Ուրախ ենք տեղեկացնել, որ 2025 թվականի մարտից Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ մեկնարկել ենք «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է փոխել հասարակության ընկալումներն ազատազրկված կանանց վերաբերյալ և նրանց ձայնը լսելի դարձնել քրեական արդարադատության համակարգում՝ այն զգայուն դարձնելով վերջիններիս ներհատուկ կարիքների նկատմամբ։
Նախատեսում ենք աշխատել ազատազրկված 15 կնոջ հետ և հավաքագրել նրանց անձնական փորձառությանը վերաբերող պատմությունները, որոնք կհրապարակվեն կազմակերպության կայքում և կամփոփվեն տպագիր գրքում։ Այդ պատմությունները կվերաբերեն կանանց ազատազրկման փորձառությանը՝ ներառելով թեմաներ այն մասին, թե կանայք ինչ են թողել ազատության մեջ, ինչ են կորցրել, ինչ են սովորել ազատազրկվելուց հետո, ինչն է փոխվել իրենց մեջ կամ վերաիմաստավորվել, ինչպես են հարմարվել բանտային պայմաններին, ինչ ուղերձ ունեն հասարակությանը։
Նախքան պատմությունների հրապարակումը նախատեսել ենք կանանց հետ 3 հիմնական ուղղությամբ աշխատել՝ զարգացնելով գրելու տեխնիկական հմտությունները, բարձրացնելով իրազեկվածությունը և նպաստելով նրանց ինքնազարգացմանն ու անձնային աճին։
Տեխնիկական հմտությունների զարգացման համատեքստում նախատեսում ենք հանդիպումներ ունենալ սթորիթելինգի և գրավոր տեքստի կառուցման թեմաներով։ Բացի օգնելուց, որպեսզի կանայք հնարավորինս գրագետ ձևով ներկայացնեն իրենց փորձառությունը, այդ դասընթացները նաև թերապևտիկ բնույթ կունենան։ Իրենց պատմությունը ներկայացնելով՝ կանայք կարող են հասնել զղջման, ափսոսանքի, ազատության կորստի գիտակցման և ազատության կարևորման։ Բացի այդ, իրենց կյանքի քաղած դասը և փորձառությունն այլոց փոխանցելով՝ իրենց արժևորված կզգան և ներքին համոզմունք կունենան, որ այլ անձինք չեն կրկնի իրենց սխալը և չեն հայտնվի անազատության մեջ։ Եվ որ ամենակարևորն է, այդ պատմությունները և փորձառությունը լսելով՝ հասարակությունն ավելի զգայուն և կարեկից կդառնա կանանց նկատմամբ, ինչը կօգնի անտարբերության, մերժման, խտրական վերաբերմունքի հաղթահարմանը՝ հետագայում դրական անդրադառնալով ոչ միայն կանանց, այլև ազատազրկված մյուս անձանց հասարակության մեջ վերաինտեգրվելու պրոցեսին։
Ենթադրելով, որ իրենց մտքերի կամ խնդիրների ձևակերպման հարցում կանայք կարող են թերանալ, նախատեսել ենք դասընթաց իրավագիտակցության բարձրացման թեմայով։ Նաև հասկանալով, որ ազատազրկման և դրա հետ կապված փորձառության վերապրումը կարող է որևէ ձևով տրավմատիզացնել կանանց, հոգեբանական դասընթացների շարք ենք նախատեսել ենք ինքնաճանաչման և հույզերի ճանաչման, հուզական բարեկեցության, անձնական աճի և դրական ինքնընկալման վերաբերյալ։
Հավելենք, որ կազմակերպությունը մշտապես հետամուտ է ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների իրավունքների պաշտպանությանը, նրանց բարեկեցության ապահովմանը և վերասոցիալականացմանը։ Այդ ուղղությամբ նախորդ տարում մի շարք ծրագրեր է իրականացրել։
- Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Առողջ հոգի՝ առողջ մարմնում» ենթադրամաշնորհային ծրագիրը, որն ուղղված էր ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցությանը և առողջության ամրապնդմանը։ Կազմակերպվել են առողջ ապրելակերպի և առողջության պահպանման, հույզերի և կոնֆլիկտների կառավարման, դրական ծնողավարման թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցել են ազատազրկված 12 կին և պրոբացիայի 15 կին շահառու։ Ազատազրկված կանանց անձնական փորձառությունների և առավել շատ հուզող խնդիրների մասին 5 փոդքաստ է պատրաստվել, որոնք տեղադրվել են Կազմակերպության կայքում և յութուբի ալիքում։ Ծրագրի իրականացման ընթացքում բացահայտված խնդիրների հիման վրա կազմվել է պրոբացիայի կին շահառուների և ազատազրկման դատապարտված կանանց վիճակի բարելավման վերաբերյալ քաղաքականության համառոտագիր։
- Կատարել է Հայաստանում առաջին հետազոտությունը, որը վերաբերում է կալանավորված և դատապարտված կանանց շրջանում COVID-19 համավարակի ազդեցությանը։
- Կատարել է քրեակատարողական համակարգում գենդերագայուն քաղաքականության մշակման և կիրառման վերաբերյալ հետազոտություն։
- Ուսումնասիրել է ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների սեռական և վերարտադրողական առողջության հիմնախնդիրները։
- Պատրաստել է քրեակատարողական և պրոբացիայի համակարգում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքման քաղաքականության փաստաթուղթ։