Ուրախ ենք տեղեկացնել, որ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ առաջին համագործակցության շրջանակում 2024 թվականի ապրիլից մեկնարկել է նոր ծրագիր՝ «Փոխակերպելով ազատազրկված ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում»։
Ծրագրի նպատակն է նպաստել ազատազրկված ԼԳԲՏ անձանց բարեկեցությունը և պաշտպանել նրանց իրավունքները՝ բարելավելով քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և առողջապահական ծառայությունների որակը և հասանելիությունը։
Նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների սոցիալական աշխատողների, հոգեբանների և բուժաշխատողների համար մշակել ուղեցույց՝ աջակցելու նրանց աշխատանքին ազատազրկված ԼԳԲՏ անձանց հետ: Ձեռնարկը տրամադրվելու է բոլոր քրեակատարողական հիմնարկներին։
Նշենք, որ կազմակերպությունը հետամուտ է ազատազրկված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը և նրանց վերասոցիալականացմանը։ Այդ համատեքստում ծավալուն աշխատանք է կատարել։
- Ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների ուսումնասիրությանը նվիրված հետազոտական հոդված է պատրաստել, որի արդյունքները ներկայացվել են տարբեր հեռուստաթողարկումների և մամուլի ասուլիսների ժամանակ։
- Ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրների ուսումնասիրության համատեքստում անդրադարձել է ԼԳԲՏ անձանց։ Նրանց վերասոցիալականացմանը վերաբերող առանձնահատկությունները ներառվել են ամփոփիչ զեկույցի մեջ, ինչպես նաև հանրայնացվել են տեսաֆիլմի միջոցով։
- Պատրաստել է «Ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները Հայաստանում» զեկույցը, որն այս խմբի անձանց վերաբերող առաջին համապարփակ ուսումնասիրությունն է։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են փակ քննարկման ժամանակ, որին մասնակցել են ներկայացուցիչներ Քրեակատարողական ծառայությունից, Քրեակատարողական բժշկության կենտրոնից և ոլորտային հասարակական կազմակերպություններից։
- Վերապատրաստել է քրեակատարողական հիմնարկների հոգեբաններին, սոցիալական աշխատողներին և բուժաշխատողներին, նրանց համար աշխատանքային ձեռնարկ է մշակել՝ այդ մասնագետների զգայությունը բարձրացնելու, նրանց մասնագիտական կարողությունները զարգացնելու, ազատազրկված ԼԳԲՏ անձանց համար ապահով սոցիալ-հոգեբանական և առողջապահական ծառայությունների հասանելիություն ապահովելու համար։
- ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ Հայաստանի 2021 և 2022 թվականների զեկույցներում խոցելի խմբերի անձանց իրավունքներին անդրադառնալիս հղում է կատարվել կազմակերպության հետազոտություններին։ Կարևորվել է այն հանգամանքը, որ նշված խմբի անձանց իրավունքները և նրանց վիճակի բարելավումը պետության համար առաջնահերթ չեն, հետևաբար ներառված չեն ոլորտին առնչվող պետական ծրագրերում, ռազմավարություններում կամ հաշվետվություններում:
2022 և 2023 թվականներին մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայրում կազմակերպված ընդունելությանը՝ տոնելու ԼԳԲՏ Հպարտության ամիսը։ Տոնակատարության նպատակն է հասնել լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և սեռական ու գենդերային բազմազան այլ անձանց համար հավասար արդարադատության և հավասար հնարավորությունների։ Այն հնարավորություն է ևս մեկ անգամ ճանաչելու պատմության ընթացքում ԼԳԲՏ համայնքի անձանց ունեցած ազդեցությունը, գնահատելու նրանց ձեռքբերումները և քննարկելու մարտահրավերները։ Ողջունելի է այն, որ ազատազրկված ԼԳԲՏ անձինք դիտարկվում են որպես համայնքի մաս, և համայնքին նվիրված տոնի շրջանակում միջազգային գործընկերների կողմից կարևորվում են կազմակերպության աշխատանքը և ջանքերը՝ ուղղված ազատազրկված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը և վիճակի բարելավմանը։
- Կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը տեղական գործընկերների հրավերով մասնակցել է մի շարք միջոցառումների, հարցազրույցների, քննարկումների և տեսաֆիլմերի նկարահանումների՝ բարձրաձայնելով ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնահարցերի մասին։ Այս համատեքստում կարևոր է Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիային անդամակցությունը, որը ևս ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնահարցերը միջազգային գործընկերներին ներկայացնելու հարթակ է տրամադրում։
- Որպես քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդների խմբի անդամ՝ կազմակերպության նախագահը մասնակցել է մամուլի ասուլիսների և հեռուստառեպորտաժների՝ խոսելով ազատազրկված ԼԳԲՏ անձանց հիմնահարցերի մասին, ուսումնասիրել է ազատազրկված ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության դրսևորումները, ինչը տեղ է գտել խմբի 2018 թվականի տարեկան զեկույցում։
- Ուշադրություն է դարձրել ազատազրկված տրանս անձանց՝ հաշվի առնելով նրանց առանձնակի խոցելիությունը։ Քրեակատարողական հիմնարկներում նրանց կողմից առերեսված խնդիրների մասին բարձրաձայնել է տեսաֆիլմի և հոդվածի միջոցով։