Skip to content Skip to sidebar Skip to footer

Անհրաժեշտ է կասեցնել պայմանական վաղաժամկետ ազատման հայեցակարգով առաջարկվող փոփոխություններին իրավական ամրագրում տալու գործընթացը

Իրավական նախաձեռնությունների կենտրոնը, ի դեմս կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանի, 2024 թվականի դեկտեմբերի 17-ին մասնակցել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգով նախատեսված բալային համակարգի վերաբերյալ Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված հանրային քննարկմանը։ Ներկայացվել են բալային համակարգի՝ փոփոխությունների ենթակա հիմնական ուղղությունները, 2024 թվականին դրանց փորձնական կիրառման միջոցառումների արդյունքներն ու առավելությունները:

Նշենք, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման նպատակով դեռևս 2023 թվականի դեկտեմբերին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով աշխատանքային խումբ էր ստեղծվել, որում ընդգրկվել են փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ 2024 թվականի մայիսի 15-ին Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հայեցակարգի վերաբերյալ քննարկում, որի ժամանակ ներկայացվել են վերոնշյալ աշխատանքային խմբի կողմից մշակված հայեցակարգի ընդհանուր դրույթներն ու առանձնահատկությունները, ներկա կարգավորումները և առաջարկվող փոփոխությունները։

Կազմակերպության նախաձեռնությամբ հայեցակարգով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ 2 մեդիա քննարկում է կազմակերպվել ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ու շահառու համայնքի ներկայացուցչի մասնակցությամբ։ Բացի այդ, այդ փոփոխությունները մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել կազմակերպության շահառուների կողմից, ովքեր տարբեր տարիների պայմանական վաղաժամկետ ազատվել են պատժի հետագա կրումից կամ ներկայումս պատիժ են կրում քրեակատարողական տարբեր հիմնարկներում, հիմնականում ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում, համատեղ ջանքերով դիտարկումներ և առաջարկություններ են մշակվել, որոնք ներկայացվել են Արդարադատության նախարարությանը։

Մեր մոտեցումն այն է, որ հայեցակարգով առաջարկվող փոփոխությունները ստատիկ, անփոփոխ հիմքերով (մարված տույժեր, հանցագործության բնույթ, ռեցիդիվ և այլն) էականորեն նվազեցնում են միավորների քանակը՝ ամպապնդելով պատժողական մոտեցումները, իսկ գնահատման հարցում խստացնող մոտեցումները վատթարացնում են հատկապես ցմահ դատապարտյալների դրությունը։ Դրանք ակնհայտորեն հետնահանջ են վերասոցիալականացման քաղաքականությունից, պատժողական  քաղաքականության դրսևորում են, հակասում են ՀՀ Սահմանադրությանը և դատապարտյալների վերասոցիալականացմանը և հասարակություն վերադարձնելուն ուղղված գաղափարախոսությանը, ոլորտը կարգավորող միջազգային նորմերին, այդ թվում ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումներին։ 

Հայեցակարգով առաջարկվող փոփոխությունները դատապարտյալների վիճակի ոչ թե բարելավմանը, այլ ակնհայտ վատթարացմանն են միտված։ Այս առումով առավել անբարենպաստ պայմաններ է ստեղծվում ցմահ դատապարտյալների համար։ Հետևաբար մտավախություն ունենք, որ առաջարկվող փոփոխությունների կիրառման հետևանքով ներկայումս կազմվող դրական զեկույցները հետագայում են դառնալ բացասական, իսկ ներկայումս բացասական զեկույցների համար կարող են ստեղծվել արգելքներ՝ դրանք հետագայում դրական դարձնելու ճանապարհին։

Չնայած Քրեակատարողական ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ բալային նոր համակարգի վերաբերյալ հնչեցված հիմնավոր առաջարկություններն ու դիտարկումներն ընդունվել են ի գիտություն՝ խորքային խնդիրներին բազմակողմանի լուծումներ տալու հեռանկարով, այնուամենայնիվ, մեր մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է կասեցնել պայմանական վաղաժամկետ ազատման հայեցակարգով առաջարկվող փոփոխություններին իրավական ամրագրում տալու գործընթացը և հիմք ընդունելով մեր կողմից ներկայացված առաջարկությունները և մտահոգությունները՝ մշակել առավել ընդունելի, այն է թե՝ մարդու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական շրջանակին, այդ թվում՝ Կառավարության որդեգրած վերականգնողական արդարադատության ու վերասոցիալականացման քաղաքականության մոտեցումներին համահունչ մեխանիզմ։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.