնք իրենք իրենցով պայմանավորում են, որպեսզի որոշակի հասարակական միջավայր ստեղծվի, և հանրակրթության վերաբերյալ վերապահումներ չլինեն։ Երբ քաղաքացին առաջին օրը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, հիմնարկը և մնացած ինստիտուտները պետք է սկսեն նրա հետ աշխատել, որպեսզի նրան լիարժեք վերադարձնեն հասարակություն՝ կանխելով կրկնահանցագործությունը և քրեական ենթամշակույթը»,-հավելեց Մարգարյանը։

Հանրակրթությունից և վերասոցիալականացման ծրագրերից բացի ՊՈԱԿ-ն իրականացնում է նաև քրեակատարողական ծառայողների ուսուցում և վերապատրաստում։ Առաջին անգամ քրեակատարողական հիմնարկում աշխատանքի անցնողը Կարբիի համալիրում անցնում է հատուկ ուսուցում, հետո անցնում է պաշտոնավարմանը։ Բացի այդ, քրեակատարողական հիմնարկների աշխատողներն անցնում են ընթացիկ վերապատրաստումներ։

«Քրեակատարողական օրենսդրության փոփոխության համատեքստում փոփոխություններ են կատարվում այն ուսումնական ծրագրերում, որոնցով ուսուցումներ և վերապատրաստումներ են անցնում աշխատակիցները, որպեսզի աշխատակիցների համար ավելի հասցեագրված լինեն ազատազրկված անձանց վերասոցիալականացման խնդիրները»,-մանրամասնեց ՊՈԱԿ-ի տնօրենը։

Կառավարության առաջիկա ծրագրով մեծ ներդրումներ են նախատեսվում հատկապես վերասոցիալականացման ոլորտում, մասնավորապես հանրակրթության և վերասոցիալականացման ծրագրերում։ Այս համատեքստում ՊՈԱԿ-ը նախատեսում է ստեղծել համադրելի բազաներ այն անձանց համար, որոնք հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում, հետո հաշվառվում են պրոբացիայի ծառայությունում։ Նպատակն այն է, որ ՊՈԱԿ-ը հետամուտ լինի իր կողմից տրված գիտելիքներին՝ հասկանալու համար՝ դրանք մարդուն պետք գալիս են, թե՝ ոչ։ Մարգարյանի դիտարկմամբ՝ միայն այդ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր կլինի կանխորոշել անելիքները։

«Երբ անձը փորձում է մտնել աշխատաշուկա, կարևոր է, որպեսզի իրեն ուշադրություն դարձնեն։ Խնդիրը միայն աշխատանք գտնելը չէ, խնդիրն իր անձի նկատմամբ շրջապատի, ընտանիքի, հանրության վստահությունը վերականգնելն է։ Այս առումով Միասնական սոցիալական ծառայությունն անելիք ունի»,-վստահեցրեց Ձ․ Մարգարյանը։

ՊՈԱԿ-ի Վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի պետ Հասմիկ Հովակիմյանն ավելացրեց, որ քրեակատարողական ծառայության հետ պարբերաբար քննարկվում է, որպեսզի անվտանգային գոտու փոփոխման դեպքում հիմնարկից հիմնարկ տեղափոխմամբ պայմանավորված կրթության շարունակականությունն ապահովվի։ Մասնավորապես դիտարկվում է «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներից բացի մյուս հիմնարկներում ծրագրեր իրականացնելու հարցը։

Ինչ վերաբերում է ազատազրկված անձանց շրջանում կրթություն ստանալու մոտիվացիային, ապա ՊՈԱԿ-ը ծրագրերի մասնակիցների հետ կատարում է խմբային աշխատանքներ, լինում են անհատական ընդունելություններ։

Հովակիմյանը վերահաստատեց այն մտահոգությունը, որ հիմնարկների շենքային պայմանները գուցե լավագույնը չեն, սակայն դրանք առավելագույնս ապահովվել են կրթության կազմակերպման համար առաջին անհրաժեշտության պայմաններով և պարագաներով։

«Երբ անչափահասը կալանքի փոփոխմամբ պայմանավորված դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անմիջապես մեր կողմից ծանուցվում է։ Միաժամանակ ծանուցում է ուղարկվում անչափահասի հաշվառման հասցեի համայնք։ Բացի այդ, կատարում ենք բազմաթիվ հարցումներ, որոնք ուղարկվում են նաև տարածքային կառավարման նախարարություն, տեղակական ինքնակառավարման մարմիններին։ Բայց չենք կարող նաև հերքել կրթությունից դուրս մնալու փաստը։ Այս պահին «Աբովյան» ՔԿՀ-ում ունենք անձ, ով 2 տարի կրթությունից դուրս մնացած է եղել, և շատ դժվար է նրան ինտեգրել՝ հաշվի առնելով այդ բացթողումը»,-ամփոփեց Հասմիկ Հովակիմյանը։

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող Հովհաննես Համբարձումյանը ներկայացրեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալներից 4-ը բարձրագույն կրթություն է ստանում Ուրարտու, իսկ 1-ը՝ Եվրասիա միջազգային համալսարանում։ Ուսուցումը կազմակերպվում է հեռավար ձևաչափով։ Հիմնարկի կողմից այլ բուհերի հետ ևս համագործակցելու տրամադրվածությունը բարձր է։ 

2022 թվականից հիմնարկում իրականացվում է 19 տարեկանից բարձր դատապարտյալների հանրակրթությունը։ Այսինքն՝ անձինք, ովքեր իրենց քրեական գործերի հետ կապված կամ այլ պատճառներով չեն կարողացել ստանալ միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթ, այժմ ունեն այդ հնարավորությունը։ Նրանց շրջանում ևս մեծ է այդ փուլն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալու ցանկությունը։ 

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներ Գրիշա Ահարոնյանը և Մուշեղ Մխիթարյանը, ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներ Արթուր Քոչարյանը, Միքայել Մարտիրոսյանը, Կարեն Դալլաքյանը և Աշոտ Կիրակոսյանը հեռավար ձևաչափով մասնակցեցին կոնֆերանսին։ Միքայել Մարտիրոսյանը, ով ներկայումս Ուրարտու համալսարանի ուսանող է, բարձրաձայնեց մի շարք խնդիրների մասին։

Առաջինը բարձրագույն կրթության և բուհերի հասանելիության խնդիրն է: Հիմնարկը կարողացել է համագործակցություն հաստատել Ուրարտու համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի և Հյուսիսային  համալսարանի հետ, որոնք պատրաստ են դատապարտյալներին բարձրագույն կրթություն տրամադրել, բայց ցանկալի է, որ այլ համալսարաններ ևս ներգրավվեն՝ հնարավորություն տալով սովորել այլ մասնագիտություններ։

«Մենք ունենք ուսանող, ով 4 տարի սովորել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, հետագայում դատապարտվել է ազատազրկման, և կրթությունը թերի է մնացել: Այս պահին նա «Սևան» ՔԿՀ-ում է, բայց համալսարանը չցանկացավ համագործակցել հիմնարկի հետ: Ներկայումս ճարտարագիտական համալսարանում սովորելու ցանկացողներ կան, բայց համալսարանը նույնպես հրաժարվեց, և համագործակցությունը չստացվեց։ Այստեղ պետք է ավելի բարձր մակարդակով աշխատանք կատարվի, որպեսզի բուհերը ոչ թե պարտադրված, այլ շահագրգռված լինեն աշխատել դատապարտյալների հետ։ Բուհերը կամ հասարակությունն ուզեն, թե չուզեն, մենք նույնպես հասարակության մի մասն ենք և ուշ, թե շուտ դուրս ենք գալու։ Երևի թե հասարակությանը ձեռնտու կլինի, որ մենք ավելի  պատրաստված լինենք, կրթված դուրս գանք այստեղից: Դա ձեռնտու է ոչ միայն հասարակությանը, այլ նաև մեզ»,-մանրամասնեց դատապարտյալը։ 

Երկրորդ խնդիրը վերաբերում է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ընդլայնմանը։ Պետք չէ շեշտը դնել միայն բուհերում սովորելու վրա։ Հասարակությանը պետք են նաև, օրինակ, զոդողներ։ Պետք է նման հնարավորություն տալ դատապարտյալներին, որպեսզի հիմնարկից դուրս եկողը արհեստ ունենա՝ աշխատելու, ընտանիքը պահելու և կրկնահանցագործություն չկատարելու համար:

Երորրդ հարցը վերաբերում է նախարարությունների, Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությանը՝ ուղղված դատապարտյալների մասնակցությունը կրթական և վերասոցիալականացման ծրագրերին խրախուսելուն, ինչը պետք է խրախուսվի օրենսդրական մակարդակում, չթերագնահատվի այն գիտելիքը, որն անձը ստացել է հիմնարկում, դիտարկվի նաև պայամանական վաղաժամկետ ազատվելիս։ Կրթությունը պետք է մոտիվացնող լինի:

Կոնֆերանսին «Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. հիմնախնդիրներ և առաջարկություններ» բանախոսությամբ հանդես եկավ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի Հոգեբանության ամբիոնի վարիչ, դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հռիփսիմե Պետրոսյանը։

Նա նշեց, որ ազատազրկված անձանց կրթության կազմակերպման գործընթացը մեր պետության քաղաքականության ձեռքբերումներից է, ինչի արդյունավետության կայացմանը միացել է նաև համալսարանը՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ կրթությունը վերասոցիալականացման կարևորագույն բաղադրիչներից է: Կրթության դրական արդյունքները բազմաթիվ են՝ աշխատանք, հոգեբանական գիտելիքների մեջ հասունացում, շրջապատի հետ և միջանձնային հարաբերությունների մեջ վերահաստատում, ինքնիրացում, կայացում և այլն: Այս ամենը հաշվի առնելով՝ համալսարանն իր դռները բացել և ընդունել է նրանց, ովքեր դիմել են բարձրագույն կրթություն ստանալու համար: Պետրոսյանը նշեց, որ համալսարանը պատասխանատու կերպով է վերաբերում գործընթացին և հուշագրեր է կնքել Պրոբացիայի ծառայության ու Քրեակատարողական ծառայության հետ, ինչպես նաև համագործակցում է քրեակատարողական ծառայության սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ։ Քանի որ համալսարանն ունի գործնական ուղղվածություն, ակադեմիական գիտելիքներ տալուց զատ կարևորում է նաև գործնական աշխատանքների իրագործումը շահառուների հետ:

Համալսարանի ներկայացուցիչը ներկայացրեց վիճակագրական տվյալներ։ Մեկ շրջանավարտ ավարտել է բակալավրիատը, ապա մագիստրատուրան և ասպիրանտուրան, այժմ աշխատում է ատենախոսական թեզի վրա: 2023 թվականի ավարտին կլինեն բակալավրիատի 2 և մագիստրատուրայի 1 շրջանավարտներ։ Համալսարանն ունի հեռակա ուսուցման 3 դատապարտյալ ուսանող, մեկը 2-րդ կուրսում է, 2-ը՝ 1-ին։ Այլ դատապարտյալներ ևս դիմել են, սակայն քանի որ չեն ունեցել միջնակարգ կրթության վկայական, չեն կարողացել համալսարան ընդունվել:

«Մենք կարևորում ենք քրեակատարողական հիմնարկներում կրթությունը հասանելի դարձնելու նախաձեռնությունները։ Նաև գնահատում ենք հիմնարկների ղեկավարությանը և աշխատակիցներին, ովքեր մեծ պատրաստակամությամբ համագործակցում են մեզ հետ: Մենք քննություններն ընդունել ենք նաև հիմնարկներում, որտեղ հնարավորինս լավագույն պայմաններ են ստեղծվել՝ այդ գործընթացներն արդյունավետ ձևով կազմակերպելու համար»,-մանրամասնեց Հռ․ Պետրոսյանը։

Հիմնվելով տարիների համագործակցության վրա՝ նա առանձնացրեց մի քանի կարևոր առաջարկություններ։ Նախ, կրթության դերից և նշանակությունից բացի կարևոր է հասցեագրել նաև հոգեկան առողջության խնդիրը, դրա կանխարգելումը, կարգավորումը, շտկումը, ինչպես նաև հոգեբանական գիտելիքների հարստացումը։ Այս առումով համալսարանը պատրաստ է հոգեբանական աշխատանքներ կազմակերպել շահառուների հետ։

Պետրոսյանը փաստեց, որ հիմնարկներում պատրաստված հոգեբաններ են աշխատում։ Սակայն իրականացնելով նրանց վերապատրաստումը՝ նկատել է, որ մասնագիտական աջակցության, մասնավորապես անհատական հոգեբանական աշխատանքի, նաև խմբային աշխատանքների կարիք ունենք։ Համալսարանը պատրաստ է աջակցել վերապատրաստումների իրականացման հարցում: Բանախոսի դիտարկմամբ՝ դա ևս կարևոր է, քանի որ միտված է մեկ նպատակի` հասարակության համար պիտանի և կրթված մարդիկ ունենալ, կանխարգելել կրկնահանցագործությունները։

Հաջորդ դիտարկումն այն է, որ միջնակարգ կամ բարձրագույն կրթություն ստանալուց զատ կարևորվի ուսանողներին տարրական հոգեբանական գիտելիքներ տալը, ինչը կօգնի ինքնաճանաչմանը, վերասոցիալականացմանը։

Ուսանողների շրջանում ոգևորվածությունը մեծ է, սակայն համալսարանը որոշակի խնդիրներ է արձանագրել, ինչը կապված է հեռավար տարբերակով շփման սահմանափակ լինելու հետ։ Ուսանող դատապարտյալները ոչ բոլոր ժամերին են կարողանում կապ հաստատել մյուս ուսանողների կամ դասախոսների հետ:

«Մենք շատ ձեռքբերումների ենք հասել, բայց կարիք կա գործընթացը կատարելագործել»,-ամփոփեց բանախոսը։ 

Կոնֆերանսին քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթության կազմակերպման և հիմնախնդիրների վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկան Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, դասախոս Նունե Ջոմարդյանը և համալսարանի Հետազոտական կենտրոնի ղեկավար, Իրավագիտության ամբիոնի դասախոս Լիա Թևոսյանը։

Համալսարանն աշխատում է 2 հիմնարկի հետ՝ «Արմավիր» և «Նուբարաշեն», քանի որ եղել են 1-ական դիմորդներ նշված հիմնարկներից, ովքեր ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, ինչին համալսարանը դրական է արձագանքել։

Կրթությունը կազմակերպվում է հեռավար տարբերակով։ Համագործակցությունը սկսվել է Կովիդ-19-ի ժամանակահատվածում, երբ կային մշակված մեխանիզմներ, որոնք թույլ էին տալիս կրթությունը հեռավար իրականացնել։ Հետևաբար հեռակա ուսուցումը հեռավար ձևաչափով է իրականացվել։ Սահմանված գործընթացներին համապատասխան կազմակերպվել է ընդունելության քննությունը։

Համագործակցությունն իրականացվում է համալսարան-հիմնարկ-ուսանող շղթայով, թեև կարևոր է այդ շղթայի մեջ ներառել նաև դատապարտյալի հարազատներին, որոնք անմիջական մասնակցություն են ունենում կրթական գործընթացի կազմակերպմանը։

Կրթական գործընթացի կազմակերպումը սկսվում է կիսամյակի սկզբին, դասացուցակները հաստատվում և փոխանցվում են հիմնարկներին, իսկ վերջիններիս կողմից՝ ուսանողներին: Հաշվի են առնվում ժամային առանձնահատկությունները, ինչը պայմանավորված է հիմնարկի օրվա կարգացուցակով։ Օրվա մեջ կազմակերպվում է մեկ կամ երկու դաս՝ 14։30-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում: Դասընթացի տևողությունը 80 րոպե է։

Կիրառվում է կրթական առցանց գործիքը՝ Microsoft Teams-ը, որը նաև վիրտուալ լսարան է և կայուն կապ է ապահովում դասախոսի, ամբիոնի և ուսանողի միջև: Այլ կերպ ասած՝ լսարան է, որը հնարավորություն է տալիս օգտագործել տարբեր գործիքներ, ապահովում է կենդանի շփում, էլեկտրոնային գրատախտակի կիրառում, գրականության և հանձնարարությունների տեղադրում, գնահատելու հնարավորություն։ Հարթակն առցանց դասընթացների համար է նախատեսված, սակայն էլեկտրոնային տարբերակով քննություններ հանձնելու հնարավորություն ևս տալիս է։

Ուսումնական նյութերը, այդ թվում՝ ուսումնական ծրագիրը, հիմնական և լրացուցիչ գրականությունը, տեղադրվում են վիրտուալ լսարանում։ Այնտեղ տեղադրվում են նաև ցուցադրություններ, դասախոսություններ և այլն: Բացի այդ, յուրաքանչյուր ուսանողի համար տպվում են նյութերի 1-ական օրինակներ, որոնք հարազատների միջոցով ուղարկվում են հիմնարկներ։ Հաջորդ կիսամյակի ժամանակ, երբ նոր ծրագիր և առարկաներ են սկսվում, հիմնարկներից հետ են բերվում նախորդ կիսամյակի ուսումնական նյութերը, ծնողներին կամ հարազատներին հանձնվում են նորերը։ Այսինքն՝ ուսանողներն ունենում են գրականությունը թղթային եղանակով և վիրտուալ լսարանում՝ էլեկտրոնային եղանակով։

Համալսարանը կարգավորել է նաև քննությունների կազմակերպման գործընթացը։ Ուսանողը ցույց է տալիս իր շրջակա տարածքը, սեղանը՝ հավաստելու համար, որ ավելորդ գրականություն տեղադրված չէ կամ իրեն չեն օգնում։ Այդ հարցում համալսարանին աջակցում են հիմնարկների աշխատողները, ովքեր փաստում են, որ ուսանողների մոտ այլ նյութեր տեղադրված չեն, և պատասխանները հիմնված են զուտ գիտելիքի վրա:

Հիմնական ուսումնառության կազմակերպումից բացի համալսարանը նախաձեռնում է նաև վարպետության դասեր կրթական և աշխատանքային իրավունքի կամ այլ թեմաներով, որոնց հեռավար տարբերակով մասնակցում են նաև դատապարտյալ ուսանողները։ Համալսարանը կարևորում է, որպեսզի նրանք տարբերություն չզգան։ Այդ մասնակցությունը կարևոր է նաև փափուկ հմտությունների զարգացման տեսանկյունից։

Որպես դատապարտյալների բարձրագույն կրթության կազմակերպման մարտահրավերներ՝ բանախոսներն առանձնացրեցին շաբաթ օրերին դասերի կազմակերպման անհնարինությունը, համացանցի հաճախակի խափանումները, Microsoft Teams հարթակը սպասարկող համակարգիչների սակավությունը, քրեակատարողական հիմնարկներում մասնագիտական գրականության բացակայությունը։ Համալսարանը հեռակա ուսուցումը կազմակերպում է նաև շաբաթ օրերին, սակայն հիմնարկների դեպքում դա հնարավոր չէ։ Ճիշտ է, լուրջ խափանումներ չեն եղել,սակայն Teams համակարգը պահանջում է ավելի հզոր համակարգիչներ։ Եղել է դեպք, երբ, օրինակ, կիսամյակի մեկնարկից առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից համակարգիչը տարել են համալսարան, ծրագիրը ներբեռնվել է, և կատարվել են կանոնակարգումները։ Այսինքն՝ խնդիրները հարթվում են, դրանց պատճառով դասընթացների ձախողումներ չեն լինում, բայց կարևոր է, որպեսզի տեխնիկան նորացված լինի, որպեսզի դասընթացներն ավելի արդյունավետ կազմակերպվեն։

Գործընթացի բարելավման տեսանկյունից համալսարանը կարևորում է բարձրագույն կրթության կազմակերպման համար իրավագիտակցության բարձրացումը շահառուների շրջանում, կրթական պրոցեսի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը բաց դռների, դիմորդների տեղեկագրերի, տեղեկատվական թերթիկների, առցանց հանդիպումների եղանակով, կրթության իրավունքի մատչելիությունը, կրթաթոշակների կամ զեղչերի տրամադրումը։ Ճիշտ է, համալսարանը տրամադրել է կրթաթոշակներ, սակայն պետության կամ այլ կառույցների կողմից կրթաթոշակ կամ զեղչ չի տրամադրվել:

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի ցածր անվտանգության գոտու խիստ ռեժիմում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ևս մասնակցեց կոնֆերանսին։

Դատապարտյալն իր անձնական օրինակով հավաստեց, որ անցումը պատժողականից վերասոցիալականացման քաղաքականության, որը նաև կառավարության որդեգրած սկզբունքն է, իրագործվում է։ Դրա մասին է վկայում նաև այն, որ 10-ից ավել դատապարտյալ բարձրագույն կրթություն է ստանում, նաև այն, որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը տարաբնույթ դասընթացներ է կազմակերպում, որոնց մասնակցելու համար բազմաթիվ դատապարտյալներ են հերթագրվում։

«Այն փաստը, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է ներկա լինել կոնֆերանսին, արդեն իսկ փաստում է, որ ոլորտում մեծ առաջընթաց կա։ Եթե համեմատենք 1990-ականների կամ 2000-ականների սկզբի հետ, ապա պետք է արձանագրենք, որ բացի թերություններից բավականին մեծ է առաջընթացը»,-ասաց Մհեր Ենոքյանը։

Բարձրագույն կրթություն ստացողների ճնշող մեծամասնությունը ցմահ դատապարտյալներ են, ովքեր դատապարտյալների մեջ ամենախոցելի խումբն են։ Նրանք բարձրագույն կրթություն են ստանում հիմնականում Ուրարտու համալսարանում։ Այս համատեքստում դատապարտյալը կարևորեց համապատասխան պետական կառույցների համագործակցությունը և աջակցությունն այն համալսարաններին, որոնք ձեռք են մեկնում դատապարտյալներին և աջակցում են նրանց վերասոցիալականացմանը։

Նա կարևորեց նաև ընտանիքների աջակցությունը: Ենոքյանի խոսքով՝ նրանք են կրթական նյութերը համալսարանից հիմնարկ տանում-բերում: Դատապարտյալը կոչ արեց «փոստատարի» դերը ընտանիքներին չվերապահել, քանի որ ոմանք ընտանիք չունեն, հետևաբար նյութերը տանող-բերող չունեն և չեն կարողանա ստանալ բարձրագույն կրթություն:

Միայն այն իրողությունը, որ հենց «Արմավիր» ՔԿՀ-ում են ամենաշատ թվով դատապարտյալներ կրթություն ստանում, ցույց է տալիս, որ պայմաններն այդքան էլ նշակություն չունեն, կարևոր է հիմնարկի աշխատակազմի մոտեցումը: Այս առումով պետք է ուշադրություն դարձնել հիմնարկի աշխատակիցների մասնագիտական և մարդկային որակների վրա: Բացի այդ, դատապարտյալը կարևորեց նաև համակարգիչների և համացանցի հասանելիության հարցը։

«Երբ ես 2012 թվականին քննություն հանձնեցի և ընդունվեցի Հայ-ռուսական համալսարան, պատկերացում չունեի, թե համակարգչի հետ ինչպես կարելի է աշխատել։ Որևէ մեկն ինձ չէր բացատրում, չէր սովորեցնում: ՊՈԱԿ-ի դասախոսները սովորեցնում են համակարգիչ, սակայն հիմնարկում համացանցի հասանելիություն չկա: Եթե այդ հասանելիությունը լինի, հարցը կլուծվի կրիչների օգտագործման միջոցով։ Պետք է արձանագրենք, որ դատապարտյալին արտաքին աշխարհից մեկուսացնելով և նրան համակարգչից օգտվելու հնարավորություն չտալով՝ մենք չենք կարող վերասոցիալականացման պրոցեսն արդունավետ իրականացնել»,-նշեց Ենոքյանը։

Խոսելով պայմանական վաղաժամկետ ազատման բալային համակարգի մասին՝ դատապարտյալը նշեց, որ այդ միավորները ստանալը մոտիվացնում է, որպեսզի շատ դատապարտյալներ ցանկանան մասնակցել կրթական ծրագրերին։ Մոտիվացիա է նաև խրախուսանքների կիրառումը, թեև վիճակագրությունը փաստում է, որ ավելի շատ տույժեր են կիրառվում, քան թե խրախուսանքներ։ Դատապարտյալը ևս կիսեց այն մտահոգությունը, որ միավորների մեջ տարանջատում չի կատարվում, հանրակրթական ծրագրերին մասնակցությունը և համալսարանում սովորելը նույն ձևով են գնահատվում, ինչը համալսարան ընդունվելու և սովորելու մոտիվացիան իջեցնում է։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ Հովհաննես Ղուկասյանը ներկայացրեց քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրերի մշտադիտարկման արդյունքները, արձանագրված խնդիրները և դրանց լուծման առաջարկությունները։

Բանախոսի դիտարկմամբ՝ կրթությունը վերասոցիալականացման կարևորագույն կոմպոնենտն է: Այս համատեքստում Ղուկասյանը փաստեց, որ վերջին տարիներին Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մեծածավալ աշխատանք է կատարվել՝ ազատազրկված անձանց կրթության իրավունքն ապահովելու ուղղությամբ: Կարևոր ձեռքբերում էր 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթության հնարավորության ընձեռումը։

«Այս հարցը տարիներ շարունակ բարձրացվել է և՛ ազատազրկված անձանց կողմից, և՛ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Մեր մշտադիտարկման այցերի ժամանակ ազատազրկված անձինք հաճախ նշում էին, որ ուսումը կիսատ են թողել, բայց չգիտեն, թե ինչպես այն շարունակեն։ Հարցը քննարկվել է և՛ Արդարադատության նախարարության, և՛ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Վերջապես ունենք այն արդյունքը, որ հանրակրթությունը հասանելի է դարձել 19 տարեկանից բարձր անձանց»,-մանրամասնեց Ղուկասյանը։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի դիտարկմամբ՝ որոշ հիմնարկներ, օրինակ, «Երևան-Կենտրոն» և «Գորիս» ՔԿՀ-ները, դուրս են մնում կրթական գործընթացից, ինչը կապված է համապատասխան պայմանների բացակայություն հետ՝ համակարգիչների ոչ բավարար քանակ, դասասենյակների ոչ պատշաճ կահավորանք կամ այդ նպատակով նախատեսված տարածքների բացակայություն: Ճիշտ է, «Արթիկ», «Գորիս» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում հասարակական կազմակերպությունների կողմից վերջին տարիներին դասընթացներ կազմակերպվել են, սակայն, բանախոսի դիտարկմամբ, կարևոր է, որպեսզի պետությունը հանրակրթությունը և դասընթացները հասանելի դարձնի բոլոր հիմնարկներում։

Բանախոսն անդրադարձավ նաև կրթության կազմակերպման տեխնիկական հնարավորություններին։ Նշեց, որ «Աբովյան», «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում համակարգիչների խնդիր չկա, բայց մնացած հիմնարկներում համակարգիչների թիվը շատ քիչ է, առկա է 1 կամ 2 համակարգիչ, որով կրթական ծրագրեր իրականացնելը բավականին բարդ է:

Գրադարանների համալրման հետ կապված հարցերը ևս Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են։ Ղուկասյանը նշեց, որ հիմնարկների գրադարանները մասնագիտական և նոր գրականությամբ համալրված չեն: Մինչդեռ գրականությամբ հարալրելը մեծ խթան կարող է լինել ընդունելության, ուսումնառության, ինչպես նաև ուսումը շարունակելու գործընթացներում։

Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա Ղուկասյանը ևս փաստեց, որ վերջին տարիներին քայլեր ձեռնարկվել են, 10-ից ավել ազատազրկված անձ բարձրագույն կրթություն է ստանում: Սակայն խնդիրն այն է, որ բազմաթիվ համալսարաններ դեռևս պատրաստակամություն չեն հայտնում իրականացնելու բարձրագույն կրթություն: ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է խթանել կրթությունը հեռավար ձևաչափով իրականացնելու մեխանիզմը՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Կովիդ-19-ի ժամանակահատվածում կրթությունն այդ տարբերակով բավականին արդյունավետ ձևով կազմակերպվել է, ինչի մասին նշել են նաև ազատազրկված անձինք։

«Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանսը լուսաբանել են «Հետք»-ը, Հանրային ռադիոն, ռեպորտաժներ են պատրաստել FreeNews-ը, Հ1-ի Լուրեր-ը, իսկ Factor TV-ն հեռարձակել է ուղիղ եթերով։    

«Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանսը «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» ծրագրի բաղադրիչներից մեկն է, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.