Skip to content Skip to sidebar Skip to footer

Դիտորդների խմբի աշխատանքին մասնակցելով՝ կազմակերպությունը նպաստում է Հայաստանում քրեակատարողական համակարգի բարելավմանը

Կարևորելով ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը և հանրային վերահսկողությունը՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ակտիվորեն մասնակցում է քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդների խմբի աշխատանքներին, որը գործում է 2004 թվականից:

Դիտորդների խմբի գործունեության նպատակներն են.

  • Վերահսկել կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պաշտպանությունը, բացահայտել իրավունքների խախտումները, վեր հանված հիմնախնդիրները ներկայացնել հասարակությանը և ՀՀ արդարադատության նախարարությանը, աջակցել քրեակատարողական ծառայության գործունեությանը:
  • Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը և կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:
  • Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակի վերլուծությունները, եզրակացությունները և առաջարկությունները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարությանը և հասարակությանը:
  • Ուսումնասիրել քրեակատարողական օրենսդրությունը, անհրաժեշտության դեպքում համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր մշակելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

Կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը Դիտորդների խմբին անդամակցում է 2017 թվականից և 2017-2022 թվականներին կատարել է վերջինիս այցերի մոտ 50 տոկոսը.

  • 2017 թվական՝ 17 այց – Դիտորդների Խմբի այցերը՝ 38,
  • 2018 թվական՝ 41 այց – Դիտորդների խմբի այցերը՝ 79,
  • 2019 թվական՝ 27 այց – Դիտորդների խմբի այցերը՝ 59,
  • 2020 թվական՝ 21 այց – Դիտորդների խմբի այցերը՝ 37,
  • 2021 թվական՝ 14 այց – Դիտորդների խմբի այցերը՝ 48,
  • 2022 թվական՝ 21 այց – Դիտորդների խմբի այցերը՝ 60:

Ն. Հովհաննիսյանը մասնակցել է նաև Դիտորդների խմբի տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքներին՝ ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկներում արձանագրված հացադուլի, մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի վիճակագրությունը, ազատազրկված ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության դրսևորումները, ազատազրկված անձանց վերասոցիալականացման և կրթության կազմակերպման, արտաքին աշխարհի հետ կապի և զբոսանքի հնարավորությունները, նրանց նկատմամբ կիրառված խրախուսանքները և տույժերը:

2017 թվականի տարեկան զեկույց 

Թեմաներ՝ «2011-2017թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրված հացադուլի, մահվան դեպքերի, ինքնասպանության և ինքնավնասումների դեպքերի վիճակագրություն», «Խմբի գործունեության այլ բաղադրիչներ. Խմբի գործունեության խոչընդոտումներ»

2018 թվականի տարեկան զեկույց 

Թեմաներ՝ «Խտրականության դրսևորումներն ազատազրկված ԼԳԲՏ անձանց նկատմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում», «ՔԿՀ-ներում արձանագրված հացադուլի, մահվան, ինքնասպանության և ինքնավնասումների դեպքերը 2018 թվականին և վիճակագրական վերլուծություն նախորդ տարիների համեմատությամբ», «Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները. Քննիչի որոշմամբ չի կարող արգելվել դիտորդների խմբի հանդիպումը կալանավորված անձանց հետ», «Խմբի գործունեության այլ խոչընդոտումներ.ՀՀ արդարադատության նախարարությունը Դիտորդների խմբի իրավասությանը նեղ մեկնաբանություն է տալիս»

2019 թվականի տարեկան զեկույց 

Թեմաներ՝ «Վերասոցիալականացման հնարավորությունները ՔԿՀ-ներում», «Արտաքին աշխարհի հետ կապը», «Ազատազրկված անձանց նկատմամբ կիրառված խրախուսանքները և տույժերը»

2020 թվականի տարեկան զեկույց

Թեմաներ՝ «Արտաքին աշխարհի հետ կապը», «Վերասոցիալականացման հնարավորությունները ՔԿՀ-ներում»

Կարևորելով արձանագրված հիմնախնդիրների բարձրաձայնումը՝ Ն. Հովհաննիսյանը մասնակցել է աշխատանքային քննարկումների:

2022 թվականի ապրիլի 1-ին մասնակցել է աշխատանքային հանդիպման, որը տեղի է ունեցել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում՝ Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի, Ծառայության ղեկավար անձնակազմի և Դիտորդների խմբի անդամների մասնակցությամբ: Քննարկվել են Դիտորդների խմբի գործունեության ընթացքում հայտնաբերված թերությունները, դրանց լուծման ուղիները և ժամկետները, քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացման հեռանկարները, կարևորվել են դատապարտյալների զբաղվածության ստեղծման հնարավորությունները, քրեակատարողական ծառայողների բավարար հմտությունների և գիտելիքների ապահովումը, անդրադարձ է եղել ազատազրկված անձանց վերասոցիալականացման խնդիրներին, մասնավորապես նկատվել է դրական տեղաշարժ քրեակատարողական հիմնարկների կողմից կրթական դասընթացների կազմակերպման և անցկացման գործընթացում:

Նա քրեակատարողական հիմնարկներում արձանագրված խնդիրները հանրայնացրել է նաև տարբե լրատվամիջոցներում:

«Բանտը չի ուղղում»․ Հայաստանում վաղաժամկետ ազատ արձակման որոշումներ հազվադեպ են ընդունվում

«ՔԿՀ ում որևէ անձ չպետք է ենթարկվի անմարդկային վերաբերմունքի»

«Խափանման միջոցի ընտրությունն էլ պետք է հիմնավորված լինի, ինչը որոշ դեպքերում այդպես չի լինում»

«Դատապարտյալների սնունդը մատուցվում է խախտումներով»

2022 թվականին քրեակատարողական հիմնարկներ կատարած ակտիվ այցերի համար Ն. Հովհաննիսյանը շնորհակալագրի է արժանացել:

Հաշվետու տարում ակտիվորեն մասնակցել է Դիտորդների խմբի նիստերին և աշխատանքային քննարկումներին, որոնց ընթացքում քննարկվել են տարեկան ծրագրերն ու անելիքները, մշտադիտարկման գործիքակազմերը, տարեկան զեկույցի կազմման աշխատանքները, պլանային այցերը և դրանց արդյունավետ կազմակերպումը, նոր անդամների ներգրավումը և այլն: Օրակարգային հարցերը վերաբերել են նաև պլանային այցերի ժամանակ խոչընդոտների առաջացման դեպքում համապատասխան արագ արձագանքման միջոցներ ձեռնարկելուն, մշտադիտարկման նոր գործիքների ստեղծմանը և կիրառմանը:

Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի արդյունքում և տարեկան զեկույցներում բացահայտված հիմնախնդիրների կարգավորման առնչությամբ Դիտորդների խումբը տարաբնույթ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությանը:

Ներկայացված առաջարկությունները և արձանագրումները տեղ են գտել ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ և քաղաքականության փաստաթղթերում, ուրվագծել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարության շրջանակները:    

Ակնկալում ենք, որ կազմակերպության ջանքերի ներդրումը կնպաստի քրեակատարողական հիմնարկներում հանրային վերահսկողության ուժեղացմանը՝ այդպիսով նպաստելով քրեակատարողական համակարգի բարելավմանը Հայաստանում: 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.